HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վարչապետը չի հերքում, որ ընդունել է Սամվել Կարապետյանի մատուցած ծառայությունը՝ խախտելով օրենքը

«Հետքը», համագործակցելով իր արտասահմանյան գործընկերների հետ (OCCRP-ի «Investigative Dashboard» հարթակ), գտել է այն ինքնաթիռը, որով վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 22-ին Երեւանից մեկնել է Ցյուրիխ՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: Հիշեցնենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի կայքն ու կառավարությունը գաղտնի են պահում չվերթի մասին ինֆորմացիան:

Ինքնաթիռի երթուղին

Ինչպես եզրակացրել էինք նախորդ հոդվածում, օդանավն ամերիկյան «Gulfstream G650» մակնիշի է: Օդանավերի թռիչքներին առցանց հետեւող planefinder.net կայքից տեղականում ենք, որ հունվարի 20-ին՝ Երեւանի ժամանակով 12:35-ի սահմաններում, ինքնաթիռը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից մեկնել է Փարիզ («Լե Բուրժե» օդանավակայան), որտեղ հասել է 3 ժամ անց: Ավելի ուշ այն ուղղություն է վերցրել դեպի Երեւան: 

 

Հունվարի 22-ի առավոտյան «Զվարթնոցից» վարչապետի պատվիրակությամբ ինքնաթիռը մեկնել է Ցյուրիխ, որտեղ վայրէջք է կատարել Երեւանի ժամանակով 15:40-ի սահմաններում: Պատվիրակությանը Շվեյցարիայում թողնելուց հետո «G650»-ը կրկին մեկնել է «Լե Բուրժե»:      

Մալթայական գրանցում

Ինչպես կարելի է նկատել վերեւի նկարներում, օդանավի թռիչքները համակալված են որպես EMM 8, սա Մալթայում գրանցված «Emperor Aviation» ընկերության չվերթն է:

Այն 2013-ին հիմնադրել է վրացի Իրակլի Լիտանիշվիլին: Ընկերությունը գրասենյակներ ունի Մալթայի Բիրկիրկարա քաղաքում եւ Մոսկվայում: «Emperor Aviation»-ը տնօրինում է տարբեր սեփականատերերի պատկանող եւ հիմնականում Մալթայում գրանցված բիզնես դասի ինքնաթիռներ՝ ցանկացողների համար կազմակերպելով չարտերային չվերթներ:

«BizavNews»-ի տեղեկացմամբ՝ «Emperor Aviation»-ն օդանավերի գրանցման համար կիրառում է հետաքրքիր մեթոդ՝ օգտագործելով տարածված տերմիններ՝ VIP, CEO, LUX, BOY: Մալթայի ազգային նիշը 9H-ն է, այսինքն՝ օդանավերի կողային համարները դառնում են 9H-VIP, 9H-CEO եւ այլն: «Համաձայնեք, որ սա ընդգծում է բիզնես ջեթի սեփականտիրոջ անթերի ավիացիոն ոճը»,- գրում է «BizavNews»-ը: Մեր կողմից հավելենք, որ սեփականատերերի շրջանում, որոնք անհայտ մարդիկ չեն, միտում կա նաեւ գրանցման համարի մեջ օգտագործել իրենց անուն-ազգանվան սկզբնատառերը: Օրինակ՝ ռուս կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի՝ Մալթայում գրանցված օդանավերը կրել են 9H-OKI եւ 9H-IKO համարները:     

«Emperor Aviation»-ի Մալթայի գրասենյակի ղեկավար Ամմր Շալադին (Ammr Shaladi) «BizavNews»-ին դեռ 2015-ին պատմել է, որ իրենք հաջողությամբ ղեկավարում են ռուսաստանյան սեփականատերերի բիզնես դասի օդանավեր եւ այդ պրակտիկան օգտագործելու են նախկին ԽՍՀՄ երկրներից հաճախորդներ (իրենց հետ համագործակցող սեփականատերեր) գրավելու նպատակով:

9H-SSK

Օդանավը, որը տեղափոխել է Կ. Կարապետյանի պատվիրակությանը, կրում է 9H-SSK գրանցման համարը: SSK-ն կարող ենք վերծանել որպես Սամվել Սարգսի Կարապետյան:

Ժնեւի օդանավակայանում, 13.10.2017 

Սրահի նկարները հուշում են, որ սա, իսկապես, հենց այն ինքնաթիռն է, որից լուսանկարներ էր հրապարակել վարչապետը:

Օդանավն արտադրվել է 2015-ին ամերիկյան «Gulfstream Aerospace» ընկերության կողմից (գրանցման համարը ի սկզբանե եղել է ամերիկյան՝ N695GA), 2016-ի օգոստոսին ինքնաթիռը տեղափոխվել է Մալթայի օդանավերի ռեգիստր՝ 9H-SSK համարով: Այն նախատեսված է 13 ուղեւորի համար, կարող է թռչել մինչեւ 13 հազար կմ:

Շահերի բախում եւ օրենքի խախտում

«Հետքի» նախորդ հրապարակումից հետո ոմանք տարակուսանք հայտնեցին, թե ինչ վատ է, որ վարչապետն այս շքեղ ինքնաթիռով է հասել Շվեյցարիա, չէ՞ որ երկիրը ներկայացել է պատշաճ մակարդակով, կամ ինչ վատ է, որ, ինչպես հայտնել են կառավարությունից, պետբյուջեից չի վճարվել թռիչքի համար, չէ՞ որ այդ դեպքում նվազագույնը մոտ 15 հազար դոլար է խնայվել հարկատուներիցս: Ոմանք էլ զարմանում էին, թե ինչ շահերի բախման մասին է խոսքը, եթե վարչապետը Սամվել Կարապետյանի ընկերն ու որդու հարսանիքի քավորն է:

Նախ՝ պարզաբանենք, թե ինչ է շահերի բախումը: Դա այն իրավիճակն է, երբ բախվում են նույն անձի տարբեր շահերը, եւ նա ստիպված է լինում ընտրություն կատարել: Տվյալ դեպքում վարչապետն ու նրա թիմը կարիք են ունեցել հասնել Շվեյցարիա՝ ներկայացնելու երկիրը համաշխարհային տնտեսական ֆորումին: Վարչապետի ընկերն ու սանահայրը՝ գործարար Սամվել Կարապետյանը, այսպես ասած, օգնության է հասել: Էական չէ՝ վարչապե՞տն է դիմել նրան խնդրանքով, թե՞ գործարարն է առաջարկել իր օգնությունը: Փաստն այն է, որ ավիափոխադրումը կատարվել է:

Շեշտենք, որ, մեր համոզմամբ, վարչապետի պատվիրակությունից ոչ ոք չվերթի համար իր սեփական գրպանից չի վճարել: Դա անտրամաբանական կլիներ երկու պատճառով. նախ՝ շատ դժվար է հավատալ, որ Կարեն Կարապետյանը (կամ նրա թիմից մեկը) մի չվերթի համար մեծ գումար վճարեր իր ընկերոջը, երկրորդ՝ վճարելու պարագայում կար ավելի մատչելի տարբերակ՝ Երեւանից Ցյուրիխ հասնել որեւէ եվրոպական քաղաքով՝ բիզնես դասի տոմս գնելով միայն վարչապետի համար: Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերին կառավարությունը հայտարարեց, թե ծրագրում են գործուղումների մեկնող պաշտոնյաների, այդ թվում՝ նախարարների համար գնել միայն էկոնոմ դասի տոմսեր:  

Վերադառնալով շահերի բախմանը՝ նշենք, որ ամբողջ խնդիրը հետեւյալն է. օդանավի ծառայություններից օգտվողը չի եղել շարքային քաղաքացի Կարեն Վիլհելմի Կարապետյանը, ով, ասենք, անձնական հանգստի էր մեկնում Շվեյցարիա: Խոսքը բարձրաստիճան պաշտոնատար անձի՝ երկրի երրորդ պաշտոնյայի մասին է, ում պաշտոնական պարտականությունները կատարելիս ծառայություն է մատուցել Հայաստանում բազմաթիվ բիզնեսներ ունեցող, այդ թվում՝ երկրի խոշորագույն հարկատուներից մեկի՝ Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատեր հանդիսացող գործարար Ս. Կարապետյանը: Տարբերությունը, կարծում ենք, ամենացածր իրավագիտակցություն ունեցողն էլ կարող է ընկալել:

Պաշտոնյան, ընդունելով որեւէ անվճար ծառայություն, նվազագույնը բարոյական պարտավորություն է ստանձնում նմանատիպ պատասխան տալ, ինչն էլ ծնում է կոռուպցիոն ռիսկ: Շահերի տարանջատման վերաբերյալ լավ ասացվածք կա. «Ընկերությունը՝ ընկերություն, ծառայությունը՝ ծառայություն» (Дружба дружбой, а служба службой): Այս պարագայում դրանք խառնվել են իրար, քանի որ Կարեն Կարապետյանը նախընտրել է հարմար եւ արագ տեղ հասնելու տարբերակը ու ընդունել մատուցված ծառայությունը:     

Բայց քանի որ շահերի բախում, էթիկա եւ նման հասկացությունները Հայաստանի շատ պաշտոնյաների ու նաեւ հասարակության մի հատվածի համար պարզապես ամորֆ խոսքեր են, «անըմբռնելի» բաներ, խոսենք կոնկրետ դրույթներից՝ օրենքից:

Ցյուրիխ մեկնող ինքնաթիռում եղել է առնվազն 4 հանրային ծառայող՝ Կարեն Կարապետյանը, տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը, վարչապետի խորհրդականներ Արմեն Ավակ Ավակյանը, Ալեքսանդր Խաչատուրյանը:  

«Հանրային ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածով՝ «հանրային ծառայողին եւ բարձրաստիճան պաշտոնատար անձին արգելվում է իր ծառայողական պարտականությունների առնչությամբ այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ»: Այսինքն՝ տվյալ պարագայում խախտվել է օրենքը:  

Անպատասխան հարցեր

Վարչապետին ընդամենը 2 գրավոր հարց էինք ուղղել:

1.«Հետքը» գտել է այն «Gulfstream G650» օդանավը, որով Ձեր գլխավորած պատվիրակությունը հունվարի 22-ին Երեւանից մեկնել է Ցյուրիխ: Գիտենք նաեւ դրա մալթայական գրանցման համարը, որն անմիջականորեն հուշում է գործարար Սամվել Կարապետյանի սեփականություն լինելու մասին: Հարց. արդյոք չեք կարծում, որ այս պարագայում առկա է շահերի բախում, երբ Դուք՝ որպես ՀՀ վարչապետ, օգտվել եք Հայաստանում բազմաթիվ բիզնեսներ ունեցող գործարարի օդանավի ծառայություններից:

2.«Հանրային ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածով՝ հանրային ծառայողին եւ բարձրաստիճան պաշտոնատար անձին արգելվում է ծառայողական պարտականությունների առնչությամբ այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ: Արդյոք Ս. Կարապետյանի կողմից Ձեզ մատուցված եւ Ձեր կողմից ընդունված ծառայության փաստը օրենքի խախտում չէ:     

Կառավարությունից մեր հարցերին չեն պատասխանել, ինչը նշանակում է, որ վարչապետը որեւէ կերպ չի հերքում շահերի բախման եւ օրենքի խախտման փաստը: Մյուս կողմից՝ Կ. Կարապետյանը չի ասում, թե ինքն իր գրպանից վճարել է ծառայության դիմաց՝ հաստատելով պնդումը, որ օդանավը նրա պատվիրակությանը սպասարկել է անվճար:  

Վարչապետի լուսանկարները (ԱԺ-ում)՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (1)

Վաչե
Զարմանալի է, որ Կարեն Կրապետյանը դուրս է մնացել ԱՄՆ սև ցուկից։ Նա ոչնչով չի տարբերվում Սամվել Կարապետյանից կամ Դմրտրի Մեդվեդևից։ Սակայն նրա տեղը զեկույցի գաղտնի մասում երաշխավորված է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter