Կիրակի, 27 մայիսի

Սահմանադրական դատարանը բավարարեց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի դիմումը (լրացված)



Սահմանադրական դատարանն (ՍԴ) այսօր՝ հունվարի 30-ին, բանավոր ընթացակարգով քննության առավ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության` ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի եւ 7-րդ մասի դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումը: Դատարանը Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչեց ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասը, որով համայնքային հողերի փակ աճուրդ-վաճառք է սահմանված:

Հիշեցնենք, որ հարցի «հասարակական մեծ հնչեղությունը»  նկատի ունենալով` ՍԴ նախագահի 2017թ․ սեպտեմբերի 27-ի որոշման համաձայն՝ գործի դատաքննությունն իրականացվեց բանավոր ընթացակարգով: Ավելի քան երկու ժամ տեւած իրավական բանավեճն ավարտվեց դիմող կողմի հաղթանակով, որի ներկայացուցիչները դատարանում Արտակ Զեյնալյանը եւ Արա Ղազարյանն էին:

Դատաքննության ընթացքը եւ ՍԴ որոշման մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:

ԼՐԱՑՎԱԾ

Գործով զեկուցող, ՍԴ անդամ Կիմ Բալայանը դատարանին հայտնեց, որ դիմումի քննության նախապատրաստական փուլում հարցում է կատարվել տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին: Տրված 3 հարցերից մեկով խնդրել են պարզաբանել, թե հողերի աճուրդին կողմ չհանդիսացող անձինք կարո՞ղ են մասնակցել աճուրդին, եւ պատասխանը բացասական է եղել: Մեկ այլ հարցով ճշտել են, թե աճուրդին կողմ չհանդիսացողները կարո՞ղ են ձայնագրառում եւ տեսանկարահանում պահանջել, որին դարձյալ բացասական պատասխան է տրվել:

Դիմող կողմի ներկայացուցիչը՝ իրավաբան, ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանը դատարանին ներկայացրեց դիմումի հիմնավորումները: «Հողն ազգային հարստություն է եւ այն ժողովրդի սեփականությունն է»,- հիշեցրեց իրավաբանը: Համայնքն ունի իր հայեցողությամբ իր գույքն օտարելու իրավունք, բայց որպեսզի այդ հնարավորությունն ունենա, պետք է կարողանա վերահսկել գույքի օտարումը։ Սակայն, չի կարողանում իրացնել իր իրավունքը, որովհետեւ ՀՀ «Հողային» օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է. «Հայտերի ընդունումը եւ մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ: Աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը եւ արձանագրողը»:

Նույն հոդվածի 7-րդ մասը ամրապնդում է այլ անձանց արգելքը՝ «Աճուրդը սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է»:

Արա Ղազարյանը, պատասխանելով դատարանի՝ դիմող կողմի ներկայացուցիչներին ուղղված հարցերին, հայտնեց, որ իրենք տեղեկատվություն ստանալը դիտարկում են որպես նպատակին հասնելու միջոց: Համայնքը փորձում է վերահսկել գույքի օտարումը եւ նրա համար կարեւոր չէ, թե ով է գնում գույքը, այլ՝ ինչպես է գնում: Լրագրողները ցանկանում են տեսնել, թե ինչ է տեղի ունենում ներսում, իսկ ներսում խախտվում է օրենքը: Նշված օրենքը բացարձակ արգելք սահմանելով` խախտում է համայնքի իրավունքը:

փաստաբաններ Արտակ Զեյնալյանն ու Արա Ղազարյանը(ձախից)

Ա. Ղազարյանն ընդգծեց, որ քաղաքացիական հասարակության ինստիտուտների, լրագրողների կողմից համայնքային հողերի աճուրդ-վաճառքներին ներկա գտնվելը եւ դրանց ուսումնասիրությունը, դիտարկելն ու լուսաբանելը բոլորովին պարտադիր չէ, թե կհանգեցնի չարաշահումների կամ կոռուպցիոն երեւույթների բացահայտման: Այն կարող է հանգեցնել նաեւ «լավ կառավարման» օրինակների բացահայտմանը, ինչը եւս կարեւոր է համայնքի բնակիչների մոտ ընտրական կամք ձեւավորելու, համայնքային իշխանությունների կառավարման որակների նկատմամբ քաղաքացիական դիրքորոշում ձեւավորելու տեսակետից:

Այդ մասնակցությունը պետք է ամրապնդվի այնպիսի միջոցների օգնությամբ, ինչպիսիք են.

ա) թափանցիկության ուժեղացումը եւ որոշումների ընդունման գործընթացներում բնակչության ներգրավմանն աջակցելը,

բ) բնակչության համար տեղեկատվության նկատմամբ արդյունավետ մուտք ապահովելը:

Նիստը նախագահող ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ գործով պատասխանող ճանաչված Ազգային ժողովից ստացվել է եզրակացություն՝ ԱԺ նախագահի վավերացմամբ: Հայտնել են, թե համամիտ են դիմողների տեսակետի հետ, որ Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասը հակասահմանադրական պետք է ճանաչել: ԱԺ ներկայացուցիչը, սակայն դատաքննության ընթացքում փոխեց իր տեսակետը եւ հայտնեց, թե խնդիրը իրավակիրառ պրակտիկան է, եւ հիշյալ հոդվածը Սահմանադրության հետ հակասություն չունի: Դատավորները տարակուսեցին պատասխանողի ներկայացուցչի հայտնած տեսակետից եւ հարցերով փորձեցին ճշտել, թե երբվանից փոխվեց նրա տեսակետը քննվող հարցի վերաբերյալ, եւ ՍԴ-ն ո՞րը պետք է հիմք ընդունի՝ ԱԺ նախագահի վավերացմամբ դատարանին ներկայացված գրավոր եզրակացությունը, թե՞ ԱԺ ներկայացուցչի` դատարանում հնչեցրած տեսակետը:

ԱԺ ներկայացուցիչը հայտնեց, որ եզրակացությունը գրվել է 2 ամիս առաջ, որից հետո շարունակել է ուսումնասիրել դիմումում ներկայացված պահանջները եւ այլ եզրահանգման է եկել: Դատարանին խնդրեց հիմք ընդունել գործի բանավոր քննության ժամանակ իր հայտնած տեսակետը` որպես Ազգային ժողովի տեսակետ:

Դատաքննության ընթացքում դարձյալ երկարատեւ քննարկվեց աճուրդին «մասնակցել» եւ «ներկա գտնվել» իրավական եզրույթները, որը քննության առարկա էր դարձել դեռեւս վարչական դատարանում: Օրենսդիրը գործածել է աճուրդին «մասնակցում» են եզրույթը, ինչը վերաբերվում է գրանցված՝ աճուրդում հաղթող ճանաչվելու հնարավորություն ունեցող անձանց, կազմակերպչին եւ արձանագրողին եւ չի վերաբերվում՝ այդ կարգավիճակը չունեցող անձանց, դիցուկ՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներին, լրագրողներին եւ այն: «Օրենքը կողմնակի ոչ մի անձի աճուրդին ներկա գտնվելու հնարավորություն չի տալիս, եւ մեր նպատակն այս պատը ճեղքելն է»,- հայտնեց Ա. Զեյնալյանը:

Դատարանը դիմողներից ցանկացավ ճշտել նաեւ, որ եթե աճուրդը փակ չանցկացվի, ի՞նչ հետեւանքներ կարելի է վերացնել եւ իրավական ո՞ր գործիքով կարելի է աճուրդի արդյունքները չեղյալ համարել: Դիմողի ներկայացուցիչները հայտնեցին, որ այդ իրավունքը վերապահված է միայն աճուրդի մասնակիցներին:

Ժամեր անց Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշման եզրափակիչ մասը, որով ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի` Աճուրդի կազմակերպումը եւ իրականացումը, 6-րդ մասի առաջին պարբերության «Աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը եւ արձանագրողը» դրույթը ՀՀ ՍԴ այսօրվա որոշմամբ ճանաչվեց Սահմանադրության 42-րդ՝ կարծիքի արտահայտման ազատությունը, 78-րդ՝ Համաչափության սկզբունքը եւ 79-րդ՝ Որոշակիության սկզբունքը, հոդվածներին հակասող եւ անվավեր:

Դրույթը Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչվեց այն մասով, որ «իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ արգելափակում է պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքի աճուրդներին սահմանված կարգով ներկա գտնվելու եւ աճուրդի ընթացքում դիտարկելու նման ցանկություն հայտնած անձանց, այդ թվում՝ իրենց կանոնադրական պարտականությունը կատարող կազմակերպություններին ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին»:

Սահմանադրական դատարանը որոշեց, որ դիմող՝ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ կողմից վիճարկվող երկրորդ՝ ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին պարբերությամբ ամրագրված «Աճուրդը սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է» դրույթը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը որոշման արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ