HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետը հանձնարարեց կյանքի կոչել դավոսյան այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները

Կառավարության փետրվարի մեկի նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական հանձնարարականներով սկսեց, առաջինը վերաբերում էր հանրապետական գործադիր մարմինների 2017 թվականի հաշվետվությանը և 2018 թվականի աշխատանքներին։

«Հաշվի առնելով հանրության հետ հետադարձ կապի և հաշվետվողականության կարևորությունը` հանձնարարում եմ քսանօրյա ժամկետում հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին ու մարզպետներին՝ ըստ ոլորտների հանրությանը ներկայացնել 2017 թվականին նախաձեռնած բարեփոխումների, ներդրումային ծրագրերի, միջոցառումների ու գերակա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ, ինչպես 2018 թվականի համար նախատեսված միջոցառումների ծրագրերը, կատարման հստակ ժամկետները և ակնկալվող արդյունքները»,- ասաց վարչապետը:

Վարչապետն անդրադարձավ նաև համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Դավոս այցին ու ձեռք բերված պայմանավորվածություններին։

«Հանձնարարում եմ Կառավարության աշխատակազմի ղեկավարին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին յոթօրյա ժամկետներում այցի արդյունքների մասին հաշվետվությունը և ընդհանուր տեղեկատվությունը փոխանցել շահագրգիռ մարմիններին»,- ասաց Կարապետյանը։

Վարչապետը հանձնարարեց նաև Արտաքին գործերի, Տնտեսական զարգացման և ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածների և բնական պաշարների, Գյուղատնտեսության, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, Ռազմավարական զարգացման կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին ձեռնարկել  միջոցներ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ կոնկրետ ժամկետների կատարման և համագործակցության ուղղություների զարգացման համար։

«Գործողությունների վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել Կառավարության աշխատակազմ»,- ասաց գործադիրի ղեկավարը։

Կարապետյանի մյուս հանձնարարականը վերաբերում էր արգելանքի հետևանքով մաքսազերծման խոչընդոտների վերացմանը։

«Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել ապրանքերի մաքսազերծման խափանման դեպքեր, որոնք պայմանավորված են եղել ֆիզիկական կամ իրավաբանական անձի գույքի վրա արգելանքի առկայությամբ։ Նշվածի արդյունքում սահմանափակվում է մաքսազերծման գործընթացը։ Հաշվի առնելով վերոնշյալը` հանձնարարում եմ Արդարադատության նախարարին ու ՊԵԿ նախագահին քսանօրյա ժամկետում համատեղ մշակել ու Կառավարության աշխատակազմ ներկայացնել անձի գույքի կամ դրամական միջոցների արգելանքի առկայության դեպքում ապրանքների մաքսազերծման խոչընդոտներին ուղղված առաջարկություններ։ Իրականում անհասկանալի է, եթե մարդն ապրանք է ներմուծում Հայաստան և ունի արգելանք իր հաշվի վրա, ինչի՞ ենք իրեն այդ հարցում սահմանափակում»,- ասաց նա։

Վարչապետի չորրորդ հանձնարարականը վերաբերում էր իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործունեությանը։ Վարչապետի խոսքով՝ հարկավոր է պարզեցնել պետական ռեգիստրի որոշումների հիմքերը՝ բացառելով տարբեր մարմինների կողմից տնտեսվարողներից լիզենցիայի պատճենը պահանջելու պրակտիկան։

«Հանձնարարում եմ Արդարադատության նախարարին երկամսյա ժամկետում մշակել իրավաբանական անձանց գրանցման վերակազմակերպման, մերժման հիմքերի, լուծարման և այլ լիազորությունների իրացման պարզեցման, գործնականում ՓԲԸ-ների գրանցման ժամկետների լրացուցիչ նվազեցմանն ուղղված առաջարկություններ և ներկայացնել Կառավարության աշխատակազմ, ընդլայնել առցանց եղանակով ծառայությունների մատուցման շրջանակը»,- ասաց նա։

Վարչապետը հանձնարարեց նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին տասնօրյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից պետական ռեգիստր դիմումներ ներկայացնելիս էլեկտրոնային ստորագրության կիրառման գործիքակազմի վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter