HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գնորդն ահազանգում է՝ «Վան» սուպերմարկետում կեղծ զեղչեր են գործում

Նարինե Մխիթարյանը «Հետք»-ին հայտնել է, որ երեկ` փետրվարի 3-ին, Գարեգին Նժդեհի հրապարակի հարևանությամբ գտնվող «Վան» սուպերմարկետում կեղծ զեղչերի ակցիա է գործել:

Նա դա նկատել է անձեռոցիկ գնելիս։ Նարինեի փոխանցմամբ՝ հաճախ է այդ խանութից գնումներ կատարել, պարբերաբար այդ տեսակի անձեռոցիկ գնել և երբևէ չի հիշում, որ այդ անձեռոցիկի գինն այդ խանութում 800 դրամը գերազանցած լինի: Երեկ նույն արտադրողի անձեռոցիկը գնելիս, նկատել, որ որպես իրական գին նշված է 860 դրամ, և այն կարմիր գծանմուշով ջնջված է, ու նշված է զեղչված գինը՝  770 դրամ: Գնորդին նաև կասկածելի է թվացել զեղչի գնապիտակի անփույթ տեսքը, նաև զեղչի՝ 90 դրամ չափը:

Նարինեն մի կողմ է քաշել որպես զեղչ նշված 860 դրամ պիտակը և տեսել, որ դրա տակ գտնվող գնացուցանակին փակցված է 770 դրամ, որը իրական գինն է, սակայն այդ պահին ներկայացվել է որպես զեղչված գին:

Կասկածելով այլ ապրանքների զեղչերի վրա՝ Նարինեն ձիթապտղի յուղի և պահածոյացված բադրիջանի զեղչված գնապիտակները ևս մի կողմ է քաշել և տեսել, որ դրանց զեղչերը ևս կեղծ են։

«Իրենք ուղղակի հաճախորդին շփոթեցնելու համար, որպեսզի ցույց տան, որ ունենք սենց բում ակցիաներ, էդպիսի գնապիտակներ էին կպցրել: Անգամ բավականին անփույթ տպած գնապիտակ էր»,-մեզ հետ զրույցում նշեց Նարինե Մխիթարյանը:

Նարինեն բաժնի աշխատակցից հետաքրքվել է, թե ինչու են նման կերպ աշխատում և կեղծ զեղչեր փակցնում, սակայն աշխատակիցը որևէ պարզաբանում չի տվել: Արդեն դրամարկղին մոտենալիս գանձապահին խնդրել է կանչել խանութի մենեջերին, սակայն ասել են, որ խանութը մենեջեր չունի: Նարինեն հանդիպում է պահանջել խանութի տնօրենի հետ, ով իր աշխատասենյակ է հրավիրել Նարինեին, սակայն վերջինս հրաժարվել է՝ պահանջելով, որ նա ինքը մոտենա սպառողին: Տնօրենին Նարինեն առաջարկել է շրջել խանութի բաժիններով և առաջին պատահած զեղչված ապրանքի՝ ձիթապտղի յուղի գնապիտակը մի կողմ է քաշել և ցույց տվել, դրա իրական գինը, որը հենց զեղչված գնի չափ է եղել: Նարինեի խոսքով՝ տնօրենը շփոթվել է, ասել՝ հասկանում է նրա մտահոգությունը, տեղյակ է, որ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում նման դեպքեր են հայտնաբերվել։

«Ասեց՝ ճիշտն ասած գնափոխություն ենք արել, ապրանքի գինը, իրոք, փոխվել է, իջել է, ու որպեսզի հաճախորդը իմանա, մենք վրայից հավելյալ ինֆորմացնող բան ենք կպցրել»,- պատմեց Նարինեն:

Նարինեի փոխանցմամբ՝ քանի որ ձիթայուղի արժեքը չի հիշել, և չի կարողացել տնօրենի այս պարզաբանումը կասկածի տակ առնել, առաջարկել է մոտենալ իր կողմից մշտապես գնվող անձեռոցիկին: Մոտեցել են այդ անձեռոցիկի դարակներին, Նարինեն մի կողմ է քաշել իրենց փակցրած զեղչի գնապիտակը, և տեսել, որ դրա տակ փակցված ապրանքի հիմնական գնապիտակն արդեն չկա: Տնօրենից հետաքրրքվել է, թե՝ ուր է ապրանքի օրիգինալ գնապիտակը, վերջինս հարցրել է աշխատակիցներից մեկին, նա էլ ասել է, որ ինքն է հանել։

«Հարցրեց՝ ինչի՞ ես հանել, ասեց՝ դե հին գինն էր, հանել եմ: Այսինքն՝ բաժնի աշխատողն էլ հաստատեց, որ այդ գինն էր: Այդ պահին արդեն խոսակցությունը շարունակելու իմաստ չկար»,- նշեց Նարինեն:

Երեկոյան Նարինեն և ամուսինը կրկին գնացել են սուպերմարկետ և տեսել, որ զեղչված արժեքով գնապիտակները կրկին հեռացված չեն, և ապրանքները վաճառվում են նույն կեղծ զեղչերով:   

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ սպառողները նման կեղծ զեղչեր էին հայտնաբերել նաև «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում:

Լուսանկարը տրամադրել է Նարինե Մխիթարյանը 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter