HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալները հրաժարվում են հանրային պաշտպաններից

ՊՊԾ գնդի գրավման գործով Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Աշոտ Պետրոսյանի, Կարո Եղնուկյանի, Վարդգես Գեւորգյանի, Խաչատուր Գիչյանի եւ Մանվել Աթոյանի դատական նիստին նորից քննվում էր հանրային պաշտպանների ներգրավվման հարցը։ Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանը միջնորդեց, որպեսզի դատավորն իր լիազորությունները Վարդգես Գեւորգյանի մասով դադարեցնի, քանի որ մյուս ամբաստանյալների հետ շահերի բախում կա։ Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատավոր Արտուշ Գաբրիելյանը գործում հանրային պաշտպաններ ներգրավելու որոշում էր կայացրել։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն էլ միջնորդեց ապացույցների հետազոտման կարգը փոփոխել եւ առաջինը քննել այն ապացույցները, որոնք վերաբերում են Կարո Եղնուկյանին։ Փաստաբանը նշեց, որ գործի նյութերից 65 հազար էջից միայն 20-ն է վերաբերում Եղնուկյանին։ Դատախազ Հակոբ Ենոքյանը նշեց, որ Եղնուկյանին առաջադրված մեղադրանքներն «արմատապես, սեռապես» չեն տարբերվում մյուսների մեղադրանքից, ինչպես նաեւ շեշտեց, որ ապացույցների հետազոտման հաջորդականությունը սահմանված է։ Անդրադառնալով դատավարության ողջամիտ ժամկետներին` դատախազն ասաց.

«Մեկ ամիսից ավել է՝ դատաքննություն է իրականցվում, բայց ապացուցվել է մեկ ապացույց, բայց մինչեւ պաշտպանի ներկայացրած միջնորդությունը մենք կարող էինք ավարտել գրավոր ապացույցները։ Եթե նիստերը տեղի ունենային, այս միջնորդության կարիքը չէր լինի»։

Դատարանը որոշեց մերժել Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը՝ նշելով, որ Եղնուկյանի վերաբերյալ ապացույցներին կարող են իրավական գնահատական տալ քրեական գործի մեջ եղած ապացույցները հետազոտելուց հետո։

Ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը հրաժարվում է հանրային պաշտպանի ծառայությունից, քանի որ ցանկանում է, որ իր պաշտպանությունը իրականացնի միայն պայմանագրային պաշտպան Արայիկ Պապիկյանը: «Ես ունեմ պաշտպան, ինձ պաշտպան պետք չէ, կարիքը չունեմ, ինչո՞ւ եք ստիպողաբար եւս երեք պաշտպան ներգրավում»,- հայտարարեց Պետրոսյանը։

Դատարանը հայտնեց, որ հանրային պաշտպաններ ներգրավելու մասին որոշում է կայացվել, որը քննարկման ենթակա չէ։ Նշեց, որ հանրային պաշտպաններից հրաժարվելու միջնորդությունները չեն ընդունվում՝ գործի քննությունը ողջամիտ ժամկետներում ապահովելու համար։

Փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ նշեց, որ ինքը ցանկանում է Աշոտ Պետրոսյանի պաշտպանությունն իրականացնել եւ միջնորդեց դիմել Արդարադատության խորհուրդ՝ կարգապահական վարույթ հարուցել դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ, ով Աշոտ Պետրոսյանի կամքին հակառակ, առանց որեւէ իրավական հիմքի, նրա նկատմամբ հանրային պաշտպան է ներգրավել, այն դեպքում, երբ Աշոտ Պետրոսյանն ունի պայմանագրային պաշտպան։ Միջնորդեց նաեւ դատախազներ Արթուր Չախոյանին եւ Հակոբ Ենոքյանին պատասխանատվության ենթարկելու համար դիմել գլխավոր դատախազին, ինչպես նաեւ դիմել Փաստաբանների պալատ եւ կարգապահական վարույթ հարուցել հանրային պաշտպանների նկատմամբ։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը իր դիրքորոշումը հայտնեց ներկայացված միջնորդության վերաբերյալ: «Տրամաբանական է, որ գործը ողջամիտ ժամկետներում իրականացնելու համար դուք հանրային պաշտպաններ եք ներգրավել, բայց անօրինակ է»,- հայտարարեց Հայրապետյանը եւ նշեց, որ չի ցանկանում միանալ ներկայացված միջնորդությանը։ Տիգրան Հայրապետյանն անդրադարձավ նաեւ նրան, որ Աշոտ Պետրոսյանին հրաժարվում են տրամադրել յուղաներկեր, ինչը խախտում է անձի ստեղծագործելու իրավունքը։

Հանրային պաշտպան Անուշ Մաթեւոսյանն հայտարարեց, որ իր նկատմամբ կարգապահական վարույթ սահմանելու համար ՓՊ դիմելն անօրինական պահանջ է, սակայն մասամբ միացավ ներկայացված միջնորդությանը՝ հայտարարելով, որ դատավորի գործողություններն անօրինական են։ Գործում ներգրավված հանրային պաշտպան Մարինե Ֆարմանյանը եւս միացավ դատավորի նկատմամբ Արդարադատության խորհուրդ դիմելու միջնորդությանը, որից հետո Տիգրան Հայրապետյանը հայտարարեց. «Ես Արայիկ Պապիկյանի ոչ մի միջնորդության չմիացա, իսկ Եղնուկյանի մյուս երկու պաշտպանները միացան երկու միջնորդություններին, հիմա ինչպե՞ս պաշտպանեմ իմ պաշտպանյալին»։

Դատավոր Գաբրիելյանը որոշեց, որ դատախազների եւ հանրային պաշտպանների գործողություններն անօրինական չեն եւ մերժեց ներկայացրած միջնորդությունը։

Իսկ Աշոտ Պետրոսյանն էլ հայտարարեց, որ դատավորի գործողություններն անօրինական են եւ ինքը չի ցանկանում ներկա գտնվել նիստերին: Դատավորը նրա նկատմամբ սանկցիա կիրառեց եւ 5 ժամով հեռացրեց նիստից, նրան հետեւեցին նաեւ մյուս ամբաստանյալները։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանն եւս լքեց նիստերի դահլիճը: «Եթե գտնում եք, որ կան հանրային պաշտպաններ, ովքեր կարող են իմ պաշտպանյալների պաշտպանությունն իրականացնել, իմ այստեղ մնալն անիմաստ է»,- հայտարարեց փաստաբանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter