HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ամոթանք Սանդոյանին

«Ամոթ ավտոտնակ սարքողին»,- այս բառերն են գրված Երեւանի Մաշտոցի 2 շենքի բակում արդեն կիսաքանդ ավտոտնակի վրա: Ավտոտնակի տերը Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար Է. Սանդոյանն է: Մոտ երկու ամիս Մաշտոցի պողոտայի 2, 4 եւ Գրիգոր Լուսավորչի 17 շենքերի բնակիչները պայքարում են, որպեսզի իրենց բակում ավտոտնակ չկառուցվի: Նրանք բողոքներով դիմել են գրեթե բոլոր պետական մարմիններին` թաղապետարան, քաղաքապետարան (այս երկու մարմիններն են կատարել հողահատկացումը), ՀՀ Նախագահի աշխատակազմ, կառավարություն: Բնակիչների բողոքներից հետո Կենտրոն համայնքի ոստիկանության մի քանի աշխատակիցներ հայտնվեցին բակում, որպեսզի բնակիչները չխոչընդոտեն շինարարությունն իրականացնող բանվորներին, իսկ պահակային ծառայության երկու աշխատակիցներ գիշերները պահակություն էին անում այս «հույժ կարեւոր» օբյեկտի դիմաց: Բնակիչները Է. Սանդոյանին չեն կարողանում հանդիպել. նա հրաժարվում է շփվել իր իսկ շենքի բնակիչների հետ: 

Ավտոտնակի շինարարությունն ավելի շատ վրդովեցրել է երեխաներին` բակի իսկական տերերին, որովհետեւ նրանք կորցնում են իրենց խաղահրապարակը: Երեխաները մի քանի անգամ խոչընդոտել են շինարարությանը, բայց ապարդյուն: Հոկտեմբերի 8-ին պահակային ծառայության աշխատակիցների գիշերային հերթապահության շնորհիվ ավտոտնակի քարե պատերը վեր խոյացան: Սակայն առավոտյան, երբ ոստիկանները հեռացան, երեխաները ցուցապաստառներով դուրս եկան եւ քանդեցին ավտոտնակի պատերը: Ապա ցուցապաստառները փակցրին երկաթե ձողերին: Այսօր էլ «Ամո՛թ ավտոտնակ կառուցողին», «Բակը վերադարձրեք երեխաներին» կոչերով եւ պահանջներով պաստառները տեղում են: «Քաղաքապետարանը եւ թաղապետարանը ոչ մեկիս չի հարցրել, թե մենք համաձա՞յն ենք, որ այստեղ ավտոտնակ լինի: Սա մեր բակն է, այստեղ մի քանի հարյուր մարդ է ապրում, մեր կարծիքը ոչ ոք հաշվի չի առել: Մեր երեխաներն էլ արեցին այն, ինչ ուզում էինք բոլորս: Ով էլ ուզում է, թո՛ղ գա, չենք թողնելու մեր բակը պղծեն»,-ասաց բակի մի անկյունում ծառերի տակ նստած տատիկը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter