HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ազատամուտի ավագանու նախկին անդամը դատի է տվել կառավարությանը

Ազատամուտի ավագանու արդեն նախկին անդամ Ալիկ Էլարյանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության ընդունած որոշումը, որով դադարեցվել են իր և համայնքի չորս անդամների լիազորությունները և արտահերթ կարգով ավագանու անդամների նոր ընտրություններ նշանակվել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին կառավարությունը որոշեց, որ մարտի 11-ին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում ավագանու անդամների արտահերթ ընտրություն կանցկացվի, քանի որ 2016 թվականի սեպտեմբերի 18-ին ընտրված ավագանու ինն անդամներից հինգը մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել են ավագանու նիստերի ավելի քան կեսից։ Ալիկ Էլարյանը ավագանու այդ հինգ անդամներից մեկն է:

Էլարյանը Ազատամուտի ավագանու անդամ է ընտրվել 2016 թ. սեպտեմբերի 18-ին կայացած ընտրություններով: Ինչպես նշվում է հայցադիմումում, ավագանու առաջին նիստը կայացել է 2016 թ. հոկտեմբերի 27-ին, երկրորդ նիստը՝ փետրվարի  9-ին, և նշված օրերին կայանալիք նիստերի մասին օրենքով սահմանված կարգով տեղեկություն չի հրապարակվել. դրանց հրավիրման մասին տեղեկացել է պատահականորեն՝ համայնքում շրջանառվող խոսակցություններից: Երբեմն էլ ավագանու նիստերի մասին տեղեկացել է բանավոր հաղորդելու միջոցով կամ «Ծանուցագիր» վերնագրված՝ ելքի ամսաթիվ չունեցող ժամկետանց թղթերն առձեռն փոխանցելու եղանակով: Իսկ Ազատամուտ համայնքի կայքէջից ավագանու նիստերի մասին երբեէ չի տեղեկացել, որը ևս «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտում է: Օրենքը սահմանում է՝ 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում ավագանու նիստ գումարելու մասին տեղեկությունը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով կամ համացանցի, այդ թվում՝ համայնքի պաշտոնական համացանցային կայքի միջոցով, իսկ ավագանու անդամներին տրամադրված, նիստի հետ կապված փաստաթղթերը, եթե դրանք քննարկվելու են հրապարակային նիստում, պետք է դրված լինեն համայնքի ավագանու նստավայրում` բոլորի համար մատչելի տեղում, իսկ 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում՝ նաև համայնքի պաշտոնական համացանցային կայքում:

Էլարյանը նաև նշել է, որ իր լիազորությունները դադարեցնելու արձանագրության կայացման և դրա հիման վրա հաջորդաբար կատարված գործողությունների կատարման մասին որևէ եղանակով չի իրազեկվել, հետևաբար չի բողոքարկել և իրավաչափությունը որևէ այլ եղանակով չի վիճարկել: Իր լիազորությունների դադարեցման մասին ավագանու անդամը տեղեկացել է մեր հրապարակումից և կառավարության կայքէջից:

Կառավարություն ներկայացված այն հիմնավորումը, որ Էլարյանը ավագանու նիստերից անհարգելի բացակայել է, ավագանու անդամը դիտարկել է իրականությանը չհամապատասխանող:

«Երբ կայանալիք նիստերի մասին ավագանու անդամների տեղեկացումն օրենքին անհամապատասխանության պատճառով պատշաճ չէր, ապա ինչպես կարող էր նույն այդ նիստերին ավագանու որևէ անդամի բացակայությունն անհարգելի լինել»,- նշվել է հայցադիմում:

Ավագանու անդամը նաև մեղադրում է կառավարությանը՝ ասելով, որ գործադիրի լիազորած մարմինը պետք է ստուգեր, քննարկեր, պարզեր գործադիր ներկայացված փաստերը, քանի որ այն հիմնավորումը, որ Էլարյանը մեկ տարվա ընթացքում բացակայել է նիստերից, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում, քանի որ ավագանու ընտրության օրվանից՝ 2016 թ. սեպտեմբերի 18-ից մինչ 2017 թ. օգոստոսի 18-ը՝ իր լիազորությունները դադարեցնելու ավագանու մյուս անդամների կազմած արձանագրության օրը, 11 ամիս է եղել: Այսինքն՝ ավագանու անդամների լիազորությունների դադարեցման համար ժամանակային խոչընդոտ սահմանված մեկ տարվա ընթացքը մինչ արձանագրություն կազմելու օրը սպառված չի եղել:  

Էլարյանը հայցադիմում նշել է, որ կառավարության ընդունած այս որոշումով խախտվել է ոչ միայն իր՝ որպես քաղաքացու, այլև Ազատամուտ  համայնքի բազմաթիվ քաղաքացիների ընտրելու և ընտրական իրավունքն իրացնելու միջոցով տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունքը.

«Խնդրում եմ մինչև վեճը ըստ էության լուծելը կասեցնել սույն հայցով իրավաչափությունը վիճարկվող Նորմատիվ Իրավական Ակտի գործողությունը»,-նշվել է հայցադիմում:

Ալիկ Էլարյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ հեռուստացույցով է տեղեկացել, որ իրենց լիազորությունը վաղաժամ դադարեցվել է, և որ ինքն այլևս ավագանու անդամ չէ: Ասում է՝ մինչ այդ համայնքի ավագանու՝ արձանագրությունը կազմած անդամները ու որևէ պատկան մարմին այդ մասին իրեն և ավագանու մյուս անդամներին չեն տեղեկացրել:

«Պարոն Լոքյանը դիմեց վարչապետին, վարչապետն ասեց՝ լուծարել: Ընդեղ Լոքյանը շեշտեց, որ կան նաև հարցեր, իսկ մեր վարչապետը չլսեց՝ ինչ հարց կա, էլ»,-նշեց ավագանու անդամը:

Ավագանու՝ լիազորությունները դադարեցված մյուս անդամները ևս համաձայն են Էլարյանի՝ դատարան ներկայացրած հայցադիմումին, սակայն որոշել են, որ դատարան կդիմի միայն Էլարյանը:

Ավագանու նախկին անդամի փոխանցմամբ՝ այն հիմնավորումը, թե իրենք բացակայել են ավագանու նիստերից կեսից ավելին այդքան էլ իրականությանը չի համապատասխանում, քանի որ նիստերի մեծամասնությանը մասնակցել են, սակայն նիստը արձանագրողները չեն արձանագրել իրենց մասնակցությունը: Ավագանու նախկին անդամի փոխանցմամբ՝ իրենց մասնակցությունը որոշ դեպքերում չի արձանագրել նաև համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սևադա Բալասանյանը՝ պատճառաբանելով, որ նիստի կեսից վիճաբանություն է սկսվել և այն մինչև վերջ չի կայացել.

«Ասել ենք, որ Սևադա՛ ջան, գրանցի, ոնց որ պետք է, ասեց՝ չեմ կարա, պետք ա ասեն, որ գրանցեմ, ես չեմ կարա գրանցեմ: Դե չես կարա գրանցես...Ասում եմ՝ մենք ներկայացանք, ասում ա՝ հա, ասում եմ՝ ավագանու նսիտը կայացավ, ասում ա՝ չէ, ասում եմ՝ ոնց չկայացավ, ասում ա՝ դե 5-10 րոպե էր, ասում եմ՝ դե էդ էլ ա կայացած»,-պատմեց ավագանու անդամը:

Մեր նախորդ հրապարակումներում հայտնել էինք, որ համայնքում ավելի քան մեկ տարի տարաձայնություն կա համայնքի ղեկավարի և ավագանու որոշ անդամների միջև։ Համայնքի ավագանու որոշ անդամներ չէին ներկայանում նիստերին, քանի որ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանն ավագանու նորընտիր անդամներին հրաժարվել է տրամադրել 2016 թվականի ծախսերի և 2017-ի բյուջեի վերաբերյալ տեղեկատվություն, չի փոխանցել այն անձանց անունները, ովքեր աշխատավարձ և սոցիալական օգնություն են ստացել համայնքային բյուջեից։ Նիստերի ընթացքում էլ համայնքապետի հետ հաճախ վեճեր են եղել։

Հավելենք, որ մենք զրուցել էինք 2016 թվականին սոցիալական օգնություն ստացած որոշ ազատամուտցիների հետ և պարզել, որ նրանցից երկուսն այդպիսի օգնություն չէին ստացել։ Հարուցվել էր քրեական գործ, պարզվել, որ Ազատամուտում կեղծվել են սոցօգնություն ստանալու որոշ դիմումներ։ Սակայն օրեր առաջ Տավուշի մարզային քննչական վարչությունից նամակ ենք ստացել, որով հայտնել են, որ հարուցված քրեական գործը կարճվել է և մերժվել է քրեական հետապնդում իրականացնելու մասին որոշումը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter