HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Էդիկ Բաղդասարյանը հարցաքննվել է ոստիկանությունում

Սեպտեմբերի 15-ին «Հետք»-ը տեղեկատվություն էր հրապարակել այս տարվա ապրիլի 22-ին Հայաստանի հայտնի քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանի վրա մահափորձ կատարած անձանցից մեկի մասին: Մասնավորապես, Աշոտ Մանուչարյանը ճանաչել էր իր վրա հարձակված, Վրեժ անունով երիտասարդին, որի լուսանկարը «Հետք»-ը հրապարակել էր: 

Այդ տեղեկատվությունը խիստ հետաքրքրել է Երեւանի Կենտրոնի ոստիկանությանը, որը դեպքից երկու ամիս անց կասեցրել էր Մանուչարյանի նկա տմ ամբ տեղի ունեցած բռնարարքի փաստի առթիվ հարուցված գործի քննությունը: Նույն օրը «Հետք»-ի խմբագիր, նյութի հեղինակ Էդիկ Բաղդասարյանը հրավիրվեց Կենտրոնի ոստիկանություն` հարցաքննվելու որպես վկա: 

Նրան հարցրել են, թե որտեղից այդ տեղեկատվությունը, ում ներկայությամբ է տրվել եւ այլն: «Ես, իհարկե, բացատրություն տվեցի, նշեցի, որ լրագրողական հետաքննությունը սկսել էի դեպքից որոշ ժամանակ անց: Ինչ- որ փուլում աշխատել եմ Աշոտ Մանուչարյանի եւ նրա շրջապատի հետ, որոնք նույնպես սեփական հետաքննություն էին անում: Ա. Մանուչարյանը մեր արխիվներում եղած լուսանկարներից ճանաչեց իր վրա հարձակվողին: Սակայն, ինձ` որպես լրագրողի համար ստեղծվել է տարօրինակ մի վիճակ: Ա. Մանուչարյանը քննիչների հետ չի ցանկանում համագործակցել, նրանց չի ընդունում` ասելով, թե նրանց չի վստահում: Քննիչներն էլ իրենց ունեցած բոլոր հարցերն ուղղում են ինձ, ավելին` իրենց հարցերով ինձ են դիմում նաեւ լրագրողները: Սակայն, ես ինքս դեռ իմ հետաքննությունը չեմ ավարտել եւ դեռ աշխատում եմ նյութի վրա: Իսկ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ ավելի տարօրինակ մի բան. ինձ զանգեց Վրեժ Օսիպյանը, ում լուսանկարը տպագրել էինք, եւ մենք հանդիպեցինք»: 

Էդիկ Բաղդասարյանն այդ զրույցի մանրամասներն առայժմ չի ներկայացնում: Նա, սակայն, պարզել է, որ Վրեժ Օսիպյանը չի ներկայացել ոստիկանություն, իրավապահ մարմինները նույնպես նրանով չեն հետաքրքրվել, եւ Վրեժը ցանկանում է, որ լրագրողը զբաղվի այդ հարցով` պնդելով, թե ինքը կապ չունի այդ դեպքի հետ:

Վրեժ Օսիպյանի հետ Է. Բաղդասարյանը խոսել է նաեւ լրագրողների վրա ապրիլի 5-ին կատարված բռնությունների մասին, որոնց նա «մասնակցել» էր, սակայն չէր ներգրավվել այդ առթիվ հարուցված քրեական գործում եւ չէր հարցաքննվել: Ըստ Վրեժի ներկայացրած վարկածի` նա այնտեղ էր, սակայն չի մասնակցել բռնություններին: 

Քննիչները Էդիկ Բաղդասարյանին «զգուշացրել են», որ Աշոտ Մանուչարյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ ցանկացած հրապարակումից հետո նրան կհրավիրեն հարցաքննության: Առայժմ Մանուչարյանը եւ նրա շրջապատը որեւէ հայտարարություն չեն արել եւ հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter