HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրում եմ քրեական օրենսգրքի նախագծի մի նորամուծության մասին

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Նամակ-առաջարկ

Այս անգամ նամակս առավել շատ ուղղված է իրավաբաններին, արդարադատւթյան ոլորտի պաշտոնյաներին, ԱԺ պատգամավորներին, քանի որ ծանոթացել եմ քրեական նոր օրենսգրքի նախագծին:

Գրում եմ քրեական օրենսգրքի նախագծի մի նորամուծության՝ Երիտասարդ չափահասների արդարադատության մասին (Young adults justice-18-21 տարեկանների)։ Քրեական իրավունքում երիտասարդ չափահասները 18-21 տարեկան քաղաքացիներն են, որոնց նկատմամբ օրենսդրորեն ամրագրվում են տարբերակվող դրույթներ, մոտեցումներ։ Հաճախ դրանք առավել մոտ են անչափահասների արդարադատության կարգավորումներին՝ հաշվի առնելով անցումային տարիքը։ Երիտասարդ չափահասների արդարադատությանը, եվրոպական մի շարք երկրներում այդ ինստիտուտի պրակտիկ կիրառությանը անդրադարձել եմ նաև կուրսային աշխատանքիս մեջ:

Գիտական հիմք

Մասնավորապես՝ գիտական ուսումնասիրություններն ապացուցել են, որ իրականում 18 տարեկանում անձը դեռևս ո՛չ ֆիզիոլոգիապես, ո՛չ էլ, մանավանդ, հոգեբանորեն լիարժեք ձևավորված չէ։ 18-21 տարեկանը յուրահատուկ անցումային շրջան է, երբ երիտասարդներին դեռ բնորոշ են անչափահասներին հատուկ հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններ, վարքագծի տարրեր։ Եվրոպական գրեթե բոլոր երկրներում, ԱՄՆ բազմաթիվ նահանգներում, այժմ նաև Ռուսաստանում ոգելից խմիչքներ, այդ թվում՝ գարեջուր, արգելված է վաճառել 21 տարին չլրացած երիտասարդներին։ Հայաստանում մինչև 21 տարեկանը նպաստ են տալիս ծնողներին կորցրածին: Կան երկրներ, որտեղ օրենսդրությամբ ամրագրված է, որ առհասարակ չափահաս են ճանաչվում միայն 21 տարին լրացած անձինք։ Մինչև 21 տարին չլրանալը անձին պատժի առավելագույն չափի չի թույլատրվում դատապարտել Ավստրիայում, Շվեդիայում, Բոսնիայում և մի շարք այլ երկրներում։ Գերմանիայում հոգեբանական հասունությունն է ստուգվում դատապարտելուց առաջ: Բուլղարիայում թեպետ հատուկ դրույթ չկա այդ տարիքային խմբի համար, այդուհանդերձ դատական պրակտիկայում ցմահ ազատազրկման դատապարտվածները ոչ միայն 21-ից այլև 25 տարեկանից բարձր անձինք են: Այս մասին, հիշում եմ, Երևանում եղած ժամանակ խոսել էր Բուլղարիայի Հելսինկյան կոմիտեի նախագահ Կրասիմիր Կանիևը: Հիմնավորումն այն է, որ ցմահ ազատազրկումը բացառիկ պատժատեսակ է և պետք է նշանակվի միայն բացառիկ դեպքերում և շատ զգույշ։

Այժմ տեսնենք, թե ինչ կերպ են Հայաստանում փորձում կյանքի կոչել 18-21 տարեկանում հանցանքի մեջ մեղադրված երիտասարդների արդարադատությունը։ Արդյոք իրականում մեր նոր քրեական օրենսգրքում պատժողական քաղաքականությունն այս տարիքային խմբի երիտասարդների նկատմամբ ավելի մե՞ղմ են փորձում դարձնել՝ հաշվի առնելով վերը թվարկածս հիմնավորումները, թե՞ հակառակը՝ փորձում են եվրոպական կառույցներին պարզապես ցույց տալ՝ մեզ մոտ էլ ենք հիմնում երիտասարդ չափահասների արդարադատություն: Գիտական հետազոտությունների վրա հիմնված այս ինստիտուտն արդյոք կգործի՞ Հայաստանում։ 

Այժմ փաստեր և սթափ տրամաբանություն

Նոր քրեական օրենսգրքի նախագծի հոդված 69-ը նույնն է մնացել՝ ցմահ ազատազրկում կարող է նշանակվել 18 տարեկանը լրացած անձանց նկատմամբ։ Սակայն հոդված 107-ի 4-րդ կետում ամրագրվել է, որ 18-ից մինչև 21 տարին լրանալը ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ կատարած անձանց նկատմամբ հանցագործությունների համակեցությամբ (ընդգծումն իմն է) ազատազրկման տեսքով պատիժը չի կարող գերազանցել առավելագույնը 15 տարին։

Մինչդեռ մեկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու համար, առանց հանցանքների համակցության, այս տարիքային խմբի համար պատժի որևէ մեղմացում չի նախատեսվել։ Այսինքն՝ որոշակի տարիների տեսքով կարող է նշանակվել մինչև 20 (25) տարի ազատազրկում։

Հակասություններ

Եթե այս տեսքով նախագիծը կյանքի կոչվի, ապա իրավակիրառ պրակտիկայում դատավորները լրջագույն խնդրի առաջ կկանգնեն։ Այն է՝ եթե 18-21 տարեկան երիտասարդը մեկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվի, ապա դատարանը կարող է նրան դատապարտել մինչև 20 տարվա ազատազրկման, սակայն եթե մեղադրվի մի քանի՝ 2-ից ավելի հանցագործությունների կատարման մեջ, որոնցից մեկը կամ բոլորն էլ ծանր կամ առանձնապես ծանր են, ապա դատավորը չի կարողանա 15 տարուց ավելի ազատազրկում նշանակել (նախագծի հոդված 107-ի 4-րդ կետի պահանջն է):

Այսինքն՝ քաղաքացին այս պարագայում կգերադասի մի քանի հանցանք կատարել, որպեսզի համակցությամբ պատիժը չգերազանցի 15 տարին։

Նման օրենսդրական մոտեցումն իր հերթին առաջացնում է հաջորդ լրջագույն խնդիրը։ Այս տարիքային խմբում հանցագործությունների համակցության դեպքում դատարանը կամ ցմահ ազատազրկում պետք է նշանակի (եթե առանձին որևէ մեկ հանցանքի համար այս պատժատեսակը սահմանի) կամ էլ՝ առավելագույնը 15 տարի։

Այսինքն՝ հանցագործությունների համակցության դեպքում 18-21 տարեկան մեղադրյալին կամ 15 տարվա ազատազրկման կարող են դատապարտել կամ միանգամից ցմահ ազատազրկման, այն պարագայում, երբ ավելի բարձր տարիք ունեցողներին հնարավոր է պատիժ նշանակել նաև 16-ից 20 տարվա ազատազրկման տեսքով (իսկ Նախագծի 76 հոդվածի 6-րդ կետի համաձայն նաև 25 տարի) և հետո նոր՝ ցմահ։ Հետևաբար ստացվում է, որ իրականում 18-21 տարեկանների նկատմամբ ոչ թե մեղմ, այլ հակառակը՝ ավելի խիստ մոտեցում է ամրագրվել ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների պարագայում, քան 21-ից բարձր տարիքայինների նկատմամբ։ 

Իրավակիրառ պրակտիկայում դատավորները հանցանք կարատած 18-21 տարեկանների վերաբերյալ պատիժներ նշանակելիս առաջնորդվելու են «Անչափահասների և քսանմեկ տարին չլրացած անձանց նկատմամբ պատիժ նշանակելը» բաժնի 5-րդ գլխի 16-ի դրույթներով, այլ ոչ թե բաժին 3-ի գլուխ 11-ի ընդհանուր սկզբունքներով: Հոդված 70 կետ 1-ի համաձայն`«Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները»:

Եկեք տեսնենք, թե ինչպիսի խնդիրների առաջ են դատավորներին կանգնեցնելու նախագծի հետևյալ հոդվածների մեկը մյուսին հակասելը: Այսպես, մի կողմից, ինչպես նշեցինք, 107 հոդվածի 4-րդ կետի պահանջն է, որ 18-21 տարեկանների նկատմամբ հանցագործությունների համակցությամբ վերջնական պատիժը չգերազանցի 15 տարին, իսկ մյուս կողմից` հոդված 76-ի կետ 6-ի համաձայն`«Եթե հանցագործությունների համակցությունն ընդգրկում է առանձնապես ծանր այնպիսի հանցանք, որը կապված է դիտավորությամբ կյանքից զրկելու հետ, ապա ազատազրկման ձևով վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Ընդ որում, ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել քսանհինգ տարին», իսկ կետ 7-ի համաձայն` «Եթե հանցագործությունների համակցությունն ընդգրկում է դիտավորությամբ կյանքից զրկելու հետ կապված երկու կամ ավելի առանձնապես ծանր հանցանքներ, ապա դատարանը, հաշվի առնելով հանցագործությունների շարժառիթը, նպատակը, եղանակը և հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, կարող է վերջնական պատիժ որոշել ցմահ ազատազրկումը, եթե, նույնիսկ, կատարված հանցանքներից ոչ մեկի համար սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածի սանկցիայով դա նախատեսված չէ» (ընդգծումներն իմն են):

Բնական հարց է առաջանում`առհասարակ ի՞նչ իմաստ ունի 107 հոդվածի 4-րդ կետի գոյությունը: Ակնհայտ է, որ պարզապես փորձ է արվում ձևականորեն ցույց տալ, թե 18-21 տարեկանների նկատմամբ ինչ-որ բարելավումներ են արվում, սակայն իրականում ճիշտ հակառակն է ստացվել:

Հավանաբար պարտադրել են հանել ցմահ ազատազրկում նշանակելու 21 տարեկանի շեմը

Նախագծում ի սկզբանե հստակ սահմանված է եղել ցմահ ազատազրկում նշանակելու 21 տարեկանի շեմը։ Սակայն հետագայում, հավանաբար, պարտադրել են վերանայել և թողնել հին տեսքով՝ 18 տարեկանի շեմը, միևնույն ժամանակ ձևականորեն ներմուծել Երիտասարդ չափահասների արդարադատության ինստիտուտը։ Հետևանքն այն է, որ այսօր առաջ են եկել լրջագույն խնդիրներ 18-21 տարեկանների խմբի համար կոնկրետ ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների պարագայում։

Ամփոփում

Եթե 18-21 տարեկանների համար նախագծում պահպանվում է ցմահ ազատազրկումը, ապա առանձին մեկ առանձնապես ծանր հանցագործության համար ազատազրկման որոշակի տարիների տեսքով պատիժը պետք է մնա մինչև 20 տարի, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ հանցագործությունների համակցությամբ (երբ առկա է գոնե մեկ առանձնապես ծանրը) չի կարող սահմանվել 15 տարվա շեմը, ինչպես ներկայիս նախագծում է։ Այս հարցերը փոխկապակցված են հենց ցմահ ազատազրկման պատժատեսակի հետ։ Համոզված եմ, որ անհնար է երիտասարդ չափահասների արդարադատության ինստիտուտի իրականում կյանքի կոչելը առանց վերանայելու ցմահ ազատազրկման կիրառման հարցը 18-21 տարեկանների նկատմամբ։ 

Հիշենք, որ 2011թ.-ի մայիսի 25-ի օրենսդրական փոփոխություններով որոշակի տարիների տեսքով ազատազրկման շեմը 15-ից բարձրացվեց մինչև 20 տարի։ Այս փոփոխությունը հիմնավորվեց նրանով, որ դատարանները շատ հաճախ 15 տարին համարում էին մեղմ պատիժ, սակայն ցմահ ազատազրկումն էլ՝ ծայրահեղ չափազանցված խիստ պատիժ։

2011թ. մայիսից, այսինքն՝ այդ փոփոխությունից ի վեր՝ մոտ 7 տարվա ընթացքում, ցմահ ազատազրկում պատիժը կիրառվել է ընդամենը 4 անգամ, այն պարագայում, երբ մինչև օրենսդրական այս փոփոխությունը տարեկան միջինը 4-6 անգամ էր կիրառվում։ Փոխարենը՝ 2011-ից ի վեր տարբեր գործերով առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու գործերով (մասնավորապես`ծանրացուցիչ հանգամանքներով սպանություններ) դատարանները առավել հաճախ նշանակել են 16-25 տարվա միջակայքում ազատազրկման տեսքով պատիժներ։ Մինչդեռ նախկինում մահապատժի, հետագայում էլ՝ ցմահ ազատազրկվածի որևէ գործ պատժաչափը մինչ օրս այդպես էլ չվերանայվեց։ Հայաստանում 97 ցմահ ազատազրկվածներից 17-ը դատապարտվել են մինչև 21 տարեկանը լրանալը։ 

Առաջարկներ

Որպեսզի Երիտասարդ չափահասների ինստիտուտը ձևական բնույթ չկրի, համոզված եմ, որ հարկավոր է քննարկել

1. 18-21 տարեկանների պարագայում ցմահ ազատազրկում պատժատեսակը չկիրառելու հարցը, կամ

2.  մի շարք եվրոպական երկրների օրինակով (մասնավորապես՝ Ֆինլանդիայի) նվազագույնը հարկավոր է 18-21 տարեկանում ցմահ ազատազրկման դատապարտելու պարագայում պայմանական-վաղաժամկետ ազատման շեմը նվազեցնել: Օրինակ՝ Ֆինլանդիայում այդ տարիքային խմբի համար պայմանական ազատման շեմը 10 տարին է։ Մեր դեպքում կարող է լինել 15 տարին, օրինակ:

3.  18-21 տարիքային խմբի պարագայում հանցագործությունների համակցությամբ նախագծում առավելագույնը 15 տարի ազատազրկում սահմանելու հետ զուգահեռ հարկավոր է նաև առանձին վերցրած մեկ առանձնապես ծանր հանցանքի համար պատժի շեմը 15 տարվա ազատազրկումից նվազեցնել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter