HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է Վարդան Վարդանյանի պաշտպանի բողոքը

«20 տարի ծառայել եմ, կյանքիս մի մասը թողել եմ Հայաստանի սահմաններում, էդ ժամանակ վտանգավոր չէի: Ոնց էղավ, հիմա դարձա հասարակության համար վտանգավոր»,- Վերաքննիչ դատարանում պայմանական վաղաժամկետ ազատման բողոքարկման ժամանակ հայտարարեց Արցախյան պատերազմի մասնակից, պահեստազորի փոխգնդապետ, «Վարդաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող Վարդան Վարդանյանը:

Այսօր Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց «Արժեքների հեղափոխության» գործով «Վարդաշեն» ՔԿՀ-ում արդեն 4 տարի 3 ամիս պատիժը կրող Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի բողոքը։ Վարդան Վարդանյանի պայմանական վաղաժամկետ ազատման հարցը նորից կքննվի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում։

Եթե առաջին ատյանի դատարանն այս անգամ բավարարի պայմանական ազատման մասին դիմումը, ապա պահեստազորի փոխգնդապետ Վարդան Վարդանյանը կդառնա 3-րդ քաղաքացին, ով «Արժեքների հեղափոխության» գործով պայմանական ազատության կվերադառնա: Ամիսներ առաջ պայմանական ազատվել էին Հայկ Հարությունյանը և Ալբերտ Պողոսյանը:

Վարդան Վարդանյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման 2013 թ-ի նոյեմբերի 5-ի գործով, որն առավել հայտնի է «Արժեքների հեղափոխություն» կամ «Շանթ Հարությունյան և մյուսներ» անուններով։ Պատժից արդեն կրել էր 4 տարի 3 ամիս ժամկետը: Պատժի ավարտին մնացել էր 9 ամիս: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը մերժել էր Վարդան Վարդանյանին պայմանական ազատել՝ որոշման հիմքում դնելով 5 տույժի, արարքի համար զղջալու և դատական ծախսի մարված չլինելու հանգամանքը: Պաշտպան Ինեսսա Պետրոսյանը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան:

Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը լսեց Վարդան Վարդանյանին, նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանից ստացավ ԴԱՀԿ-ից ստացված կարճման մասին որոշումը, ըստ որի համապարտության կարգով դեռևս 2015-ին կարճվել է կատարողական վարույթը, 292 հազար դրամ դատական ծախսը վճարվել է:

Ինեսսա Պետրոսյանը նաև ներկայացրեց Վարդան Վարդանյանի առողջական վիճակի մասին փաստաթղթեր, էպիկրիզներ՝ գանգուղեղային տրավմա, աչքերում օտար մարմիններ, վնասվածքները ստացել է զինվորական պարտականություններ կատարելիս:

«Վարդաշեն» ՔԿՀ ներկայացուցիչ, արդարադատության փոխգնդապետ Հրայր Գրիգորյանը Վարդան Վարդանյանի անձնական գործից տեղեկանք ներկայացրեց, ըստ որի՝ 2017-ի օգոստոսի 2-ին Վարդան Վարդանյանը, դրական բնութագրվելով, կիսափակ ռեժիմից տեղափոխվել է կիսաբաց ուղղիչ հիմնարկ:

Դատախազ Գարեգին Իսախանյանը պնդեց իր դիրքորոշումը, թե բողոքը ենթակա է մերժման:

«Ես չեմ ծռվել, որ ինձ ուղղեն․․․ իմ ինքնասիրության դեմ ոչինչ չեմ անելու դուրս գալու համար: Ասում են՝ ներում ինչի չես գրել, չեմ գրի... ուզում են մարդուն կոտրած լինեն»,- դատարանում ասաց Վարդան Վարդանյանը:

2013-ի նոյեմբերի 5-ի դեպքերը նա պայմանավորեց երկրի վիճակով․ «դարձել ենք Ռուսաստանի գաղութը, սոցիալական անարդարություն է: Մեր արդարադատության համակարգը վերածվել է պատժիչ համակարգի: Փոխանակ մարդուն ուղղելու, ավելի են չարացնում․․․»:

Հիշեցնենք, որ 2013 թ-ի նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների» երթի մասնակից 14 քաղաքացիներից 12-ը դատապարտել էին 1,6 -7 տարվա ազատազրկման։ Նրանցից 4-ն արդեն ազատության մեջ են, որոնցից մեկը՝ Հայկ Հարությունյանը պայմանական վաղաժամկետ։ Այս գործով տուժողներ ճանաչված ոստիկանները հիմնականում տուժել էին այնքանով, որ նրանց աչքերն էին մրմռացել: Այդպիսի ցուցմունք էին նրանք տալիս առաջին ատյանի դատարանում:

Մեկնաբանություններ (3)

VՎահան
Շանթ էնց ) գործը( ոչ թե քրեական գործ է- դա պուտլեռին ոռ մտնելու ռեժիմի փորցն է։ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԳԵՐԻՆԵՐԻՆ
Արամ
Ես երկար տարիներ եմ անցկացրել քրեակատարողական հիմնարկներում, որտեղ ժամանակը ,,սպանելու՞ համար ուսումնասիրում էի դատապարտյալների գործերը նրանց օգնելու նպատակով:Ուսունասրրությունների արդյունքում պարզել եմ որ դատապարտյալների 50%-ը անմեղ են,30%-ը դատապարտվել են առանց պատշաճ ապացուցելու մեղադրանքը, որը մեր օրենսդրությամբ նույն անմեղն է, մնացածի մի մասն էլ ուրիշի փոխարեն է դատապարտվել... Իսկ թե ինչպես է ընթանում անմեղ անձին պայմանական վաղաժամկետ ազատելու դատավարությունը, դա հերթական ներկայացումն է իմիտացիա ստեղծելու...
Անժիկ
Երկրի ամոթը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter