ՈՒրբաթ, 17 օգոստոսի

Ամառանոց Սեւանում, 600-հոգանոց աշխատակազմ. արտոնություններ նախագահի ու վարչապետի համար



Արդարադատության նախարարությունը «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծ է մշակել, որով սահմանված են նաեւ ապագա նախագահի ու վարչապետի, ինչպես նաեւ ԱԺ ու ՍԴ նախագահների եւ նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները:  

Հանրապետության նախագահն իրավունք ունի իր աշխատակազմը համալրել առավելագույնը 180 աշխատակցով: Նախագահի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ տարեկան առավելագույնը 75 միլիոն դրամի չափով: Ֆոնդի միջոցները կտնօրինի նախագահը:

Նախագահի նստավայրը կլինի Մաշտոցի 47 հասցեում՝ Կառավարության ընդունելությունների տանը, «Պոնչիկանոցի» հարեւանությամբ, որը ներկայումս հիմնանորոգման մեջ է: Նախագահին կտրամադրվի նաեւ ծառայողական առանձնատուն Երեւանի Ձորափի 74 հասցեի 4-րդ մասնաշենքում, պետական ամառանոց Սեւանի թերակղզու պետական ամառանոցի 1-ին մասնաշենքում, ինչպես նաեւ հատուկ նշանակության ավտոտրանսպորտ: Նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով կառանձնացվի անձնական բժիշկ:

Արդեն պաշտոնաթողությունից հետո՝ նախագահին կտրամադրվի ավտոտրանսպորտ եւ կահավորված գրասենյակ: Այս վերջինը՝ նրա ցանկությամբ: Պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորումը կիրականացվի գործող նախագահի աշխատակազմին պետբյուջեի հաշվին հատկացված միջոցներից: Պաշտոոնաթող նախագահի գրասենյակի գործունեության ապահովման համար կտրամադրվի ոչ ավել, քան երեք հաստիքային միավոր, որոնք ընդգրկվում են հանրապետության նախագահի աշխատակազմի հաստիքացուցակում: Պաշտոնաթող նախագահի` մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավել, քան տասը օր ընդհանուր տեւողությամբ այցի ծախսերը կհատուցվեն պետբյուջեից:

Պաշտոնաթող նախագահի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, կնշանակվի հատուկ կենսաթոշակ` հանրապետության նախագահի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով: Իսկ եթե պաշտոնաթող նախագահը զբաղեցնի ընտրովի կամ նշանակովի պաշտոնի եւ ստանա կենսաթոշակի չափը գերազանցող վարձատրություն, ապա հատուկ կենսաթոշակից կզրկվի: Եթե նոր պաշտոնում վարձատրությունը լինի նշված չափից ցածր, ապա որպես կենսաթոշակ կստանա հատուկ կենսաթոշակի եւ աշխատավարձի բացասական տարբերության չափով:

Կառավարությունը կորոշի, թե որտեղ լինի նոր վարչապետի նստավայրը: Ամեն դեպքում, վարչապետին սպասարկման նպատակով կտրամադրվի նստավայր Երեւանի Բաղրամյան 26-ում՝ ներկայիս նախագահական նստավայրում:

Վարչապետի աշխատակազմում կարող է լինել մինչեւ 600 աշխատակից: Դա՝ ըստ վարչապետի հայեցողության: Վարչապետի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ տարեկան մինչեւ 150 միլիոն դրամի չափով, որը կտնօրինի վարչապետը:

Վարչապետը եւ նախագահը կլինեն հարեւաններ Ձորափի 74 հասցեում: Ինչպես նշեցինք, նախագահին որպես ծառայողական առանձնատուն կհատկացվի 4-րդ մասնաշենքը, իսկ 3-րդը՝ վարչապետին: Նրանք հարեւաններ կլինեն նաեւ Սեւանի ամառանոցներում: Վարչապետը կունենա նաեւ հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով կառանձնացվի անձնական բժիշկ:

Վարչապետը կարող է ամբողջությամբ կամ մասամբ հրաժարվել ծառայողական առանձնատնից եւ Սեւանի ամառանոցից, նա նաեւ կարող է որոշել, թե է՛լ որ բարձրաստիճան պաշտոնյաներն օգտվեն իր համար նախատեսված ինքնաթիռից եւ ուղղաթիռից:

Ազգային ժողովի նախագահին եւ Սահմանադրական դատարանի նախագահին կտրամադրվի ծառայողական առանձնատուն Երեւանում` համապատասխան սպասարկմամբ: Վարչապետի որոշմամբ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կարող է տրամադրվել ծառայողական առանձնատուն Երեւանում` համապատասխան սպասարկմամբ:

Ազգային ժողովի նախագահը կարող է ունենալ պահուստային ֆոնդ ոչ ավել, քան տարեկան 50 միլիոն դրամի չափով, որը կտնօրինի հենց նա:

Նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, պաշտոնաթող հանրապետության նախագահը, ինչպես նաեւ նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել Հայաստանի օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից: Առանձին դեպքերում հատուկ սրահից կարող են օգտվել նաև այլ անձինք՝ վարչապետի որոշմամբ սահմանված կարգով:»:

Օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ