Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Իշխան Բարսեղյանի գործով դատավոր. «Դեռևս ձեռնպահ ենք մնում ամբաստանյալին բռնի ուժով դատարան բերելու գործընթացից»



Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, այսօր նշանակված էր նույն դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստ, սակայն կալանքի տակ գտնվող ամբաստանյալ դատավորը դատարան չէր եկել:

Իշխան Բարսեղյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ: Վերջինս ձերբակալվել է 2016-ի հոկտեմբերի 27-ին՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ ենթադրյալ կաշառք ստանալու պահին: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Բարսեղյանը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, քաղաքացի Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էլզա Զաքարյանին: Վերջինս, ըստ մեղադրանքի, կաշառքի միջնորդություն է կատարել:

Այսօրվա դատական նիստի մեկնարկին դատավոր Վաչե Մարգարյանը հայտնեց, որ դատարանը բանավոր կերպով տեղեկություն է ստացել, որ ամբաստանյալ Իշխան Բարսեղյանը դիմում է ուղարկել դատարան՝ հայտնելով, որ առողջական վիճակը լավ չէ, և չի կարող ներկայանալ դատարան: Միևնույն ժամանակ, դատավորի փոխանցմամբ, Դատապարտյալների հիվանդանոցի բժիշկը նամակ է հասցեագրել դատարան՝ նշելով, որ Բարսեղյանն ի վիճակ է մասնակցել դատական նիստին:

«Ամբաստանյալ Բարսեղյանին դեռևս չեն ներկայացրել դատարան և դեռևս ձեռնպահ ենք մնում բռնի ուժով դատարան ներկայացնելու գործընթացից»,- հայտարարեց Վաչե Մարգարյանը:

«Ինձ համար տարօրինակ է Ձեր հայտարարությունը. ի՞նչ է նշանակում բռնի ուժով»,-  դատավորի խոսքին արձագանքեց Իշխան Բարսեղյանի պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը՝ ընդգծելով, որ ո՛չ դատավորը, ո՛չ ուղեկցող գումարտակի աշխատակիցներն իրավունք չունեն կալանքի տակ գտնվող անձին բռնի ուժով դատարան բերել:

Մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը կարծիք հայտնեց, որ դատավորը «բռնի ուժ» կիրառել ասելով՝ նկատի ուներ ամբաստանյալին հարկադրաբար ներկայացնելը», ուստի առաջարկեց սպասել, մինչև դատարանի ճանապարհին գտնվող ուղեկցող գումարտակի ոստիկանները դատարան կներկայացնեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից դատարան ուղարկված փաստաթղթերը:

Մոտ 20 րոպե ընդմիջումից հետո, երբ ոստիկաններն արդեն բերել էին համապատասխան գրությունները, դատավորը վերսկսեց նիստն ու փաստաթղթերը ներկայացրած ոստիկանին նիստերի դահլիճ հրավիրելով՝ մի քանի անգամ հարցրեց, թե արդյոք ՔԿՀ-ի կողմից չի՞ ուղարկվել գրություն այն մասին, որ Իշխան Բարսեղյանն ի վիճակի է ներկայանալ նիստերին: Իսկ այդպիսի գրություն չէր ուղակվել:

Իշխան Բարսեղյանի կողմից ուղարկված մոտ երկու էջանոց գրության մեջ վերջինս գրել էր իր առողջական խնդիրների մասին, ընդգծել, որ զարկերակային ճնշումը հասել է ընդհուպ 220-110-ի, նշել մի շարք այլ հիվանդությունների մասին ևս ու շեշտել, որ ինքը ոչ թե չի ցանկանում, այլ ի վիճակի չէ ներկանալ նիստին: 

«Դատապարտյալների հիվանդանոցի» կողմից էլ համապատասխան գրություն էր ուղարկվել այն մասին, որ այսօր ժամը 13:00-ի դրությամբ Բարսեղյանի զարկերակային ճնշումը 180/110 է եղել, սակայն վերջինս հրաժարվել է բուժօգնությունից:

Նման պայմաններում ամբաստանյալի պաշտպանները միջնորդեցին հետաձգել դատական նիստը, որի դեմ առարկություններ չեղան:

Միայն թե ամբաստանյալ Էլզա Զաքարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ եթե նիստերը շարունակվեն ձգձգվել, ապա իրենք ստիպված կլինեն միջնորդել, որպեսզի Էլզա Զաքարյանի մասը գործից անջատվի: Աթանեսյանը նկատեց նաև, որ այն առողջական վիճակով, որն ունի Իշխան Բարսեղյանը, վերջինս կարողացել է երկար ու հասկանալի, հստակ շարադրանքով  նամակ գրել դատավորին:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց:

Նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում Վարդուհի Էլբակյանը նշեց, որ Բարսեղյանը նախկինում գլխուղեղի կաթված է տարել, և այժմ նրա մոտ արձանագրված մի շարք հիվանդություններ հենց դրա հետևանքն են:

Պաշտպանն այսօր Բարսեղյանի առողջության վերաբերյալ բժշկական եզրակացություն էր վերցրել, որը դեռևս չէր հասցրել թարգմանել հայերեն լեզվով: Այս պատճառաբանությամբ դատավորը հրաժարվել է փաստաթղթերը վերցնել ու կցել գործի նյութերին:

Էլբակյանն անդրադարձավ նաև դատավոր Մարգարյանի հայտարարությանն այն մասին, որ «դեռևս ձեռնպահ է մնում բռնի ուժ կիրառել Բարսեղյանի նկատմամբ»:

«Այնպես չէ որ նախկինում «բռնի ուժ» չի կիրառվել Բարսեղյանի նկատմամբ, նրան հողաթափերով և սպորտային հագուստով բերել են դատարան»,- ասաց Էլբակյանը՝ նկատելով, որ դատավորին օգնության հասնելով՝ մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը «բռնի ուժ կիրառել» տերմինի փոխարեն օգտագործեց «հարկադրանքի միջոց կիրառել» տերմինը:

«Այո, կարող են հարկադրանքի միջոց կիրառել, բայց ոչ հիվանդ մարդու նկատմամբ»,- ասաց Վարդուհի Էլբակյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ