HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Դատավոր Անտոնյանի վերջին ապօրինությունը վերաքննիչ դատարանում

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատի դատավոր նշանակվելու օրը Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր, ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ Սուրեն Անտոնյանը, վիճարկող կողմերին դուրս հրավիրելով աշխատասենյակից, գործն առանց քննելու վճիռ է կայացրել: Մեզ հասած լուրերի համաձայն` իր կատարած այս »համարձակ« քայլով նա զարմանք է պատճառել անգամ այն դատավորներին, որոնք երբեք օրինապահությամբ աչքի չեն ընկել: 

Սեպտեմբերի 8-ին Վերաքննիչ դատարանը երկրորդ անգամ պետք է քններ Ամիրյան 15 շենքի բնակիչների դիմումն ընդդեմ Երեւանի քաղաքապետի ու գործով երրորդ անձ ճանաչված «Թոռնիկ Եվա» ՍՊԸ-ի` Երեւանի քաղաքապետի 09.09.2002թ. թիվ 1538-Ա եւ 06.06.03թ. թիվ 1251-Ա որոշումներն անվավեր ճանաչելու եւ անավարտ շինությունը քանդելու պահանջների մասին: Այդ որոշումով Երեւանի քաղաքապետը Ամիրյան 15 շենքի բակն ամբողջությամբ` 100քմ մակերեսով, հատկացրել է «Թոռնիկ Եվա» ՍՊԸ-ին` ավտոտեխսպասարկման կայան կառուցելու համար:

Շենքի բնակիչները, տեղեկանալով այդ մասին, մեծ աղմուկ բարձրացրին` հայտարարելով, որ խախտվել են բնակիչների բազմաթիվ իրավունքները, մասնավորապես շենքի բնակիչների հակահրդեհային ու սանիտարական անվտանգությունն այլեւս ապահովված չէ: 

Փաստաբան եւ գործով հայցվոր Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ նախագահող դատավոր Ս. Անտոնյանը նախապես տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 8-ին նշանակված նիստը հետաձգվելու է, եւ խնդրել էր այդ մասին հայտնել նաեւ Ամիրյան 15 շենքի բնակիչներին, որպեսզի դատարան չգան:

«Այնուամենայնիվ, գործընկերոջս՝ փաստաբան Լուսինե Բակումյանի հետ, որը դատարանի նույն կազմի մոտ այլ գործ ուներ, ապահովության համար մտա վերաքննիչ դատարան՝ անձամբ համոզվելու, որ դատական նիստը չի կայանալու եւ ճշտելու համար հաջորդ նիստի օրն ու ժամը: Դատավորի օգնականը հայտնեց, որ նիստը կայանալու է: Ես շտապ գործի քննությունը հետաձգելու մասին միջնորդություն գրեցի, ինչպես նաեւ` զանգահարեցի շենքի բնակիչներին, որոնցից երեքը ներկայացան դատարան»,-հայտնեց փաստաբանը: 

Նա տեղեկացրեց, որ դատարանի կազմը ժամը 11:00-ին նշանակված դատական նիստը սկսեց ժամը 12-30-ին, դատավոր Լ. Գրիգորյանի աշխատասենյակում, որի պատճառով դատարան ներկայացած հայցվորները՝ Ամիրյան 15 շենքի բնակիչները, հնարավորություն չստացան բարձրանալ եւ մասնակցել իբր կայացած դատական նիստին:

Կողմերը անպատրաստ են ներկայացել դատարան՝ նախապես իմանալով, որ նիստը տեղի չի ունենալու: Գործով երրորդ անձ ճանաչված «Թոռնիկ Եվա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Ումրշատյանը հայտնել է, որ լիազորագիրը չի բերել:

«Ես հայտարարեցի, թե քանի որ նախագահող դատավորը ասել էր, որ գործի քննությունը չի կայանալու, քննությունը հետաձգելու միջնորդություն եմ ներկայացնում: Դատարանը դիմում-միջնորդությունս չընդունեց, իսկ Ս. Անտոնյանն ավելացրեց. «Ինչ կապ ունի, որ ասել եմ, պատրաստվեիք՝ գայիք»,— հայտարարեց, որ գործի քննությունը 30 րոպեով ընդմիջում է` Ա. Ումրշատյանին լիազորագիր ներկայացնելու հնարավորություն տալու համար: Երեսուն րոպե անց մտանք աշխատասենյակ, որտեղ Ս. Անտոնյանը հայտարարեց, որ դատական նիստը տեղի է ունեցել կողմերի բացակայությամբ եւ դիմումը (հայցը) մերժվել է»,-տեղեկացրեց փաստաբանը:

Ամիրյան 15 շենքի բնակիչների շահերը ներկայացնող մյուս փաստաբանը` Կարեն Մեժլումյանը, նույնպես հաստատեց, որ դեռեւս հինգ օր առաջ է դատավոր Ս. Անտոնյանի հետ ճշտել՝ նիստը կայանալու՞ է, թե՞ ոչ, որպեսզի որոշի Սյունիքի մարզում կայանալիք դատական նիստին իր մասնակցության հարցը:

Դատավորը հավաստիացրել է, որ հարյուր տոկոսով դատական նիստը չի կայանալու: Փաստաբան Կ. Մեժլումյանի ասելով, դատավորը նույն պնդումն արել է նաեւ հաջորդ աշխատանքային օրը: 

Փաստաբան Ի. Պետրոսյանը հայտնեց, որ Ամիրյան 15 շենքի բնակիչները երկարատեւ պայքարի միջով էին անցել, մինչեւ հասել էին Վճռաբեկ դատարանի բեկանմանը եւ շատ բախտորոշ պահի չկարողացան մասնակցել դատավարությանը: Իրենք նոր ապացույցներ պետք է ներկայացնեին դատարանին:

«Փաստաբանին խաբելով մոլորության մեջ գցելը, թե դատական նիստը չի կայանալու, իսկ դատարան ներկայանալուց հետո ասել, որ գործի քննությունը ընդմիջվում է 30 րոպեով, եւ այդ ընթացքում գործին մասնակցելու ցանկություն հայտնած կողմերին խաբեությամբ դուրս հրավիրելն ու վճիռ կայացնելը «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության եւ բազմաթիվ այլ իրավունքների կոպիտ եւ չարդարացված խախտում է«,- նշեց փաստաբան Ի.Պետրոսյանը: 

Փաստաբանները հավատացած են, որ արդարադատության խորհրդի անդամ եւ Վճռաբեկ դատարանի նորանշանակ դատավոր Ս. Անտոնյանը նման գործողություններ կարող էր կատարել միայն անպատժելիության վստահություն ունենալով: Ի. Պետրոսյանի կարծիքով, Վերաքննիչ դատարանի դատավորները օրինախախտումները կատարել են դատարանի նախագահ Մ. Կատվալյանի «հանձնարարությամբ»:

Բնակիչները պարզել են, որ ՀՀ քաղ. գործերով վերաքննիչ դատարանի նախագահ Մարատ Կատվալյանը մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվում «Թոռնիկ Եվա» ՍՊԸ-ի անունից հանդես եկող Ռ. Լեւազյանի հետ: Այդ պատճառով Մ. Կատվալյանին ուղղված դիմումով նրանք խնդրել էին ձեռնպահ մնալ դատարանի կազմի վրա հօգուտ «Թոռնիկ Եվա» ՍՊԸ-ի ճնշում գործադրելուց: Բնակիչների խնդրանք-զգուշացումը դատարանը, փաստորեն, անտեսեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter