HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Լրագրողների ներկայությունն անակնկալի էր բերել Ախուրյան համայնքի ղեկավարին

Ախուրյան խոշորացված համայնքի հունվարի 29-ի ավագանու նիստը, որ սկսվել էր կեսօրին, ձգվեց մինչեւ աշխատանքային օրվա ավարտը: Օրակարգում ընդգրկված 14 առաջարկից ավագանին հասցրեց քննարկել 7-ը, այն էլ ոչ թե հերթականությամբ, այլ՝ որոշակի առաջնահերթությունից ելնելով: Բայց սա ավագանու նիստի միակ բացառիկությունը չէր: Նիստը սկսելուց 10 րոպե անց, երբ պարզվեց, որ առնվազն երեք լրատվամիջոց պատրաստվում է լուսաբանել, Ախուրյան համայնքը նախկինում 21 տարի ղեկավարած Արծրունի Իգիթյանը նշեց, որ «հյուրեր» ունեն ու որոշեց քվեարկության դնել հարցը՝ նիստն անցկացնել դռնբաց, թե դռնփակ: Ավագանու 15 անդամից նիստին այդ պահին ներկա էին 11-ը (եւս 2 անդամ միացան ուշացումով), նրանցից 6-ը քվեարկեց նիստը դռնբաց անցկացնելու օգտին: Համայնքի ղեկավարը հայտարարեց, որ «հյուրերը» կարող են ներկա գտնվել նիստին:

Թերեւս ամենածավալուն քննարկումները եղան 2018թ-ի բյուջեի շուրջ: Բազմաթիվ հարցերից զգացվեց, որ ավագանու անդամների 90 տոկոսը նախօրոք չի ուսումնասիրել բյուջեի նախագիծը, նրանցից շատերը ներկա չէին նաեւ հունվարի 26-ի հանրային քննարկմանը: Խոշորացումից հետո համայնքում միավորվել է 8 բնակավայր: Ներկայում 17 հազար բնակիչ ունեցող համայնքի բյուջեի եկամտային մասը 483 մլն դրամ է, ծախսայինը՝ 556 մլն դրամ: Պետության կողմից հատկացվող դոտացիան պակասել է 500 հազար դրամով՝ կապված բնակչության թվի նվազման հետ: Ըստ բնակավայրերի բնակչության թվի նվազման հստակ պատկերը համայնքի ղեկավարը չուներ՝ հրապարակեցին միայն Ախուրյանի տվյալները՝ մեկ տարվա ընթացքում 9 հազար 317 բնակչից նվազել է 9 հազար 256-ի:

Համայնքի խոշորացման արդյունքում վարչական ապարատը 7 բնակավայրում կրճատվել է: Նախկին համայնքապետարանների աշխատակազմը կրճատվել է 8-ով՝ 35-ից նվազելով 27-ի, արդյունքում տնտեսել են 26 մլն դրամ: Բյուջեի քննարկման ժամանակ խոսվեց մի քանի ծրագրերի մասին, որոնց մի մասի հիմքը դրվել էր դեռեւս նախկին համայնքապետերի օրոք՝ Արեւիկի մանկապարտեզի վերակառուցումը, Բասենի մանկապարտեզի երկրորդ հարկի հիմնանորոգումը եւ այլն: Երեքժամյա քննարկումից հետո, ավագանին հաստատեց բյուջեն` 12 կողմ եւ մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ: Դեմ քվեարկած ավագանու անդամն ընտրված էր Կառնուտ գյուղից: Նիստի ժամանակ նա որեւէ կերպ չարտահայտեց իր դժգոհությունը, սակայն դեմ քվեարկելը հետո մեկնաբանեց Կառնուտում որեւէ աշխատանք չիրականացնելու հանգամանքով:

Կառնուտ գյուղում 2018թ-ին համայնքապետարանի կողմից իրականացվելիք որեւէ ծրագրի մասին չէր խոսվել նաեւ բյուջեի հանրային քննարկման ժամանակ, դրա փոխարեն ավագանու նիստի ավարտին արագացված կարգով՝ շրջանցելով մյուս հարցերը, քննարկվեց օրակարգի 14-րդ կետը, որ վերաբերում էր նշված գյուղի վարչական տարածքում գտնվող անդեզիտի հանքի ընդլայնմանը: Հանքը շահագործում է ճանապարհաշինությամբ զբաղվող «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն: Թեպետ նախագծում նշված էր, որ եղել է հանրային բաց լսում հայտի հետ կապված, սակայն հստակեցված չէր, թե երբ եւ որտեղ, համայնքների խոշորացումից առաջ, թե հետո: Օրակարգի 14-րդ կետը ներկայացրեց նույն կազմակերպության աշխատակից, ավագանու անդամ Լադիկ Ղազարյանը: Ավագանին առանց լրացուցիչ հարցադրումների կողմ քվեարկեց առաջարկին, քանի որ աշխատանքային օրն ավարտվում էր:

Ավագանու նիստին ներկա էր նաեւ տեր Կորյուն քահանան եւ նրա խնդրանքով օրակարգի 9-րդ կետի քննարկումը եւս առաջ մղվեց՝ շրջանցելով մյուսներին: Նախքան խոշորացումը, Արեւիկ համայնքում մշտապես ծրագրեր իրականացնող «Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն դիմել էր նախկին համայնքապետին՝ համաֆինանսավորմամբ, գյուղում գործող կաթողիկե եկեղեցում ջերմամեկուսիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով: Կազմակերպությունը պատրաստվում է ներդնել 6 մլն դրամ եւ 1 մլն դրամ աջակցություն է ակնկալում համայնքից:

Խոշորացումից հետո հարցն օրակարգից չէր հանվել՝ ընդհակառակը, օգտվելով առիթից, ջեռուցման ծախսի բացերը լրացնելու նպատակով դիմել էր նաեւ Ախուրյանի եկեղեցու քահայանապետը: Ավագանին որոշեց բավարարել Արեւիկ գյուղի եկեղեցուն հատկացվելիք 1 մլն դրամի եւ Ախուրյանի եկեղեցու ջեռուցման պարտքը փակելու նպատակով 200 հազար դրամի խնդրանքը:

Օրակարգում ընդգրկված 5-րդ առաջարկի քննարկումը տեղափոխվեց հաջորդ նիստի օրակարգ: Մարզպետին կից գործող երիտասարդական խորհրդի կազմում համայնքից երիտասարդ ներկայացուցիչ ունենալու համար մարզպետարանի հայտարությանն արձագանքած մեկ հայտատուի հարցը քննարկելիս եղան տարաձայնություններ: Արեւիկ գյուղից ընտրված ավագանու անդամ Հովհաննես Մաթոսյանը նկատեց, որ նորմալ իրազեկում չի իրականացվել, եւ վստահ է, որ մյուս բնակավայրերի երիտասարդները տեղեկացված չեն, այլապես չէին ունենա մեկ հայտատու Ախուրյանից:

Նա առաջարկեց հարցի քննարկումը հետաձգել, կազմակերպել նորմալ իրազեկում եւ ժամանակ տալ գյուղերի երիտասարդներին հանդես գալ նախաձեռնությամբ: 5 կողմ, 2 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցի քննարկումը հետաձգվեց: 11 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ավագանին քվեարկեց լրացուցիչ իրազեկման եւ հարցն ավագանու հաջորդ նիստի օրակարգում ընդգրկելու օգտին:

Այս ավագանու նիստում քննարկվեց նաեւ «Ախուրյանի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության հաստիքացուցակը եւ տնօրենի թեկնածությունը հաստատելու հարցը: Ավագանին միաձայն կողմ քվեարկեց տնօրենի պաշտոնում համայնքապետի առաջադրած թեկնածուի՝ Հենրիկ Մազմանյանի օգտին: Արագ կարգով քննարկվեց եւ միաձայն հաստատվեց նաեւ օրակարգի 10-րդ հարցը՝ սոցիալական ներդրումների եւ տարածքային զարգացման ծրագրին մասնակցության հայտը՝ 8 միավոր տեխնիկա գնելու համար: Ծրագրի արժեքը 250 մլն դրամ է, համայնքի ներդրումը կազմելու է 30 մլն դրամ:

Ավագանու նիստի ժամանակ քննարկվեց նաեւ ապառքների հարցը: 8 բնակավայրից պարտքի կուտակման առումով ցուցակը գլխավորում է Ախուրյանը, 2-րդ պատվավոր տեղում Կամո գյուղն է (39 մլն դրամ): Հենց այս բնակավայրից էլ նոր ձեւավորված համայնքապետարանը որոշել է սկսել դատական վարույթների հարուցման գործընթացը: Կամո գյուղի 56 ընտանիքի գործերը շուտով կհայտնվեն դատարանում, եթե չմարեն կուտակած պարտքը` տույժ-տուգանքներով: Բոլոր պարտքատերերին ուղարկվել են նախազգուշական գրություններ:

Չքննարկված օրակարգային 6 որոշումները կընդգրկվեն փետրվարի 12-ին կայանալիք նիստի օրակարգում:

 

Մեկնաբանություններ (1)

Մելիք Բալյան
Էն գլխից էր պարզ ինչ անմիտ ,,ինքնակառավարման,, ձեւ է ընտրված: Մեկ-երկու անգամ ավագանու թարմ անդամները նիստի կգան իհարկե, հետո կամաց կթարգեն: Ինչու՜- շատ պարզ, իսկ ինչու պիտի իրենք անվճար ժամանակ վատնեն գյուղից գյուղ էլ երթան! Եւ կլինի այն, ինչը լինում էր առաջ, եւ նախատեսված էր լինելու՝ ինքնակառավարման փոխարեն կունենանք վերեւից ,,դաբրո,, ստացած մի թագավորիկ, որի միջոցով էլ ամբոխին կքշեն ոնց ուզեն! Да, Чукча не дурак! Այսպիսով, այս գործի միակ խանգարողները (վիրտուալ) կմնան լրագրողները!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter