HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանամերձ դպրոցում արդեն 4 տարի օտար լեզու չեն անցնում

Օֆելյա Մելքոնյանը 20 տարի է՝ աշխատում է Վայոց ձորի սահմանամերձ Բարձրունի գյուղի միջնակարգ դպրոցում: Ասում է, որ ամենաշատ թվով աշակերտ՝ 9 հոգի, 2-րդ դասարանում են, որի դասվարն է ինքը: Այժմ դպրոցում 36 աշակերտ է սովորում, բայց Օ. Մելքոնյանը հիշում է, որ երբ ինքը նոր էր աշխատանքի անցել, մոտ 100 աշակերտ ունեին:

Ըստ ուսուցչի՝ գյուղում երեխաներն ավելի լավ են սովորում, քան քաղաքում: Դա էլ իր բացատրությունն ունի. ի տարբերություն քաղաքի՝ գյուղում ժամանցն անցկացնելու կենտրոնները քիչ են, առայժմ միայն գյուղապետարանի շենքում գտնվող մշակույթի կենտրոնը, բիլիարդի սրահն են: Երեխաներին մնում է սովորելը: Նախորդ տարի դպրոցն ավարտած 6 աշակերտներից 5-ն ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ:

«Մեր դպրոցում ամենացավոտ խնդիրն օտար լեզվի մասնագետի հարցն է: Այստեղ չեն գալիս աշխատելու»,- նշում է Օֆելյա Մելքոնյանը:

Դպրոցի ամբողջ անձնակազմը 15 հոգի է, որից 12-ն ուսուցիչներն են:

Տնօրեն Անդրանիկ Մարգարյանն ասում է, որ աշակերտները տարեցտարի նվազում են, քանի որ երիտասարդները գյուղից գնում են, իսկ ովքեր էլ մնում են, չեն ամուսնանում: Եթե այսպես շարունակվի, նրա կարծիքով, հնարավոր է, որ հետագայում գյուղը կանգնի ծերացման վտանգի առաջ:

Անդրանիկ Մարգարյանը 12 տարի է տնօրենի պաշտոնում (1993 թվականից աշխատում է այստեղ, նախ եղել է ուսուցիչ, հետո՝ փոխտնօրեն): Զուգահեռաբար դասավանդում է աշխարհագրություն: Նրա փոխանցմամբ՝ դպրոցում առաջնահերթ խնդիրը ֆրանսերենի մասնագետ գտնելն է: Բարձրունու դպրոցում օտար լեզուն միշտ էլ եղել է ֆրանսերենը: Սակայն արդեն 4 տարի է, որ մասնագետ չեն կարողանում գտնել: Այսինքն՝ այդքան ժամանակ օտար լեզու ընդհանրապես չի դասավանդվում դպրոցում: Մարգարյանն ասում է, որ մինչ այդ եղել են ուսուցիչներ, ովքեր կարճաժամկետ են դասավանդել, երբ պայմանագիրը լրացել է, գնացել են:

Տնօրենը նշում է, որ պատկան մարմիններին անընդհատ բարձրաձայնում են այս հարցը, իրենք են փորձում լուծումներ գտնել: Բազմիցս հայտարարություն են տվել «Կրթություն» թերթում ֆրանսերենի մասնագետ գտնելու նպատակով, մարզպետարանի համապատասխան վարչություն են դիմել, նախարարություն են գնացել, նախորդ տարի տնօրենն անգամ Բրյուսովի անվան համալսարան է գնացել՝ փորձելով ավարտական կուրսից ուսանողներ ներգրավել, բայց փորձերն ապարդյուն են անցել:

Ըստ Ա. Մարգարյանի՝ մարզում ֆրանսերենի մասնագետները քիչ են, մյուս կողմից՝ աշխատավարձը բարձր չէ: Օֆելյա Մելքոնյանի խոսքով՝ անգամ օտարերկրյա կամավորներն են հրաժարվում  իրենց դպրոցում դասավանդելուց, երբ իմանում են, որ գյուղը սահմանին մոտ է:

Անդրանիկ Մարգարյանն ասում է, որ լեզուն փոխելը, օրինակ, անգելերենին անցնելը, բարդ գործընթաց է: Պետք է դիմեն նախարարություն՝ համապատասխան թույլտվություն ստանալու համար, հիմնավորեն, որ մասնագետ ունեն, դասագրքերով ապահովված են:

Ֆրանսերենի մասնագետ գտնելու դեպքում, տնօրենի խոսքով, ցանկացած հարցում կընդառաջեն, միայն թե երեխաները օտար լեզվի տիրապետեն: Ճիշտ է, ըստ նրա, դպրոցը մասնագետին տնով ապահովելու հնարավորություն չունի, բայց շեշտում է, որ իրենք անձնական ջանքերով կլուծեն այդ հարցը: «Մեր երեխաները բոլոր առարկաներից բարձր առաջադիմություն ունեն՝ բացի օտար լեզվից»,- ավելացնում է տնօրենը:

Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Ավագ Գաբրիելյանը նշում է, որ մարզպետարանը խնդրին տեղյակ է: Իրենք էլ են փորձում մասնագետ գտնել Բարձրունու համար: Ըստ նրա՝ դպրոցի տնօրենն անգամ դիմել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Գաբրիելյանի խոսքով՝ լեզուն չեն ցանկանում փոխել, քանի որ չեն ցանկանում կորցնել ֆրանսերենը, լեզվաքաղաքականության հարց է:

Վայոց ձորում միայն 5 դպրոցներում են անցնում այս լեզուն՝ Զառիթափում, Աղնջաձորում, Գետափում, Եղեգնաձորի թիվ 2 դպրոցում և Բարձրունիում (վերջինը՝ վերապահումով):

Զառիթափում, օրինակ, ֆրանսերենի ուսուցիչ կա: Համայնքների խոշորացումից հետո Բարձրունին ևս ներառվել է Զառիթափի կազմում: Երկու բնակավայրերի միջև հեռավորութունը 17 կմ է: Հարցին, թե հնարավոր չէ՞, արդյոք, որ Զառիթափի ֆրանսերենի մասնագետը դասավանդի նաև Բարձրունիում, Ավագ Գաբրիելյանը պատասխանում է, թե Զառիթափի դպրոցը մեծ է, և մասնագետը ֆիզիկապես ի վիճակի չի լինի աշխատել մեկ այլ դպրոցում ևս:

Մեկնաբանություններ (1)

ani
Oh, I would like to do the Job, but I don't speak Armenian.. yet.. it's a pitty..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter