HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Դիլիջանի ծառահատումները «կոտրել են» անփորձ տեսուչի գլխին․ 9 ամիս է մեղադրանքը չի հաստատվում

Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արմեն Նորայրի Սարգսյանն արդեն մոտ 9 ամիս կալանավորված է կաշառք ստանալու մեղադրանքով, դատաքննությունը ձգձգվում է, հանցանքը չի ապացուցվում։ Արմենին կաշառք տալու հաղորդում ներկայացրած անձն ազատության մեջ է, կաշառատվության համար նրան մեղադրանք չի առաջադրվել։ Եվ չնայած նա դատարանում հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքից, հերքել է, թե կաշառք է տվել, բայց դատարանը շարունակում է երկու անչափահաս երեխաների հայր Արմեն Սարգսյանին պահել կալանքի մեջ։

Նախապատմություն

 2017 թվականի մարտի 27-ին արշավորդ եւ լեռնագնաց Տիգրան Շահբազյանը «Դիլիջան» ազգային պարկի տարածքում հանդիպելով հատված ծառերի կոճղերի, այդ մասին գրառում էր կատարել ֆեյսբուքում։ «Հետք»-ն անդրադարձել էր ահազանգին, ինչի հիման վրա պետական մարմինները սկսել էին ստուգումներ իրականացնել պարկի տարածքում։

 «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի արդեն նախկին տեղակալ Վաղինակ Վասիլյանը հանձնարարում է հատուկ ջոկատի աշխատակիցներին (ջոկատը վերահսկում է տեսուչների աշխատանքը)՝ ուսումնասիրել Հաղարծին-6 տեղամասը: Արմեն Սարգսյանը, որն ազգային պարկի հատուկ ջոկատում աշխատանքի էր անցել այդ հանձնարարականից մոտ 10 օր առաջ (հրամանագրով՝ 2017 թվականի մարտի 17-ին, ուրբաթ օրը, փաստացի՝ երկուշաբթի, մարտի 20-ին), ընդգրկվում է ստուգողների խմբում։

Ստուգումների առաջին օրը հատուկ ջոկատի տեսուչները հայտնաբերում են 208 հատված հաստաբուն ծառ, ինչի վերաբերյալ բանավոր զեկուցում են Վաղինակ Վասիլյանին, միաժամանակ տեղեկացնելով, որ դեռ հարյուրավոր հատած ծառեր էլ կան: Վասիլյանի հանձնարարությամբ՝ ստուգումները շարունակվել են եւս մի քանի օր: Արդյունքում հայտնաբերվում է 415 հաստաբուն հատված ծառ: Ջոկատի ավագ Արտավազդ Խաչատրյանն այս ամենը ազգային պարկի ղեկավարությանն է ներկայացնում գրավոր։ Վաղինակ Վասիլյանը հայտնաբերված 415 ծառի հատումներից միայն 100-ի մասին է տեղեկացնում ոստիկանությանը։ (Շատ ավելի ուշ Վասիլյանին մեղադրանք կառաջադրվի եւ նրա նկատմամբ կհայտարարվի հետախուզում)։

Ինչպես Արմենը հետագայում պատմել է իր շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Կարեն Բատիկյանին, ինչպես նաեւ՝ նախաքննության ընթացքում եւ դատարանում, ստուգումների ընթացքում հեռախոսազանգ է ստացել Հաղարծին գյուղի բնակիչ Սամվել Թամրազյանից, որն անասնապահական ֆերմա ունի ազգային պարկի տարածքում, եւ որի առկայությունն, ի դեպ, պարկի ղեկավարությունը հերքում է։ Թամրազյանը հեռվից նկատած լինելով, որ տեսուչների խումբ է աշխատում Հաղարծին-6-ում, Սարգսյանին հարցրել է, թե ի՞նչ ստուգումներ են: Պատասխան ստանալով, Թամրազյանը հոխորտացել է՝ «դուք չգիտե՞ք, որ դա հորաքրոջս ամուսնու տարածքն է»։ Խոսքը Հաղարծին-6 տեղամասի պետ Սարգիս Բեգլարյանի մասին է։ Թամրազյանը նաեւ ասել է․ «Ես էլ եմ էդ տարածքից ծառեր հատել, էդ իմ վրա եք ստուգումներ անու՞մ»: Արմեն Սարգսյանն այս խոսքերին նշանակություն չի տվել։ 

Արմեն Սարգսյանի եւ գործընկերների կատարած պատշաճ աշխատանքի հիման վրա, նրանց բացահայտումները հիմք ընդունելով, ապրիլի 20-ին ապօրինի ծառահատումների փաստով հարուցվում է քրեական գործ:

Ցուցմունք՝ որդուն փրկելու համար 

100 ծառերն ապօրինի հատողներին հայտնաբերելու նպատակով ոստիկանությունը սկսում է ստուգել հաղարծինցիների բակերը եւ այնտեղ վառելափայտ որոնել: Հաղարծին գյուղի բնակիչ Թամրազ Թամրազյանի բակում հայտնաբերվում է վառելափայտ: Տանտերը, որ հանդիսանում է Սամվել Թամրազյանի խնամին, ոստիկաններին հայտնում է, որ փայտը պատկանում է իր փեսա Գարիկին՝ Սամվելի որդուն: Գարիկն իր հերթին հետաքննիչին բանավոր հայտնում է, որ 2017 թվականի մարտ ամսվա սկզբին, չունենալով թույլտվություն, Հաղարծին գյուղի վերեւի անտառներում 5 կանգուն հաճարենի է հատել: Այս ամենը բառացի նշված է փայտը հայտնաբերելու արձանագրության մեջ։ Սակայն ժամեր անց որդու պատմածներին հակասող բացատրություն է տալիս հայրը՝ Սամվել Թամրազյանը, նշելով, որ իրականում անտառափայտն ինքն է բերել անտառից, Արմեն Սարգսյանին 140 հազար դրամով կաշառելու ճանապարհով։ Թամրազյանն այնուհետեւ կաշառք տալու վերաբերյալ հաղորդում է ներկայացնում Դիլիջանի ոստիկանություն:

2017 թվականի մայիսի 3-ին տրված հաղորդումը տեսաձայնագրվել է, որը հետո ցուցադրվել է դատարանում: Տեսանյութում երեւում է, թե ինչպես են իրավապահները Սամվել Թամրազյանին օգնում հաղորդում գրել։ Քննիչը շարադրում է, Թամրազյանը՝ գրում:

Արմեն Սարգսյանը

Մայիսի 12-ին երեկոյան ժամը 11-ի սահմաններում Արմեն Սարգսյանին հրավիրում են Դիլիջանի քննչական բաժին եւ հայտնում որ Սամվել Թամրազյանը կաշառք տալու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել: Արմենը ոստիկաններին ասում է, որ դա իր համար զարմանալի չէ, եւ պատմում է, որ շաբաթներ առաջ Թամրազյանն իրեն եւ գործընկերոջը՝ Կամո Պողոսյանին, սպառնացել է, որ որդուն պատասխանատվությունից փրկելու համար ոստիկանությունում սուտ մատնություն կանի։ Չնայած Արմենի պատմածներին, նրան տեղում ձերբակալում են, մեղադրանք առաջադրելով Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով՝ միանձնյա կաշառք վերցնելու համար: Օրեր անց մեղադրանքը փոխվում է 311-րդ հոդվածի 2-րդ մասի, այսինքն՝ մի խումբ անձանց կողմից կաշառք վերցնելը, որն ավելի ծանր հոդված է, պատժվում է 4-10 տարվա ազատազրկմամբ: Ազգային պարկի աշխատակից Կամո Պողոսյանը նույնպես ձերբակալվում է:

Քրեական գործով ապացուցված է, որ Սամվել Թամրազյանը եւ Արմեն Սարգսյանը փոխադարձ զանգեր են կատարել մարտի այդ օրերին: Ըստ փաստաբան Բատիկյանի, առերեսման ժամանակ Արմեն Սարգսյանն ապացուցել է, որ Թամրազյանը տեսուչներին ինֆորմացիա էր տալիս անտառ մտնող-դուրս եկողների մասին, ինչի դիմաց անտառապահները նրան թույլատրել են երբեմն օգտվել անտառից՝ չոր փայտ հավաքել եւ այլն: Առերեսման ժամանակ Սարգսյանը Թամրազյանին հիշեցրել է, որ վերջինս մարտի 29-ին եւ 30-ին ահազանգել է Դիլիջանի մի բնակչի կողմից ապօրինի ծառահատումների մասին, եւ որ հետո այդ քաղաքացու նկատմամբ 3 միլիոն դրամի ակտ է կազմվել: Փաստաբան Բատիկյանը ազգային պարկին ուղղած հարցման արդյունքում պարզել է, որ իրականում նման վարչական ակտեր գոյություն ունեն, եւ իր պաշտպանյալի պատմածները իրականություն են։

Կարեւոր ու որոշիչ հանգամանքներ

Արմեն Սարգսյանի կողմից կաշառք վերցնելու ոչ մի ապացույց չկա, իսկ այսպես ասած ապացույցները բացառապես Սամվել Թամրազյանի եւ նրա ընտանիքի անդամների՝ որդու, կնոջ, մոր եւ հոր ցուցմունքներն են։ Նրանք բոլորը գործի ելքով շահագրգռված անձինք են, քանի որ եթե իրենց ցուցմունքները ետ վերցնեն, ապա փաստացի անտառահատման համար պատասխանատվության կենթարկվի Գարիկ Թամրազյանը։

Փաստաբան Կարեն Բատիկյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ իր պաշտպանյալը մարտ ամսվա սկզբին ազգային պարկում չէր աշխատում: Երկրորդը, երբ նա սկսել է ազգային պարկում աշխատել, պաշտոնյա չի համարվել, որեւէ տեղամասում չի ունեցել ծառահատման թույլտվություն տրամադրելու լիազորութուն։ Նա ընդամենը հատուկ ջոկատի տեսուչ էր։ Երրորդը, Սամվել Թամրազյանի հաղորդումը ծանր հանցագործության մասին է եւ, ըստ փաստաբանի, հաղորդումից հետո պետք է անհապաղ քրեական գործ հարուցվեր, սկսվեր գործի վարույթը, անհետաձգելի գործողություններ կատարվեին: Սակայն քրեական գործ է հարուցվել միայն մայիսի 11-ին՝ Տավուշի մարզի դատախազի տեղակալի որոշմամբ, ինչը անհասկանալի է:

Կարեն Բատիկյանը պատմում է, որ քննիչները Գագիկ Թամրազյանին այլեւս ոչ մի հարց չեն տվել այն մասին, թե ինչ եղավ նրա կողմից կանգուն հաճարենիներ հատելու պատմությունը, եւ ինչպե՞ս այն վերածվեց կաշառքի գործի: Եվ չի կարող կաշառք վերցնողը մեղադրվել, իսկ կաշառք տվողը մնալ ազատության մեջ է եւ հանդես գալ որպես վկա։

«Սա թերեւս իրավապահ մարմինների ամենակարեւոր խախտումն է. Քրեական դատավարության մասին օրենսգիրքը, ինչպես նաեւ ազգային ու եվրոպական դատարանների նախադեպային որոշումները պնդում են, որ եթե դատավարական որոշումներում մարդու վերաբերյալ կան մեղադրող ձեւակերպումներ, տվյալ անձը պետք է հարցաքննվի կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակում: Քրեական գործում նշված է, որ Սամվել Թամրազյանը կաշառք է տվել Արմեն Սարգսյանին: Ստացվում է, որ մենք ունենք հանցագործության երկու դեպք: Եթե կաշառք տվող անձն այդ մասին հաղորդում է տալիս եռօրյա ժամկետում, ազատվում է պատասխանատվությունից: Սամվել Թամրազյանը եռօրյա ժամկետը մեղմ ասած խախտել է։ ՔրԴատՕր-ը ձեւակերպում է՝ մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել եւ օգտագործվել այնպիսի ապացույցներ, որոնք ձեռք են բերվել օրենքի խախտումներով: Հիմա Սամվել Թամրազյանի բոլոր ցուցմունքները՝ անկախ նրանից սպանության, թե տեռորիստական ակտի մասին է, պետք է ուղղակի պատռել ու աղբաման նետել: Բայց իրավապահ մարմինները շարունակում են այդ ցուցմունքների հիման վրա կալանքի տակ պահել Արմեն Սարգսյանին»,-ասում է փաստաբանը:

Բատիկյանը դատարանին միջնորդություններ է ներկայացրել Թամրազյանի՝ վկայի կարգավիճակով հարցաքննելու մասին, պահանջելով, որպեսզի կամ նրա ցուցմունքները ճանաչվեն անթույլատրելի, կամ նրան եւս մեղադրանք առաջադրեն: Հասկանալով, որ իրեն կարող է մեղադրանք առաջադրվել կաշառք տալու փաստով, Սամվել Թամրազյանը դատարանում հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքներից, սակայն դատարանը շարունակում է կալանքի տակ պահել Արմեն Սարգսյանին։

Անիմաստ ձգձգումներ, միմյանց փոխարինող դատախազներ

Գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավորը Ռաֆիկ Մելքոնյանն է։ Դատական պրոցեսն առաջ չի գնում։ Տպավորություն է, որ դատարանը կանգնել է փակուղու առաջ, բայց ինչ որ մեկին արդյունք է պետք։ Կարեն Բատիկյանը համարում է, որ Արմեն Սարգսյանն ու Կամո Պողոսյանն ընդամենը քավության նոխազ են:

Դատական նիստերին երբեմն վկաները չեն ներկայանում, երբեմն՝ դատավորը, արդեն 4-5 անգամ մեղադրող դատախազի  նիստին  չներկայանալու  կամ վերջինիս փոխվելու  պատճառով  դատական  նիստերը  հետաձգվում  են։ Մեղադրանքը դատարանում լսելով, Սամվել Թամրազյանը նախաքննության ընթացքում իր կողմից նշած բոլոր հանգամանքները հերքել է, ասելով, որ ցուցմունքը ստորագրել է  քննիչին  վստահելով`  առանց ընթերցելու:

Սա նշանակում է, որ Արմեն Սարգսյանը պետք է դատարանի դահլիճից ազատ արձակվեր, իսկ մեղադրանքը՝ հանվեր։

Ոստիկանները սպառնում են վկաներին 

Արմեն Սարգսյանը մասնագիտությամբ պատմաբան է։ Ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա։ Կինը՝ Շուշանիկ Քոչարյանը, «Հետք»-ի հետ զրույցում պատմեց, որ ամուսինը մինչեւ 2017 թվականը ազգային պարկում կամ անտառների կառավարման հետ առնչություն ունեցող որեւէ աշխատանք կամ պաշտոն չի զբաղեցրել։

«Եթե ամուսինս իրոք կաշառք է վերցրել, թող դատարանն ապացուցի եւ համապատախան պատիժ տա։ Իսկ եթե նա կապ չունի այս պատմության հետ, թող լինի ազատության մեջ։ Բայց գործը տեղից չի շարժվում։ Ինչու՞ պետք է երկու երեխաների հորը 9 ամիս պահեն կալանքի տակ, այն էլ՝ առանց մեղքը հիմնավորող ապացույցների։ Արմենին կալանքի տակ են պահում, որպեսզի իբր նա չազդի Սամվել Թամրազյանի վրա։ Բայց Թամրազյանն արդեն դատարանում ցուցմունք է տվել, Արմենն էլ ինչպե՞ս կարող է ազդել նրա վրա։ Թող իմ ամուսնուն կալանքից ազատեն, վերադառնա ընտանիք»,-ասաց Շուշանիկը։

Արմենի հայրը՝ Նորայր Սարգսյանը, ասում է․ «Եթե իմ որդին հանցանք ա գործել, կամ եթե տեռորիստ է, ավազակ ու խաբեբա, թող համարժեք մեղադրանքն ապացուցեն, ու իր պատիժը կրի։ Բայց ես վստահ եմ, որ էս գործն ուղղակի սարքում են։ Արմենը հայտնվեց էնտեղ, որտեղ հայտնված ցանկացած մեկի գլխին ջարդվելու էր էս ծառահատումների գործը։ Արմենն ընդամենը 40 օր է աշխատել ազգային պարկում ու նրան ստիպում են պատասխան տալ ուրիշների մեղքի համար»։

Նա մի շատ ուշագրավ դեպք պատմեց։ Նորայր Սարգսյանի խոսքով՝ իրավապահ մարմինները տեսնելով, որ ոչ միայն Արմենի մեղադրանքը չի ապացուցվում, այլեւ՝ Սամվել Թամրազյանն ու Սարգիս Բեգլարյանը դատարանում նրա դեմ ցուցմունք չեն տալիս, մի ուշ գիշեր, ժամը 1-ի սահմաններում, Բեգլարյանին կանչել են ոստիկանություն եւ սպառնացել, որ եթե դատարանում Արմենի դեմ հանդես չգա, վատ կլինի։

«Այդ ամենը Իջեւանում, դատարանի բակում մի քանի մարդու ներկայությամբ պատմեց հենց Սարգիս Բեգլարյանը։ Ասաց, որ գիշերն իրեն ոստիկանություն է տարել թաղային Արմենն, ու էնտեղ իրեն հաթաթա են տվել»,-պատմեց Նորայր Սարգսյանը։

Հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 6-ին։ Կարեն Բատիկյանն իր պաշտպանյալին կանալքից ազատելու միջնորդություն է ներկայացրել, սակայն դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը մերժել է միջնորդությունը, պատճառաբանելով, որ հնարավոր է հարցաքննված եւ ցուցմունքից հրաժարված վկաները մեկ անգամ եւս հարցաքննվեն: Անմիջապես հաջորդել է դատախազի միջնորդությունը՝ արդեն հարցաքննված Թամրազյանին ու Բեգլարյանին լրացուցիչ հարցաքննելու վերաբերյալ: Դատարանն առանց պատճառաբանության միջնորդությունը բավարարել է։

Այն, ինչ անում են ոստիկանությունը, քննչական մարմինները, դատախազությունն ու դատարանը այս պատմության շրջանակներում, ընդամենը նպատակ ունեն ցույց տալ, թե աշխատում են, եւ թե իբր այնպես չէ, որ ազգային պարկի ծառահատումներն իրենք չեն տեսել, չեն քննել, հանցագործներին չեն բռնել։ «Հետք»-ը կհետեւի այս գործով զարգացումներին։

Մեկնաբանություններ (1)

Վարոսյան Հրանտ
եթե գրվածը ճիշտ է, էդ դեպքում ոնց են պայքարելու ծառագողերի դեմ, եթե ոստիկան ու քննիչ նրանց կողմից են

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter