Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ և խմորասնկեր. թթվասերի 10 նմուշից միայն 3-ն են անվտանգ


Այս անգամ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել շուկայում լայն տարածում ունեցող 10 արտադրողի թթվասեր, որոնցից միայն 3-ն են համապատասխանել սահմանված նորմերին։

Մնացած 7-ի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ, բուսական յուղ և խմորասնկերի բարձր քանակ։

!!!  Հրապարակման պահին փորձաքննված խմբաքանակն այլևս առկա չէ. թթվասերի պահպանման ժամկետը 6-10 օր է։

 

Թթվասերը լայն սպառում ունեցող կաթնամթերք է։ Այն հաճախ է օգտագործվում առօրյայում՝ թե´ որպես առանձին ուտեստ, թե՛ որպես հավելում։

Գոյություն ունեն մի շարք որոշումներ և իրավական ակտեր, որոնք սահմանում են, թե ինչպիսին պետք է լինի անվտանգ կաթնամթերքը։ Մասնավորապես, Կառավարության 2006թ դեկտեմբերի 21-ի ՝ «Կաթին, կաթնամթերքին եվ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների մասին» 1925-Ն որոշման մեջ ասվում է, որ ժամկետի վերջում թթվասերի մեջ կաթնաթթվային մանրէները պետք է լինեն` 1x107 ԳԱՄ-ից ոչ պակաս:

Թթվասերի արտադրման մեջ արգելվում է բուսական յուղի օգտագործումը. այն համարվում է ցարծրորակ հումք և օրգանիզմի կողմից հեշտ չի յուրացվում: Սակայն որոշ արտադրողներ այն կիրառում են, քանի որ բուսական յուղն էժան է։

Բուսական յուղ կարելի է օգտագործել թթվասերային ապրանքների մեջ, սակայն մակնշման մեջ արտադրողը պարտադիր պետք է նշի, որ դա ոչ թե թթվասեր է, այլ թթվասերային մթերք, որը պարունակում է բուսական յուղ:

Թթվասերի անվտանգությունը կարգավորվում է նաև «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքով, ՄՄ ՏԿ  033/2013` «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին», ինչպես նաև՝ ՄՄ ՏԿ 022/2011՝  «Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով» տեխնիկական կանոնակարգերով։

ԵԱՏՄ տարածքում իրացվելու համար սննդամթերքի համար պարտադիր է նաև EAC  (Eurasian Conformity)` Եվրասիական համապատասխանության նշանը, ինչը վկայում է, որ տվյալ ապրանքն անցել է համապատասխանության բոլոր փուլերն ու կարող է հայտնվել շուկայում։

Հատկապես պարտադիր է այդ նշանի առկայությունը բարձր ռիսկայնություն ունեցող սննդամթերքի դեպքում։ Ըստ Հայաստանի կառավարության՝ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության գնահատման մեթոդաբանության որոշման, կաթնամթերքը բարձր ռիսկայնություն ունեցող սննդամթերք է՝ ռիսկայնության միավորը՝ 30։

Նշված նորմերից ցանկացած շեղում անթույլատրելի է։

 

Թթվասերը փորձաքննության է ներկայացվել 2018թ հունվարի 17-ին:

Բոլոր նմուշները փորձաքննության պահին եղել են ժամկետի մեջ։
Փորձաքննությունն իրականացվել է «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայում՝ ՄՄ ՏԿ 033/2013 (
«Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» ) նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան։

 

ՆՄՈՒՇ N1

Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Չանախ» ընկերության թթվասերը (16.01.18-23.01.18 արտադրության)։

Բաղադրությունը՝ «կովի անարատ կաթի սերուցք, յուղազերծ կաթ, մանրէաբանական մերան», 1 գ-ում կաթնաթթվային մանրէների քանակությունը՝ 107 ԳԱՄ-ից ոչ պակաս, ինչպես և պահանջվում է:

Թթվասերի յուղայնությունը՝ 20 %:

Ըստ մակնշման՝ ապրանքը պատրաստված է տեխնիկական պայմաններով (ՀՀ ՏՊ 28459042.1665-2010), որտեղ արդեն արտադրողը կարող է սահմանել ցանկացած պահանջ` ապրանքի որակի և բաղադրության նկատմամբ։ Բացի այդ, այն համապատասխանում է Հայկական ստանդարտներին (ՀՍՏ)։

Սակայն մակնշման վրա բացակայում է EAC նշանը, ինչը ՄՄ ՏԿ 021/2011 նորմատիվ փաստաթղթի պահանջների խախտում է:

Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Չանախ» թթվասերում կան աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ինչը վկայում է արտադրական պրոցեսում սանիտարահիգիենիկ նորմերի խախտման մասին։

Այսպիսով, այն չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ N2

Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Դուստր Մարիաննա» ընկերության «Մարիաննա» թթվասերը (16.01.18-27.01.18 արտադրության

Ըստ մակնշման՝ թթվասերը պարունակում է «սերուցք նորմալցված, կաթնաթթվային մանրէներից պատրաստված մակարդ»։ Կաթնաթթվային մանրէների քանակը՝ 1x107 ԳԱՄ/գ-ից ոչ պակաս։

Յուղայնությունը՝ 18%:

Եվս պատրաստված է ՀՀ ՏՊ-ով (37326529.1608-2006), ունի EAC նշան։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Մարիաննա» թթվասերի մեջ առկա է բուսական յուղ, ինչը, ինչպես նշել էինք, չի թույլատրվում օգտագործել թթվասերի արտադրության մեջ։

Ըստ մակնշման՝ այն թթվասեր է, ըստ փորձաքննության արդյունքների՝ թթվասերային արտադրանք է և փաստացի կեղծված, քանի որ ըստ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի՝ բաղադրությունը չի համապատասխանում մակնշմանը։

Ըստ այդմ՝ այն չի համապատասխանում սահմանված նորմերին և համարվում է կեղծված ապրանք։

 

ՆՄՈՒՇ N3

Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Բիոկաթ» ընկերության թթվասերը (16.01.18-21.01.18 արտադրության

Ըստ մակնշման՝ այն «100% բնական» է, պարունակում է «կովի անարատ կաթի սեր, թթվասերի մակարդ»։ Յուղայնությունը՝ 20 %:

Պատրաստված է  ՀՀ ՏՊ 39053099.3672-2004–ով և ՄՄ ՏԿ 033/2013 ստանդարտներով։ Ունի EAC նշան։

Փորձաքննության արդյունքների համաձայն՝ «Բիոկաթ» ընկերության թթվասերը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

ՆՄՈՒՇ N4

Չորրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Աշտարակ կաթ» ընկերության թթվասերը (16.01.18 - 25.01.18 արտադրության

Ըստ մակնշման՝ պարունակում է «կովի նորմալացված կաթի սեր, կարագ, թթվասերի մակարդ»։

Յուղայնությունը՝ 18%:

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «նվիրիր կյանք» գրությունը կրող «Աշտարակ կաթ»-ի թթվասերի մեջ խմորասնկերի քանակը 200 ԳԱՄ/գ է, ինչը 4 անգամ գերազանցում է սահմանված թույլատրելի նորման։

Խմորասունկը սանիտարական ցուցանիշ է և վկայում է արտադրական պրոցեսում, ինչպես նաև՝ բուն արտադրամասում սանիտարահիգիենիկ նորմերի խախտման մասին:

Ավելին, ինչպես «Մարիաննա»-ն, «Աշտարակ կաթ»-ի ապրանքը ևս ոչ թե թթվասեր է, այլ թթվասերային արտադրանք, քանի որ պարունակում է անթույլատրելի բուսական յուղ և ըստ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի՝ համարվում է կեղծված:

Այսինքն՝ այն չի համապատասխանում սահմանված պահանջներին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

 

ՆՄՈՒՇ N5

Հինգերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Թամարա» ընկերության թթվասերը (16.01.18 - 26.01.18 արտադրության

Ըստ բաղադրության՝ «պատրաստված է բնական կաթից», պարունակում է «անարատ կաթ, սերուցք նորմալացված, քաղցրասերուցքային կարագ, չոր յուղազերծ կաթ, թթվասերի մակարդ»։

Յուղայնությունը՝ 20%:

Պատրաստված է ՀՀ ՏՊ 28472367.3584-2004 ստանդարտով, ունի ISO 9001:2015 համապատասխանության, ինչպես նաև՝ EAC նշան։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Թամարա» թթվասերը պարունակում է հակաբիոտիկ լևոմիցետին՝ 0,0004294 մգ/կգ (թույլատրելի նորման թթվասերի համար՝ < 0,0003 մգ/կգ, հեղ.)։

Այս նմուշը ևս չի համապատասխանում սահմանված պահանջներին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ N6

Վեցերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Թամարա և Անի» ընկերության «Սմետանա Մասլովնա» թթվասերը (16.01.18 - 22.01.18 արտադրության

Այս թթվասերը, ըստ մակնշման, պարունակում է «կովի անարատ կաթ, կարագ սերուցքային, թթվասերի մակարդ»։ Յուղայնությունը՝ 20 %:

Պատրաստված է ՀՀ ՏՊ  37445719.3443-2003 նորմերով, ունի ISO  2200:2005 և EAC համապատասխանության նշան։

Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Սմետանա Մասլովնա» թթվասերը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ N7

Յոթերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արզնու Տոհմային ԹՏԽ» ընկերության «Արզնի կաթ» թթվասերային մթերքը (16.01.18 - 25.01.18 արտադրության

Նախ, մակնշման մեջ արտադրողը նշել է, որ իր ապրանքը, ոչ թե թթվասեր է, այլ թթվասերային մթերք, ինչը նշանակում է, որ բուսական յուղի առկայությունն այդ մթերքում միանգամայն թույլատրելի է, սակայն այդ մասին պարտադիր պետք է նշել:

Մակնշման մեջ, սակայն, գրել է, որ այն պարունակում է «կարագ» (նաև՝ անարատ կաթ, անարատ կաթի սեր, կաթնայուղի փոխարինիչ* (բուսական յուղն է))։:

Այս նմուշի յուղայնությունը 20% է։ Այն պատրաստված է ՀՀ ՏՊ 05724990.5185-2007-ով, ունի ՀՍՏ և EAC համապատասխանության նշան։

«Մեր գործն արդար է», նշում է «Արզնի Կաթ»-ի արտադրողը, իսկ փորձաքննության արդյունքում պարզվում է, որ ապրանքը պարունակում է աղիքային ցուպիկ, չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

ՆՄՈՒՇ N8

Ութերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Բոնիլատ» ընկերության թթվասերը (17.01.18 - 26.01.18 արտադրության

Բաղադրությունը՝ «կովի կաթի սերուցք, մանրէաբանական մերան», յուղայնությունը՝ 17%:

Արտադրված է ՀՀ ՏՊ 391189249.6555-2011 պայմաններով, ունի EAC համապատասխանության նշան։

«100% բնական արտադրանք» մակնշված «Բոնիլատ» թթվասերի մեջ, ինչպես պարզվեց,  խմորասնկերի քանակը 14 անգամ գերազանցում է թույլատրելի նորման (700 ԳԱՄ/գ է)։

Այս ապրանքը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ N9

Իններորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Մարիլա» ընկերության թթվասերը (16.01.18 - 21.01.18 արտադրության

Բաղադրությունը՝ «սերուցք նորմալացված պաստերացված, բակտերիալ մերան», յուղայնությունը՝ 18%։

Պատրաստված է  ՀՀ ՏՊ 39344017.6980-2012 տեխնիկական պայմաններով, ունի EAC համապատասխանության նշան։

Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Մարիլա» թթվասերը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ N10

Տասներորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Էջմիածին Կաթ» ընկերության «Թթվասեր Մոսկովյան Ընտիր» թթվասերը (17.01.18 - 27. 01.18 արտադրության

Բաղադրությունը՝ «կաթի սերուցք նորմալացված պաստերացված, բակտերիալ մերան», յուղայնությունը՝ 20%:

Միակ նմուշն է, որ պատրաստված է ԳՕՍՏ 31452-2012 ստանդարտներով։ Ունի ISO 2200:2005 և EAC  համապատասխանության նշան:

Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Էջմիածին Կաթ» ընկերության թթվասերի մեջ առկա է աղիքային ցուպիկ, ինչպես նաև՝ խմորասնկերի անթույլատրելի քանակ, որը 12 անգամ (600 ԳԱՄ/գ է) գերազանցում է նորման։

Այսպիսով, այս նմուշը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

«Երբ որ մարդիկ թթվասեր են գնում, հավատացած լինեն, որ ծառայություն կա, որ իրենց շահերը պաշտպանում է»․վարչապետ

Այսպես է  հունվարի 20-ի նիստում ասել վարչապետ Կարեն Կարապետյանը՝ դիմելով Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանին, ով ներկայացնում էր «2017թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաև՝ 2018թ. անելիքները»:

Այս նիստից օրեր հետո մենք ստացանք թթվասերի լաբորատոր փորձաքննության արձանագրությունը, որից պարզվեց, որ քաղաքացին գնել է աղիքային ցուպիկով, հակաբիոտիկով, խմորասնկերի բարձր քանակով և բուսական յուղով թթվասեր.10 արտադրողի թթվասերներից միայն 3-ի գնորդներն էին «պաշտպանված»՝ նմուշ № 3, 6, 9-ի («Բիոկաթ», «Սմետանա Մասլովնա», «Մարիլա»):

Մնացած 7-ում հայտնաբերվել են խախտումներ։

Մասնավորապես՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ նմուշ №1, 7, 10 ( «Չանախ», «Արզնի Կաթ», «Էջմիածին կաթ»): Սա արտադրական պրոցեսում հիգիենիկ նորմերի խախտման հետևանք է։

Առողջապահության նախարարության՝ «Վարակիչ հիվանդությունների, սննդային և քիմիական թունավորումների համաճարակային իրավիճակ» տեղեկագրքի տվյալներով՝ այս տարվա հուլիսին Հայաստանում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների 1079 դեպք, որից 333-ը՝ Երևանում, 746-ը՝ մարզերում։

Խմորասնկերի բարձր քանակ է հայտնաբերվել՝  նմուշ №  4, 8, 10-ում ( «Աշտարակ Կաթ», «Բոնիլատ», «Էջմիածին կաթ»), ինչն արդեն բուն արտադրական պրոցեսում թույլ տված սանիտարահիգիենիկ նորմերի խախտում է։

Բուսական յուղ՝ նմուշ № 2, 4 ( «Մարիաննա», «Աշտարակ կաթ»,), ըստ որի՝ այս ապրանքները համարվում են կեղծված ( «Մարիաննա», «Աշտարակ կաթ»)  և ոչ թե թթվասեր են, այլ` թթվասերային մթերք:

Հակաբիոտիկ՝  նմուշ № 5 («Թամարա» ):

Հակաբիոտիկներ հայտնաբերել էինք նաև ներկրված և տեղական արտադրության սառեցված հավի մսերում: Նշենք, որ «Դեղերի մասին» նոր օրենքի համաձայն՝ հակաբիոտիկների ազատ վաճառքը Հայաստանում արգելվում է և թույլատրվում՝ միայն բժշկի դեղատոմսով։

Դրանց հաճախակի և անհարկի կիրառումից օրգանիզմում ձևավորվում են կայուն միկրոօրգանիզմներ տվյալ հակաբիոտիկների նկատմամբ և հետագայում նման հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ կլինեն ավելի ուժեղ ազդեցությամբ հակաբիոտիկներ։

«Պարտավոր ենք մեր քաղաքացիներին ձեր (ՍԱՊԾ-ի, հեղ.) աշխատանքով երաշխավորել, որ եթե իրենք, օրինակ, թթվասեր են գնում կամ մեկ այլ բան, հավատացած լինեն, որ ծառայություն կա, որ իրենց շահերը պաշտպանում է»,-ասում է Կարեն Կարապետյանը, իսկ մեր լաբորատոր փորձաքննության ամբողջական արձանագրությունը կարող եք տեսնել՝ այստեղ:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանություններ (2)
1. Հայկ17:36 - 8 փետրվարի, 2018
Փաստորեն գոնե մեկը կա, որ մտածում է սպառողի մասին։ Շնորհակալություն շատ օգտակար տեղեկությունների համար։
2. Աննա21:04 - 12 փետրվարի, 2018
Հարգելի Հետք, շատ կարևոր է, որ սյունիքի բարիքների պարագայում, որը քաջարանում գտնվող ֆերմայի արտադրանքն է, և ժամանակին մաքսիմ հակոբյանին պատկանող այս ֆերմայի կովերի մասին ասվում էր, թե արածում են հողով ծածկված պոչամբարի վրա, արվեր նաև ծանր մետաղների անալիզ։ Մարիլան միգուցե յուղայնությամբ համապատասխանում է, բայց իր աշխարհագրական վայրը, սննդամթերքի շղթայի հետ կապված խնդիրները լուրջ մտահոգություն են առաջացնում և արժե ճշտել այդ հարցը։ Շատ վատ կլինի, որ հիմա վստահելով թթնվասերի յուղայնությանն ու բացիլների բացակայության ինֆորմացիային մարդիկ ավելի շատ սպառեն ծանր մետաղների հագեցվածությամբ հնարավոր ապրանք․․․
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։