HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ինչ ասես ունի»,- ասում է կաշառք ստանալու մեջ մեղադրվող քննիչի փաստաբանը

Երևան քաղաքի ընդհանուր  իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ փաստաբան Գայանե Գալոյանի, Էրեբունի  և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Միքայել Զադայանի և քաղաքացի Բաբկեն Գասպարյանի մասնակցությամբ կաշառքի վերաբերյալ քրեական գործի քննությունը:

Փաստաբան Գայանե Գալոյանին այս գործի շրջանակներում  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  օժանդակել է Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով անցնող իր պաշտպանյալ Սոս Գասպարյանի օգտին կաշառք ստանալուն:

Քննիչ Միքայել Զադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր վարույթում քննվող քրեական գործով Էրեբունի և Նուբարշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի հետ նախնական համաձայնությամբ քաղաքացի Բաբկեն Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց, Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից ստացել են առանձնապես խոշոր չափի կաշառք:

Նույն գործի շրջանակներում Բաբկեն Գասպարյանն էլ մեղադրվում է  կաշառք տալու մեջ:

Այսօրվա դատական նիստին քննիչ Միքայել Զադոյանի փաստաբանները մի քանի միջնորդություն ներկայացրին դատարանին: Դրանցից մեկը վերաբերում էր Զադոյանին պատկանող գույքի մի մասը կալանքից ազատելուն: Ըստ Զադոյանի փաստաբան Հրանտ Անանյանի` գործով ենթադրյալ կաշառքի չափը` հնարավոր օգուտը,  3000 ԱՄՆ դոլար է, սակայն կալանք է դրվել Զադոյանի ամբողջ գույքի վրա:

Անանյանի խոսքով` Միքայել Զադոյանի միայն մեքենաներից մեկն արժե 1մլն 300 հզր. դրամից ավելի, որը գրեթե համարժեք է 3000 ԱՄՆ դոլարին:

Ուստի փաստաբանը միջնորդեց Զադոյանին պատկանող գույքը կալանքից ազատել` կալանքի տակ պահելով միայն մեքենան:

Զադոյանն, ինչպես պարզվեց, մեկ այլ մեքենա, տուն, հողամաս ունի:

«Ինչ ասես ունի»,- Զադայանի` կալանքի տակ գտնվող գույքի մասին խոսելիս ասաց փաստաբան Հրանտ Անանյանը:

Դատարանը, սակայն, այդ պահին միջնորդությունը չլուծեց: Դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ Անանյանի կողմից ներկայացվել է փաստաթուղթ, որում ինչ- որ կազմակերպության կողմից գնահատվել է Զադայանի մեքենան, սակայն որևէ փաստաթուղթ առ այն, որ տվյալ կազմակերպությունը գույք գնահատելու լիզենզիա ունի, դատարան չի ներկայացվել: Բացի այդ`  մեքենայի գինը ցանկացած պահի կարող է փոխվել, և եթե հետագայում գույքի բռնագրավման հարց առաջանա, ապա, հնարավոր է, կալանքի տակ գտնվող մեքենայի արժեքը բավարար չլինի:

Նշենք, որ այս գործից քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի մասն անջատվել է, վերջինս նկատմամբ, ի տարբերություն, Զադոյանի, ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց է ընտրվել: Զադոյանի պաշտպաններից Սիմոն Ամիրխանյանը դատարանին միջնորդեց այդ գործով դատակոչված վկաների ցանկում ավելացնել նաև Եղիազայանին, և դատարանը միջնորդությունը բավարարեց:

Միջնորդություն ներկայացվեց նաև Զադոյանի խափանման միջոցը կալանավորումը մեկ միլիոն դրամ գրավով փոխարինելու վերաբերյալ, սակայն միջնորդության քննությունը հետաձգվեց մինչև հաջորդ դատական նիստ:

Գլխավոր լուսանկարում դատավոր Մեսրոպ Մակյանն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter