HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԵԱՏՄ-ին միանալուց հետո. Հայաստանի երեք տարվա տնտեսական զարգացումները

Ինչպես և ինչից սկսվեց

2013 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը (որն հետագայում պետք է դառնար Եվրասիական տնտեսական միություն)։   

Արդեն 2015 թվականի հունվարին Հայաստանը միացավ  Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)՝ Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի հետ միասին դառնալով Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ:  Հայտարարվեց, որ Հայաստանը, մուտք գործելով Միության՝ շուրջ 170 մլն բնակչություն միասնական շուկա, ստանձնում է համապատասխան պարտավորություններ: Հետագայում միությունը համալրեց նաև Ղրղզստանը։ Շուկան այսօր ավելի քան 180 միլիոնանոց է։

Նախագահ Սարգսյանի՝ 2013-ի սեպտեմբերին արած հայտարարությունից հետո Հայաստանում սկսվեցին բուռն քննարկումները, թե որքանով է սա շահավետ գործարք Հայաստանի համար։ Մինչ օրս էլ այս հարցը նույնքան բուռն քննարկվում է։

Գլխավոր հարցերից մեկը մնում այն, թե ի՞նչ վիճակ կստեղծվեր, եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին։ 2015  թվականին՝ ԵԱՏՄ-ին միանալու առաջին տարում, Հայաստանի տնտեսական մի շարք ցուցանիշներ անկում գրանցեցին։ Այդ տարին համընկավ Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացման ժամանակաշրջանի հետ, որը գլխավորապես պայմանավորված էր այս երկրի նկատմամբ արևմուտքի կիրառած պատժամիջոցներով, ինչպես նաև նավթի միջազգային գների անկմամբ։ Հայաստանի իշխանություններն այս առիթով հայտարարում են, որ հայաստանյան տնտեսության վիճակն ավելի վատ կլիներ, եթե չանդամակցեր ԵԱՏՄ-ին։ Մասնավորապես, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը պատվիրել էր «Ավագ Սոլյուշնս» խորհրդատվական-վերլուծական ընկերությանը վերլուծել, թե ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա ԵԱՏՄ-ին անդամակցությունը։ Կազմվեց զեկույց 2015 թվականի առաջին կիսամյակի տվյալների հիման վրա։ Այստեղ թեև հստակ եզրակացություններ չեն արվել, սակայն հիմնական գաղափարը կրկին այն էր, որ Հայաստանի տնտեսությունը կտուժեր, եթե երկիրը չանադամկցեր ԵԱՏՄ-ին։ Օրինակ, ընդգծվել է, որ եթե Հայաստանը ԵԱՏՄ անդամ չլիներ, ապա Ռուսաստանից Հայաստան ներմուծվող գազի գինը կբարձրանար։

Իսկ ԵԱՏՄ-ի անդամակցությանը դեմ արտահայտվողները հիմնականում համարում են, որ Հայաստանն այդպիսով մեծացրեց տնտեսական և քաղաքական կախվածությունը Ռուսաստանից և ավելի զգայուն դարձավ Ռուսաստանում գրանցվող տնտեսական «վայրիվերումների» նկատմամբ։

Իրականում, հստակ պատասխանել հարցերին՝ ԵԱՏՄ-ում մնալ, թե դուրս գալ, շահել է Հայաստանը այս կառույցին անդամակցելով, թե՞ ոչ, հնարավոր չի թվում, քանի որ թե դեմ, թե կողմ արտահայտվողները իրենց փաստարկերն ու հակափաստարկներն ունեն։

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը համարում է, որ Հայաստանը պետք է չանդամակցեր ԵԱՏՄ-ին՝ առանց մաքսատուրքերի հարցերը հստակեցնելու։ Ըստ նրա՝ պետք է ընտրվեին այնպիսի մաքսատուրքեր, որոնք երկրի համար արտաքին տնտեսական կապերի առումով կստեղծին հավասար հնարավորություններ Ռուսաստանի, Եվրոպական միության,  ԱՄՆ, Իրանի ու Վրաստանի հետ առևտրում։  Ըստ նրա, անդամակցելով ԵԱՏՄ-ին, Հայաստանը կորցրել է մի շարք երկրների հետ մաքսային արտոնություններով աշխատելու հնարավորությունը։

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը էլ համարում է, որ  ԵԱՏՄ-ին միանալը Հայաստանի համար նոր հնարավորություններ է ընձեռել։ «Օրինակ՝ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև։  Կարևոր է, որ ԵԱՏՄ-ն և Իրանը ազատ առևտրի համաձայնագիր ունենան: Իրանը 80-միլիոնանոց շուկա ունի, և ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել այդ երկրի հետ ազատ առևտրի համաձայնագիր ունենալու հնարավորությունը»,- ընդգծում է տնտեսագետը:

Տեսնենք,  թե տնտեսական ինչ ցուցանիշներ են արձանագրվել Հայաստանում ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո։

Տնտեսական աճը

ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո առաջին երկու տարիներին Հայաստանում տնտեսական աճի ցածր տեմպեր են գրանցվել։ Մասնավորապես, ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ 2015 թվականին տնտեսական աճը կազմել է  Հայաստանում 3.2%, իսկ 2016 թվական նվազել մինչև 0.2%: Համեմատության համար նշենք, որ 2013 թվականին այն կազմել է 3.3%, իսկ 2014-ին՝ 3.6%:

Տնտեսական աճի վերաբերյալ ուշագրավ էր 2016-ի օգոստոսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը։ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտնինն իր խոսքում նշեց, որ ԵԱՏՄ-ին  անդամակցելուց  հետո Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 10%-ով: Սա իսկական գլուխկոտրուկ էր հայ տնտեսագետների և պարզապես ոլորտով հետաքրքրվողների համար, քանի որ այդպես էլ չպարզվեց, թե հաշվարկների ի՞նչ տրամաբանությամբ է ստացվել 10% աճը։  Այստեղ կա նաև երկրորդ հարցը՝ որքանո՞վ է Հայաստանի տնտեսական աճը պայմանավորված ԵԱՏՄ անդամակցությամբ։ Եթե, իսկապես, այն զգալի ազդեցություն ունի, ապա ստացվում է, որ  այդ ազդեցությունը բավականին բացասական է թե 2015-ին և առավելապես թե 2016-ին, քանի որ տնտեսական աճի տեմպերը նվազել են։  Սակայն տնտեսական աճը կապել միայն ԵԱՏՄ-ի հետ, սուբյեկտիվ կլինի, քանի որ Հայաստանի տնտեսությունը կախում ունի նաև միջազգային գործոններից։ Օրինակ՝ պղնձի միջազգային շուկայի իրավիճակից, քանի որ պղինձը Հայաստանի արտահանման կազմում առաջատարն է։ Եվ, իհարկե, երկրի ներքին գործոններից։

Իսկ  2017  թվականին տնտեսական աճի տեմպերն, ըստ պաշտոնական վիճակագրության, արագացել են։ Թեև տարեկան արդյունքները դեռևս չեն հրապարակվել, սակայն, ինչպես սպասվում է, տնտեսական աճը կկազմի շուրջ 7%:

Կառույցի ներսում Հայաստանն ակտիվ առևտուր է անում միայն Ռուսաստանի հետ

ԵԱՏՄ-ի ներսում Հայաստանը առևտրային ակտիվ հարաբերություններ ունի միայն Ռուսաստանի հետ։ Երբ Հայաստանն արդեն ցանկություն էր հայտնել անդամակցել ԵԱՏՄ-ին, իշխանությունները հայտարարեցին, որ դա լայն շուկա է բացելու առաջին հերթին հայ արտահանողների համար և խթանելու է տեղական արտադրությունը։ Նշվում էր, որ սպասվում է դեպի Ռուսաստան արտահանման կտրուկ աճ։ Սակայն, հենց 2015-ին այդ հույսերը չարդարացան։

Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության` 2015 թվականին, ՀՀ-ից դեպի Ռուսաստան արտահանումը, 2014-ի համեմատ, կրճատվեց ավելի քան 20%-ով։ Սա հիմնականում Ռուսաստանի տնտեսական վիճակի վատացման և ռուսաստանյան ռուբլու արժեզրկման հետևանքն էր։ Իսկ Հայաստանից ընդհանուր արտահանումը 2015-ին նվազեց 4%-ով։

2016-ին, 2015-ի համեմատ, արտահանման մասով որոշակի առաջընթաց գրանցվեց։ Այն աճեց 20%-ով։ Մասնավորապես, դեպի Ռուսաստան արտահանումն աճեց ավելի քան 50%-ով։ Սակայն, նկատենք, որ արտահանման աճը պայմանավորված էր նաև նախորդ տարի գրանցված կտրուկ անկմամբ։ Այսինքն՝ համեմատվում էր ցածր ցուցանիշի հետ։

Իսկ 2017 թվականին Հայաստանից արտահանումը, ըստ պաշտոնական վիճակագրության, աճել է 25.2%-ով։ Մասնավորապես, դեպի Ռուսաստան արտահանման աճը կազմել է 44.6%:

Իսկ ինչ վերաբերում է ԵԱՏՄ մյուս գործընկեր երկրներին, ապա Հայաստանի  արտաքին առևտուրը նրանց հետ ակտիվ չէ։ Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին Հայաստանի ամբողջ արտաքին առևտրի  26.7%-ը բաժին է ընկել Ռուսաստանին, Բելառուսի կշիռն այստեղ ընդամենը  0.7% է, Ղազախստանինը՝  0.1%, իսկ Ղրղզստանի կշիռն այնքան փոքր է, որ պաշտոնական վիճակագրության զեկույցում այն առանձին տողով չի ներկայացվել։

Այսպիսով, չնայած Հայաստանը երեք  տարի է ԵԱՏՄ անդամ է, սակայն ակտիվ առևտրային հարաբերությունների մեջ է միայն Ռուսաստանի հետ:

Ընդհանուր առմամբ, 2017 թվականին Հայաստանի արտաքին առևտրում ԱՊՀ երկրները, որտեղ պետք է հիմնականում նկատի ունենալ հենց Ռուսաստանի կշիռը, զբաղեցրել են շուրջ 30%-ը։ Համեմատության համար նշենք, որ ԵՄ երկրներին բաժին է հասել շուրջ 24%-ը։ Նշված տարում Հայաստանից ԱՊՀ երկրներ արտահանումն աճել է 40.3%-ով, դեպի ԵՄ երկրներ՝ 32.2%:

Տրանսֆերտային վայրիվերումները

Հայաստանն ամեն տարի մեծ ծավալի գումարներ է ստանում արտերկրից՝ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումների տեսքով։ Այստեղ մեծ կշիռ ունեն Ռուսաստանից կատարվող տրանսֆերտները։ Դրանք այն գումարներն են, որոնք ուղարկում են Ռուսաստանում աշխատող հայերը Հայաստանում գտվող իրենց հայրենակիցներին։ Հայաստանում մի շարք ընտանիքներ ապրում են հենց այդ տրանսֆերտներով։ Դա նրանց եկամտի հիմնական աղբյուրն է։

2015 թվականը չափազանց դժվար տարի էր այդ ընտանիքների համար, քանի որ Ռուսաստանից ուղարկվող գումարները կտրուկ նվազեցին։ Այդ տարի ռուսական ռուբլու արժեզրկումը մեծ բացասական ազդեցություն ունեցավ Ռուսաստանում աշխատող հայերի վաստակած գումարների վրա։ 2015 թվականին Հայաստան դրամական փոխանցումները կազմել են ավելի քան 1.6 մլրդ դոլարին համարժեք գումար, որը  0.5 մլրդ դոլարով կամ շուրջ 23%-ով պակաս էր 2014-ի ցուցանիշից։  Միայն Ռուսաստանից կատարված փոխանցումները կազմել են ավելի քան 1 մլրդ դոլար, նվազումը՝ 0.5 մլրդ դոլար կամ  ավելի քան 35%։

Նվազումը շարունակվեց նաև 2016 թվականին, սակայն՝ ավելի դանդաղ տեմպերով։ Տարեկան կտրվածքով տրանսֆերտները նվազեցին 6%-ով։ Միայն Ռուսաստանից ուղարկված գումարները կազմել են մոտ 897 մլն դոլար, ինչը 2015-ի համեմատ նվազել է 11%-ով։

2017 թ․-ին տրանսֆերտների մասով աճ է արձանագրվել։ Հայաստանի կենտրոնական բանկը մեկնաբանում է, որ նվազող գնաճային սպասումների պայմաններում ռուսական ռուբլին շարունակում է ամրապնդվել։

2017  թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են փոխանցել ընդհանուր առմամբ ավելի քան 1.7 մլրդ դոլար՝ մոտ 224 մլն դոլարով կամ մոտ 16%-ով ավելին, քան 2016-ին։ Ռուսաստանից փոխանցվել է մոտ 1 մլրդ դոլար, աճը՝ 168 մլն դոլար կամ  18.7%:

Եվրոպական միության հետ համաձայնագրի ստորագրումը

Հայաստանի  մի շարք փորձագետներ, դեմ արտահայտվելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, բազմիցս նշել են, որ Հայաստանի համար ավելի բարենպաստ իրավիճակ կստեղծվեր, եթե երկիրը միանար Եվրամիությանը։

2017 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Համաձայնագրի չորրորդ մասը նվիրված է տնտեսական համագործակցությանը։ Այդ հատվածում շոշափվում են արտաքին առևտրին, մաքսային ոլորտին, էներգետիկային, ներդրումներին, հարկային համակարգին, մակրոտնտեսական քաղաքականությանը և տնտեսության այլ ճյուղերին վերաբերող հարցեր։

Փորձագետները, սակայն, առայժմ դժվարանում են հստակ գնահատականներ տալ, թե ապագայում ինչ արդյունքներ կտա այս համաձայանագիրը, քանի որ ստորագրումից դեռևս կարճ ժամանակ է անցել։ Համենայնդեպս, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Հայաստանում առավելապես դրական ընդունվեց։

Լուսանկարը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքի

Նյութը պատրաստել է Կոդա ցանցը` Coda Story, Ukrayinska Pravda, Spektr, Kloop եւ «Հետք» անկախ լրատվամիջոցների համագործակցության արդյունքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter