HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Դեդ. «Դատեք մեզ, ես պատրաստ եմ իմ մեղադրանքը կրել, բայց արդար դատեք»

«Իմ ընկերները վիրավորվել են ոչ փոխհրաձգության պատճառով, նրանց գնդակահարել են, իսկ այստեղ պաշտպանները ձայն են բարձրացնում, որ իրենց պաշտպանյալները բուժման կարիք ունեն, իսկ դուք նրանց անտեսում եք։ Կիսավայրենի մարդիկ վիրավոր մարդուն չեն բռնանում, բուժում են, որից հետո պատժում։ Հայաստանի արդարադատության մեջ չեք կարողանում նրանց չափ անել։ Ես ձեր մեջ չեմ տեսնում արդարադատությունը»,- ՊՊԾ գնդի գրավման գործով այսօրվա նիստին հայտնեց Մարտիրոս Հակոբյանը՝ Դեդը։

Այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով նիստն էր։ Մինչ դատախազները կարդում էին գրավոր ապացույցները, դատավոր Արթուր Օհանյանը հայտնեց, որ Մարտիրոս Հակոբյանի սանկցիայի ժամկետն ավարտվել է, եւ նրան պետք է բարձրացնել նիստերի դահլիճ։ Ուղեկցող գումարտակի անդամները եւ կարգադրիչները հայտարարեցին, որ Մարտիրոս Հակոբյանը հրաժարվում է նիստին ներկայանալուց։ Չօգնեց նույնիսկ հանրային պաշտպանի միջամտությունը։ Դատավորն ընդմիջում հայտարարեց եւ կարգադրիչներին ասաց, որ նիստերի դահլիճ բարձրացնեն Հակոբյանին՝ դժգոհությունները դահլիճում հայտնելու համար։

Շարունակելով խոսքը՝ Մարտիրոս Հակոբյանը նշեց. «Դատեք մեզ, ես պատրաստ եմ իմ մեղադրանքը կրել, բայց արդար դատեք, ի՞նչ եք բերել այստեղ բեմահարթակ եք բացել, էդ դերասանությունն ինչի՞ համար է, ամբողջ ազգը ձեզ է նայում, ամբողջ աշխարհը ձեզ է նայում»։

Մարտիրոս Հակոբյանը դժգոհեց, որ իրենց ՔԿՀ-ից ձեռնաշղթաներով են տեղափոխում դատարան. «էս հայրենիքը, էս պետությունը մենք ենք ստեղծել՝ մեր ընկերների համար, մենք ստեղծել ենք, դուք վայելում եք, գոնե արդար վայելեք»։ Հակոբյանը նշեց նաեւ, որ մեքենաները, որոնցով իրենց տեղափոխում են, նախատեսված են կալանավորների համար, բայց նախատեսված չեն ձեռնաշղթաներով տեղափոխելու համար եւ հայտարարեց, որ դատավորը շրջանցում է օրենքը։ Դրան ի պատասխան՝ դատավոր Օհանյանը ասաց. «Այդ ո՞ր օրենքով է գրված, որ դատավորը կարող է անվտանգությանն ասել՝  ինչպես տեղափոխել կալանավորին, նիստերի դահլիճից դուրս մեր լիազորությունները դադարում են։ Ես նրանց ասել եմ, որ հնարավորության դեպքում ձեր ներկայությունն ապահովի պատշաճ ձեւով»։

Մարիտիրոս Հակոբյանն անդրադարձավ նաեւ այն հարցին, թե ինչու առանց իրենց ցանկությունը հաշվի առնելու դատավորը գործի մեջ ներգրավել է հանրային պաշտպաններին։ «Ինչո՞ւ եք զոռով բերում փաթաթում մեզ վրա»,- հայտարարեց Հակոբյանը։

Այսօր նիստը սկսելուց հետո Վարդան Գերավետյանը հայտարարեց, որ հրաժարվում են հանրային պաշտանի ներկայությունից։ Հիշեցնենք, որ դատավոր Օհանյանը հանրային պաշտպաններ էր ներգրավել գործում, քանի որ ամբաստանյալները լքել էին նիստերի դահլիճը՝ արգելելով նաեւ իրենց պաշտպաններին մասնակցել նիստին։

Հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը եւս միջնորդություն ներկայացրեց՝ դատարանին խնդրելով դադարեցնել իր լիազորությունները, դատավորը, սակայն, այն մերժեց։

Իսկ Դեդի հայտարարություններից հետո փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդությամբ հանդես եկավ եւ նշեց, որ մարդուն քրեակատարողական հիմնարկից դատարան են տեղափոխում արժանապատվությունը նվաստացնող պայմաններում, որի արդյունքում խախտվում է ԵՎԿ-ի 3-րդ հոդվածը։  «Ո՞վ, եթե ոչ դատարանը պիտի միջամտի եւ միջոցներ ձեռարկի այս իրավիճակում»,-հայտարարեց փաստաբանը, ապա նշեց, որ ամեն անգամ մեքենայի թեքվելու ընթացքում մարդը խփվում է խցի պատերին, որն անմարդկային վերաբերմունք է։

Դատավորն էլ հիշեցրեց, որ դատարանը քրեական հետապնդում իրականացնող մարմին չէ, իսկ դատարանը միայն նախագահողը չէ, ապա հորդորեց պաշտպաններին խախտումների դեպքում դիմել համապատասխան մարմիններին։

«Ասել, որ դատարանն իրավասու չէ միջամտել, անհիմն հայտարարություն է»,- դատավորի խոսքին ի պատասխան՝ հայտարարեց  Մուշեղ Շուշանյանը։

Մարտիրոս Հակոբյանը կրկնեց, որ այլեւս ՔԿՀ-ից դատարան չի գալու, եթե ուզում են, թող քարշ տալով իրեն տանեն։ Դատավորը Մարտիրոս Հակոբյանի նկատմամբ սանկցիա կիրառեց՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար եւ ութ ժամով հեռացրեց նիստերի դահլիճից։ Մարտիրոս Հակոբյանը հայտարարեց. «Արդարադատությունը գալու է», որից հետո հեռացավ նիստերի դահլիճից։

Դատարանում շարունակվեց գրավոր ապացույցների հետազոտումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter