Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Ընդլայնել վարչապետի վերահսկողական ծառայության լիազորությունները, կասեցնել նախագահի համանուն ծառայությունը․ ԱՆ-ի նախագիծը



Արդարադատության նախարարությունն առաջարկում է ընդլայնել վարչապետի վերահսկողական ծառայության լիազորությունները։ Նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի հրապարակման միասնական e-draft.am կայքում։ Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով։ Նոր սահմանադրությամբ նախագահը չունի վերահսկողական լիազորություններ, ուստի նախագահի վերահսկողական ծառայության անհրաժեշտությունը բացակայում է։

Հանրապետության վարչապետն այժմ էլ ունի վերահսկողական ծառայություն, որն իրականացնում է կառավարության և վարչապետի որոշումների, կառավարության կողմից հաստատված ծրագրերի նկատմամբ վերահսկողություն, վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողություն և այլն։

Նոր կարգավորումներով վարչապետի վերահսկողական ծառայությունը պետությունից, համայնքից, կենտրոնական բանկից, պետական, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից, պետության, համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կամ դրամաշնորհի կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ՝ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման վերահսկողության նպատակով։

Ծառայության լիազորություններից մեկն էլ այն է լինելու, որ Հայաստանի Հանրապետությունից սուբսիդիա և դրամաշնորհ ստացած անձանց մոտ իրականացնելու են ուսումնասիրություններ՝ պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։

Պետական միջոցների կառավարման և ձևավորման հակաօրինական գործողությունների, չարաշահումների վտանգի և հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում նշված ռիսկերի հիմնավորվածությունը պարզելու, գնահատելու, կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով ծառայությունը, վարչապետի համաձայնությամբ, իրավասու է առաջարկել կասեցնելու գործարքների կատարումը, ինչպես նաև դրանց կնքմանն ուղղված ընթացակարգերը կամ գործողությունները։

Վարչապետի հանձնարարությամբ կարող է հարուցել նաև կարգապահական վարույթներ։

Վերահսկողական ծառայության ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը: Ղեկավարն ունի տեղակալներ, որոնց ևս նշանակում և ազատում է վարչապետը։

Նախագիծը դեռևս պետք է հաստատվի Կառավարության կողմից, ապա ուղարկվի խորհրդարան։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ