Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Բարձրունի. հայ-ադրբեջանական սահմանին


Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղի բնակիչներն ասում են, որ իրենք հարևան գյուղերի շրջանում հայտնի են որպես «չանաները թույլ» (փոխաբերական իմաստով՝ շատախոս), զրույցի սկզբում նշում են, թե մի քիչ հետո կհամոզվենք դրանում: «Դե, ամեն մեկին մի բան ասել են. մի գյուղին՝ ճանճ ծեծող, մյուսին՝ ոսկոր կրծող, մեր գյուղում էլ պիտի մի թերություն գտնեին, ասել են՝ չանաները թույլ»: Բայց մենք շատ աշխատասեր գյուղ ենք»,- պատմում է  գյուղի տարեց բնակիչներից 79-ամյա Արմենակ Մելքոնյանը:

Հարսը՝ Բելան, սեղանը գցելիս կատակում է սկեսրայրի հետ, թե Մելքոնյաններին գյուղում որպես «աղվեսի ազգ» են ճանաչում: Սկեսրայրն էլ վրա է բերում, թե նրանց էլ «շուն» են ասում: Սեղանակիցները ծիծաղում են:

«Մեզ ոսկոր կրծող են ասում»,- ուղղում է Բելան:

«Բա ես կուլտուրական չորքոտանի ասացի»,- հակադարձում է Արմենակ պապը, բոլորս ծիծաղում ենք:

«Ես զառիթափցի աղջիկ եմ, պատմում են, որ Զառիթափում մեկը մահացել է պատերազմի ժամանակ, տարել, թաղել են մի տեղ, հետո գնացել են աճյունը հանել, որ նորից հուղարկավորեն, տեսել են՝ շան կմախք է, դրա համար ասել են՝ ոսկոր կրծող»,- բացատրում է Բելան:

Պապն էլ իր բացատրությունն ունի «աղվեսի ազգի» մասին: 1828 թ. պատմական Խոյ-Սալմաստից երեք եղբայրներ՝ Վարդանը, Ստեփանն ու Մելքոնը, նրանց հետ ևս երկու մարդ (մինչ օրս, ըստ Արմենակ Մելքոնյանի, չգիտեն, թե այդ երկուսն ովքեր են եղել) Նախիջևան են գնացել: Այդտեղից մեկ տարի անց Հայաստանի ներկայիս տարածք են եկել:

Մի եղբայրը հաստատվել է Զառիթափում, մյուսը՝ Եղեգնաձորում, Արմենակ Մելքոնյանի նախապապ Վարդանն էլ՝ Բարձրունիում: Երբ անձևից հետո են հասել Բարձրունի, Վարդան պապը մի բուռ հող է վերցրել ու հոտ քաշել՝ ասելով, թե Սալմաստի հողի հոտն ունի, ու ինքը կհաստատվի այդտեղ: Ուղեկիցներից մեկն էլ, սա տեսնելով, ասել է, թե Վարդանն աղվես է:  Արմենակ պապն առանձնահատուկ հպարտությամբ է ասում, որ Վարդանի հայրը՝ Մանուկը,  եղել է անվանի գրող Րաֆֆու հորեղբայրը:

Պապն ասում է, որ գյուղով երկու գետ է հոսում՝ Ջրաղացգետն ու Շրեշը, առաջինն անունը ստացել է Բարձրունու ջրաղացներից, որոնք շատ են եղել, երկրորդն էլ շրեշ բույսի անունով է, որը տարածված է այստեղ, բացի դրանից՝ Շրեշում կենդանիների պատկերներով քարեր կան: «Շրեշը թանգարան է բաց երկնքի տակ»,- ավելացնում է նա:

Հին գյուղը եղել է Ջրաղացգետի հակառակ ափին: Երկրաշարժից հետո՝ 1884-ին բնակիչները տեղափոխվել են Բարձրունու ներկա տարածք: «Մեր գյուղը հարուստ պատմություն ունի: Հին ու նոր գյուղերի հեռավորությունը մոտ 5 կմ է: Էստեղ խան է ապրել, ու նախկինում գյուղը կոչվել է Սուլթանբեկ»,- նշում է 79-ամյա բարձրունեցին:

Նա ծնվել, մեծացել է Բարձրունիում, պատմում է, որ 1930-39 թթ. մոտ 360 տնտեսություն կար գյուղում, սակայն հիմա այն նախկինը չէ: Գյուղից մարդիկ գնում են, բայց Արմենակ պապն ասում է, թե 28 տարին քիչ չէր, որ երկիրը զարգանար, հարստանար:

«3 միլիոն էլ չկանք էսօր, էդ 3 միլիոնը կարելի է պահել գրպանի մեջ, սակայն գռփելը, անհավասարությունը տանում է ուրիշ տեղ»,- ասում է պապը:

Քիչ անց միասին քայլում ենք գյուղում: Բնակավայրի խոշորացումից ենք խոսում: Ասում է, թե եթե կարճ ձևակերպի, խոշորացումը գյուղի քայքայում է նշանակում: 2016-ին Բարձրունին 8 այլ գյուղերի հետ միացել է Զառիթափին՝ դառնալով մեկ համայնք: Խոշորացված համայնքի կենտրոնը հենց Զառիթափն է:  

Բարձրունին Վայոց ձորի ամենահարավային գյուղն է, սահմանամերձ է Նախիջևանին: Վարչական ներկայացուցիչ Արսեն Ալեքսանյանն ասում է, որ հիմա գյուղում գրանցված 401 բնակիչ կա, բայց մշտական բնակչությունը 298 է: Վերջին 5 տարիներին 10 ընտանիք գյուղից հեռացել է: Ալեքսանյանի խոսքով՝ գյուղից հիմնականում երիտասարդներն են գնում արտագնա աշխատանքի, որ կարողանան տուն գնել ու տեղափոխվել քաղաք:

Խոշորացումից հետո Բարձրունիում կրճատվել են հաշվապահի ու գրադարանավարի հաստիքները: Ինքը՝ Ա. Ալեքսանյանը, 1 տարի է այս պաշտոնում: Զուգահեռաբար ֆիզկուլտուրայի ուսուցիչ է աշխատում հարևան Սերս գյուղի դպրոցում: Նշում է, որ Բարձրունիում խնդիրները շատ են, բայց կամաց-կամաց լուծվելու են:

Այս տարի գյուղի խմելու ջրի ցանցն են փոխելու, գյուղ տանող ճանապարհն է «կարկատան» արվելու (մի մասն արդեն արվել է), սարերում հովվի կացարան ու մակատեղի են սարքել: Շուտով գյուղը կունենա երթուղի դեպի Երևան, ինչի համար Զառիթափ խոշորացված համայնքի ղեկավարը նոր միկրոավտոբուս է գնել: Շաբաթական երեք անգամ էլ գյուղից միկրոավտոբուս է գնում Վայք, ուղետոմսը՝ 500 դրամ:

Արսեն Ալեքսանյանն ասում է, որ սահմանամերձ գյուղում ներդրումների պակաս կա, թեև դրա համար լավ հնարավորություններ կան: Գյուղում ներդրումներ կատարողները հարկերից ազատվում են:

Բարձրունիում հիմնական աշխատանքն անասնապահությունը, մեղվաբուծությունն ու այգեգործությունն է, խորհրդային տարիներին նաև ծխախոտագործութամբ էին զբաղվում:

Անցած տարի, ըստ գյուղացիների, խնձորի լավ բերք է եղել, բայց կարկտահարությունից ծառերը վնասվել էին: Բերքի կիլոգրամը 15 դրամով Արտաշատի պահածոների գործարան են հանձնել:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանություններ (3)
1. Աննա23:02 - 1 փետրվարի, 2018
Շատ աշխատասեր, հյուրասեր, հայրենապահ ու բարի մարդիկ են ապրում այս գյուղում: Ափսոս որ գյուղը լքում են: Ուղղակի չգիտեմ ինչու են խոշորացմանը կապում գյուղի քայքայման հետ: Գյուղեր կային, որ գյուղապետարանում աշխատում էին հայր, որդի, եղբայր, հարս.....
2. GB05:55 - 10 փետրվարի, 2018
Lovely natural beauty!
3. Ռոբին09:12 - 8 հունիսի, 2018
(Տերովին տերն է տարել, անտերին Գելը) Միշտ էլ այդպես է եղել, անտարբերությունը ազգակիցի հանդեպ: Կթողնեն հալածվեն, ոչնչանան ...., հետո կգտնվեն՝ ազգաբան, պատմաբան, գրող, ջնջողներ: Որը կկարողանան օգտվել մի պայտից, եւ կպարզեն որ թվի սարքված պայտն է, ու որ անվանի ուստայի գործն է: ամոթ մեզ, ամոթ այդպիսի վայրեր ունենալ: Այդ ժողովրդի ահն ու սարսափը, ապրելն ու գոյատեւելը՝ մեր վրա կազդի, եթե խորհենք ինչ է կատարվում:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։