HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մոխրաթաղցի չրագործ Արան տարկետումից հրաժարվել է և մեկնել ծառայության

Բուժզննումից հետո պարզ է դարձել, որ Արայի քաշը 43 կիլոգրամ է, իսկ զորակոչվելու համար նվազագույնը պետք է լինի 45 կիլոգրամ: Նրան տարկետում է տրվել, սակայն Արան չի ցանկացել հետաձգել ծառայությունը.

«Պաշտպանության նախարարի անունով նամակ գրեցի՝ խնդրելով թույլատրել ինձ զորակոչվել բանակ: Չէի ցանկանում հետ ընկնել: Դիմումս չմերժվեց, և հիմա այստեղ եմ: Ինձ շատ առողջ եմ զգում: Տանն էլ ինձ համար սպորտով էի զբաղվում: Էնպես որ ամեն ինչ նորմալ է»,- ասում է նորակոչիկը:

18-ամյա Արան Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղից է: Հունվարի 31-ին՝ ձմեռային զորակոչի վերջին օրը, Արցախի զինվորական հավաքակայանում է: Զինծառայության ժամանակն է:

«Տխրելու ոչ մի առիթ չունեմ: Արցախցու համար բանակը յուրահատուկ տեղ է գրավում իր կյանքում: Երբեմն թվում է, թե արցախցին հենց բանակում է ծնվում»,- ասում է Արան:

Նորակոչիկը պատմում է, որ աշխատել է Մարտակերտի չրի արտադրամասում.

«Մեր գյուղը Մարտակերտից 5 կիլոմետր հեռու է: Քաղաք էի գնում եղբորս հետ: Նա էլ պայմանագրային զինծառայող է: Չէի դժգոհում գործից: Պարապ մնալուց ավելի լավ էր»,- ժպտալով՝ ասում է Արան:

Աշխատանքի հետ մեկտեղ սովորել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում՝ «նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտությամբ, որի ընտրությունը պայմանավորված է հետագայում զինծառայությունը շարունակելու մտադրությամբ: Ասում է, որ ցանկանում է սպա դառնալ:

Մեր զրույցից րոպեներ անց սկսվեց վիճակահանությունը: Արդյունքում, Արան ծառայելու է այն զորամասում, որտեղ իր ժամկետային զինծառայությունն է անցել նրա ավագ եղբայրը՝ Շահենը, ով այս ընթացքում ուղեկցում էր եղբորը:

Վիճակահանությունից հետո ուղևորվեցինք զորամաս: Այնտեղ Արային և մյուս տղաներին դիմավորեցին ուսումնական գումարտակի սպաները, ծանոթացրին զորանոցի տարածքին, ցույց տվեցին նրանց մահճակալները: Այնուհետև սկսվեցին նորակոչիկի հետ առաջին աշխատանքները՝ սկսած հագուստի համարակալումից մինչև ԱՀՏԱ սպայի հետ զրույց:

Արան սկզբում մի փոքր ընկճված էր թվում, սակայն հետո ասաց, որ ամեն ինչ կարգին է.

«Մինչև զորամաս հասնելը ոնց որ թե չէի պատկերացնում, թե ինչ վիճակում եմ լինելու: Դարպասներից ներս մտնելն ու հետո հակառակ ուղղությամբ նայելը դժվար էր: Բայց ընդհանուր լավ եմ զգում: Աստիճանաբար կհարմարվեմ զինվորական կյանքին: Ամեն ինչ միանգամից չի լինում»,- ասում է Արան:

Զորանոցից դուրս գալիս նկատեցինք գումարտակի միջանցքում մեկ գծով նստած ավելի վաղ ժամանած նորակոչիկներին: Բոլորի ձեռքերին գրքույկներ կային: Մեկը Աստվածաշունչ էր կարդում, մյուսը՝ Արցախի օրհներգը, իսկ ոմանք էլ արդեն սկսել էին ծանոթանալ իրենց զինվորական պարտականություններին: Բոլորը լուռ էին: Դրսից լսվում էր միայն շարային պատրաստության պարապմունք անցկացնող սերժանտի հրամանները:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի
(Հրանտ Բագրատյան, ՀՀ նախկին վարչապետ) ՛՛Չկա փող, չկա զորք, չկա պետություն։ Կան եկեղեցիներ՝ անթիվ, անհամար։ Մեր հաշվարկներով հայերը կառուցել են 6.5-8 հազար եկեղեցի, դրա համար այսօրվա գներով ծախսել են 80 մլրդ դոլար։ Բայց խնդիրը նույնիսկ դա չէ։ Բա դրանց պահե՞լը։ Տարեկան 2% ամորտիզացիայի հաշվարկով և դրանց միջին տարիքը 700 տարի համարելով 1700 տարվա համար ստանում ենք 1.12 տրլն դոլար թիվ։ Այս պայմաններում ի՞նչպես կարող էր պետություն լինել։ Թուրքական սուլթանները, պարսկական շահերը հաճույքով թույլատրում էին հայ կղերականներին հարկեր հավաքել իրենց հպատակներից։ Նրանք լավ գիտեին՝ քանի կա ՀԱՍԵ-ն, հայերին պետություն պետք չէ և հնարավոր էլ չէ։ Մոկսում, Շատախում, ամենուր հայերը իսլամ էին ընդունում, որպեսզի ազատվեն հարկերից (Լեո)։ Բա ինչպե՞ս։ Այլապես 11-րդ դարում 100000 սելջուկները ինչպե՞ս կարող էին իրենցով անել 5-6 մլն հայերի...'':
Հայկ
Նորակոչ զինվորին ինչու՞ են Աստվածաշունչ տվել կարդալու: Թող մեր հիասքանչ պատմավեպերը կարդան, թող զինվորական օրենսդրություն կարդան...............

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter