HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փարաքարի վերակազմավորված դպրոցում աշակերտները հայտնվել են վթարային շենքում

Կառավարության 2017թ. օգոստոսի 24-ի 1051-Ն որոշումով «Փարաքարի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվել և միացվել է «Փարաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին: Նոյեմբերի 6-ից դասերը շարունակվում են արդեն Փարաքարի միջնակարգ դպրոցում: Սակայն միջնակարգ դպրոցը պատրաստ չէր միանգամից ընդունելու մեծ թվով աշակերտների: Խոսքն ամենևին շենքային հնարավորությունների մասին չէ, այլ՝ պայմանների: «Հետք»-ն անդրադարձել է Փարաքարի դպրոցների թնջուկին:

Փարաքարի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սաթենիկ Պետրոսյանը պաշտոնավարում է նոյեմբերի 2-ից: Նա պատմեց, որ Փարաքարի միջնակարգ դպրոցն ուներ 19 կոմպլեկտավորված դասարան, իսկ վերակազմակերպումից հետո 9 դասարան էլ եկել է հիմնական դպրոցից, և դասարանների ընդհանուր թիվը դարձել է 28: Այժմ դպրոցում սովորում է մոտ 600 աշակերտ:

 «28 դասարաններին կարողացանք տեղավորել, դասասենյակներ կային: Բայց մի 2 դասարանի վիճակը շատ ահավոր է, հյուսիսային կողմում են, արև քիչ է ընկնում: Պատուհանները փոխված չեն, հատակը բետոնապատ է»,- ասում է Ս. Պետրոսյանը և հավելում, որ դպրոցն իր հաշվին երկտակ «լինոլյում» է փռել դասարաններում, հավելյալ էլեկտրական ջեռուցիչներով է ջեռուցում, որպեսզի կարողանա տաքություն ապահովել:

Դպրոցը նախագծով ունի 12 հատ զուգարան, սակայն այսօր գործում է դրանցից միայն 4-ը:

«Տարրական դասարաններում 200-ից ավել աշակերտ կա: Դուք պատկերացնու՞մ եք 200 երեխա մեկ զուգարանից է օգտվում: Փոքրերն են ավելի հաճախ օգտվում, և հերթեր են գոյանում»,- նշեց Սաթենիկ Պետրոսյանը:

Տարիներ շարունակ խոսվել է, որ Փարաքարի միջնակարգ դպրոցը վթարային է և ենթակա է քանդման: Նույնիսկ ներկայիս շենքից քիչ հեռու տարածք է առանձնացվել, որպեսզի կառուցվի նոր դպրոց: Դրանից ելնելով էլ` դպրոցի շենքի վրա գրեթե ներդրումներ չեն կատարվել: Դրսից արդեն պոկվում են երեսպատման քարերը, իսկ ներսում աչք են ծակում լայն բացված ճաքերը:

Փոխված չեն դպրոցի պատուհանները: Պոլիէթիլենային թաղանթներով են կանխում պատուհանների արանքներից ներս թափանցող սառը օդի հոսքը: Միայն երկու տարրական դասասենյակների պատուհաններն են փոխված, այն էլ՝ դասվարների ամուսինների միջոցներով:


Ուսուցիչները պատմեցին, որ այժմ խոսվում է դպրոցի շենքն ամրացնելու, ոչ թե նոր դպրոց կառուցելու մասին:

Լաբորատորիները դարձրել են դասասենյակներ, որպեսզի տեղավորեն ևս 9 դասարան: Լաբորատորիա ասվածն էլ հեռու է ժամանակակից լաբորատորիայից: Քիմիա առարկայի համար ունեցել են օդաքարշ պահարան, սակայն դրա անսարք լինելու պատճառով գրեթե փորձեր չեն կատարվել: Իսկ այժմ դասասենյակներում կատարվում են հիմնականում անվնաս փորձերը:

Դպրոցն այսօր չունի հանդիսությունների դահլիճ: Որպես այդպիսին տարածքը կա, սակայն դարձել է անպետք իրերի պահեստ: Խիստ վերանորոգման կարիք է զգացվում: Տանիքը վնասված է, պատուհաններին ապակիներ չկան:

«Իմ երեխաներն այս դպրոցում են սովորել: Վերջին հանդեսը դահլիճում տեղի է ունեցել 2001 թվականին: Դրանից հետո հանդիսությունների դահլիճը չի գործում, ավերակ վիճակում է: Դրսում բեմահարթակի նման բան է կառուցվել, ավարտական միջոցառումներն այդտեղ են կատարվում, իսկ դասարանական փոքր միջոցառումները՝ միջանցքում»,- ասում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Վերանորոգման կարիք ունեն դպրոցի մարզադահլիճը, հանդերձարանները:

Սաթենիկ Պետրոսյանը նշեց, որ կոսմետիկ վերանորոգումներն այլևս արդյունավետ լինել չեն կարող: Դպրոցն իր հաշվին՝ պահպանման ծախսերով, հնարավորություն չունի լուծել ո´չ զուգարանների վերանորոգման, ո´չ պատուհանների փոխման ու ընթացիկ վերանորոգումների հարցերը:

«Եթե պահպանման ծախսերով վերանորոգումները կատարվեն, ամեն տարի հազիվ կարողանանք մեկ դասարան վերանորոգել, 28 տարի կպահանջվի»,- հավելեց Ս. Պետրոսյանը:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կարծիքով, շենքային անմխիթար վիճակը բացասաբար է անդրադառնում  և´ ուսուցիչների, և´ աշակերտների տրամադրվածության վրա: Ս. Պետրոսյանի խոսքերով, մի քանի դասասենյակում տեղադրված էլեկտրական ջեռուցիչները պարբերաբար դժվարություններ են ստեղծում: Իրենք ստիպված են իրենց էներգիան օգտագործել նման տեխնիկական հարցերը լուծելու վրա:

«Նույնն է նաև աշակերտների մոտ: Ինչ դպրոց գան, ամեն ինչը պատրաստի, կոկիկ տեսնեն, տրամադրված սովորեն, թե գան բետոնե հատակի վրա սովորեն, պատուհանից էլ քամին փչի, հիվանդանան»,- նշեց Սաթենիկ Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter