HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Կոռուպցիայի բանաձեւը

Երեւանի քաղաքապետի կայացրած որոշումները բաց փաստաթղթեր են: 

Լրագրողը դիմում է քաղաքապետին՝ այդ բաց փաստաթղթերին ծանոթանալու համար, սակայն նա հրաժարվում է տալ որոշումները: 

Լրագրողը դիմում է քաղաքապետի վերադասին` ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Երեւանի քաղաքապետի պաշտոնն ընտրովի չէ, նրան նշանակում է Հայաստանի Հանրապետության նախագահը: Նախագահական ապարատից լրագրողի դիմում-բողոքն ուղարկում են նույն քաղաքապետին, որպեսզի նա պատասխանի իր իսկ դեմ բերված բողոքին (արձանագրենք` սա օրենքի խախտում է, որովհետեւ լրագրողը բողոքարկել էր հենց քաղաքապետի «պատասխանը»): Քաղաքապետարանը դարձյալ հրաժարվում է տրամադրել պահանջվող որոշումները: 

Լրագրողը ստիպված դիմում է առաջին ատյանի դատարան: Դատավոր Գայանե Կարախանյանը մերժում է լրագրողի հայցը՝ այդպիսով սատարելով քաղաքապետին, ինչպես նաեւ` ՀՀ նախագահին:

Լրագրողը դիմում է Արդարադատության նախարարին՝ խնդրելով կարգապահական վարույթ հարուցել դատական քննության ժամանակ բազմաթիվ օրենքներ խախտած դատավորի նկատմամբ:

Նախարար Դավիթ Հարությունյանը մերժում է լրագրողի խնդրանքը՝ դրանով սատարելով դատավորին, Երեւանի քաղաքապետին, նաեւ` ՀՀ նախագահին: 

Լրագրողը դիմում է ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահին՝ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Վերջինս նույնպես մերժում է լրագրողին: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահն էլ սատարում է արդարադատության նախարարին, դատավորին, քաղաքապետին, նաեւ` ՀՀ նախագահին: 

Լրագրողը դիմում է Վերաքննիչ դատարան: Երեք դատավորներ՝ Նոյեմ Հովսեփյանի նախագահությամբ, առանց որեւէ մենկնաբանության մերժում են լրագրողի հայցը՝ սատարելով իրենց գործընկերոջը, իրենց նախարարին, քաղաքապետին, վարչապետին, նաեւ` ՀՀ նախագահին: Այս շղթան գործում է բոլոր ոլորտներում: Ուստի, իզուր ենք կոռուպցիայի դեմ պայքարը դարձրել ազգային ծրագիր: Այս շղթայի մեջ ընդգրկվածների դեմ ոչ ոք Հայաստանում չի կարող եւ չի ուզում պայքարել, որովհետեւ այս շղթայի մի օղակը մյուսի շարունակությունն է: Այս շղթայում գտնվողներից ոչ ոք չի ուզում, որ Հայաստանում գործի օրենքը: 

Ինչու՞ քաղաքապետ Երվանդ Զախարյանը լրագրողներին չի տալիս իր եւ իր նախորդների որոշումները: Այլ բան չի մնում, քան կարծել, որ այդ որոշումներում անօրինականություններ կան: Իրոք, քաղաքապետ Երվանդ Զախարյանը բազմաթիվ անօրինական որոշումներ է կայացրել: Դրանցից յուրաքանչյուրը կարող է կոռուպցիայի դասական օրինակ դառնալ:

Մենք գրել ենք այդ մասին եւ շարունակելու ենք գրել: 

Կոռուպցիայի սխեման 

Գործող անձինք կամ գլխավոր դերերում.

 Երվանդ Զախարյան - Երեւանի քաղաքապետ

 Ռոբերտ Քոչարյան - ՀՀ նախագահ, արդարադատության խորհրդի նախագահ

 Անդրանիկ Մարգարյան - ՀՀ վարչապետ, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահ

 Դավիթ Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար

 Գայանե Կարախանյան - Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր

 Նոյեմ Հովսեփյան - ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter