Կիրակի, 22 հուլիսի

Հայկական ստարտափ ակադեմիայի առաջին փուլի ամփոփումը



Մանե Գևորգյան

Փետրվարի 3-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում Հայկական ստարտափ ակադեմիայի 11 շրջանավարտները ներկայացրին իրենց ստարտափները։

Հայկական ստարտափ ակադեմիան Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է, որն իրականացվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։

Ակադեմիայի համահիմնադիր Աշոտ Արզումանյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի իրականացմանը մասնակից բոլոր կողմերին ու շեշտեց, որ այս նախաձեռնությունը մեծ ներդրում ունի հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացման մեջ, իսկ համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը ներկայացրեց ակադեմիայի գործունեության արդյունքները։

Այս նախաաքսելերացիոն ծրագրին մասնակցել է 18 ստարտափ՝ 8-ը որպես հիմնական մասնակից, իսկ 10-ը` listener (հնարավորություն՝ մասնակցելու բոլոր դասընթացներին)։ 12 շաբաթ տևողությամբ ծրագրի շրջանակում կազմակերպվել է  43 սեմինար և դասախոսություն, որոնցից 35-ը նկարահանվել է։ Իրականացվել են ավելի քան 150 առանձին հանդիպումներ մենթորների հետ։ Դասընթացների կեսը վարել են հրավիրված հյուրերը։

Արդյունքում՝ ստարտափերները հստակեցրել են իրենց «go to market» ռազմավարությունը, ձեռք բերել գործնական գիտելիքներ  entrepreneurial assistant-ների հետ մշտական աշխատանքների շնորհիվ։ Ստարտափերների համար ստեղծվել է նոր համագորածակցությունների շրջանակ, ամուր կապ մենթորների հետ, ծանոթություններ ներդրողների հետ ու արդեն իսկ ներդրումներ ստանալու որոշ պայմանավորվածություններ։

Այժմ ակադեմիան ունի 11 շրջանավարտ ՝ Aimhub, WiMedia, EarlyOne, inOne, Embry, PicPen, Coach2All, Himnark, WooChess. Breedge, որն արդեն հրապարակել է իր կայքը, որի միջոցով գործատուները կարող են գտնել իրենց ընկերություններին հնարավորինս համապատասխան ինթերններ՝ այսինքն՝ պոտենցիալ աշխատակիցներ և Triple-E, որը վերջերս իրականացրել է հետաքրքիր համագործակցություն Նիդերլանդներում գտնվող Զուտերմեյր քաղաքի քաղաքապետարանի հետ։ Քաղաքապետարանի նոր շենքի բացման ժամանակ ներկայացվել են քաղաքի պատմության մաս կազմող արվեստի գործեր, որոնք համալրված են եղել  լրացված իրականության տարրերով։ Վերջինս ապահովել է Triple-E հայկական ստարտափը։

WiMedia-ն օգնում է մարդկանց հասարակական տարբեր վայրերում ունենալ անվճար ինտերնետ՝ գովազդ դիտելու դիմաց։ Օրինակ՝ Հանրապետության հրապարակում կամ Զվարթնոց օդանավակայանում WiFi-ին միանալու ժամանակ հայտնվում է գովազդ, որը դիտելուց հետո մարդ ունենում է անվճար ինտերնետ հասանելիություն։ Այսինքն՝ գովազդ դիտելն ինտերնետ ունենալու արժեքն է։ WiMedia-ն ինտերնետ է տրամադրում ոչ միայն մեծ հասարակական վայրերում, այգիներում, այլև համալսարաններում, հասարակական  տրանսպորտում և ավելի քան 160 սրճարաններում, ռեստորաններում։ Լուծվում է 2 հիմնական խնդիր՝ մարդիկ ունենում են անվճար ինտերնետ, իսկ բիզնեսներն իրենց գովազդելու և գումար աշխատելու հնարավորություն՝ ինտերնետ տրամադրելու դիմաց։

Embry- ն օգնում է կանանց պահպանել իրենց երազանքների քաշը։ Այն աշխարհում առաջին կրելի սարքն է, որն ահազանգում է քաշի ավելացման դեպքում ու հեռախոսային հավելվածի միջոցով տալիս խորհուրդներ` քաշը պահպանելու ու սննդակարգի վերաբերյալ։ Այն նաև շատ բարձր ճշտությամբ հաշվում է քայլերը, նստած ժամերի քանակն ու մոտիվացնում, որ օգտագործողն ավելի շատ շարժվի։

Aimhub-ը արհեստական ինտելեկտի տարածման և հրապարակման ծառայություն է, որն օգնում է արհեստական բանականության ոլորտի գիտնականներին և ինժեներներին արագորեն կիսվել և հրապարակել լուծումներ։

Himnark-ն օնլայն հարթակ է աշխատավարձի և դրա հաշվարկի հետ կապված կադրային գործի ավտոմատացման համար։ Այս համակարգի միջոցով հնարավոր է ավտոմատ գեներացնել աշխատանքային պայմանագրեր, վարել արձակուրդների գործընթացը՝ պարզապես նշել արձակուրդի օրերը, և համակարգը կհաշվարկի աշխատավարձի գումարը, գեներացնել  համապատասխան դիմումներ կամ հրամաններ, ավտոմատ հաշվարկել աշխատավարձը՝ համաձայն նախնական ցուցումների։ Փոքր և միջին բիզնեսներին այն կօգնի 80% կրճատել իրենց՝ այդ գործընթացները համակարգելու ջանքերն ու դրանք վարել ինքնուրույն՝ չարտահանձնելով հաշվապահական ընկերությունների կամ այլ մասնագետների։

WooChess-ը նորարարական կրթական համակարգ է շախմատիստների համար, որի միջոցով մարզիչները կարող են օնլայն դասեր անցկացնել միանգամից մի քանի աշակերտի հետ։ Կայքում կան բոլոր հարմարությունները շախմատի պարապմունքների համար՝ վիդեոզանգի հնարավորություն, չատ, շախմատի ինտերակտիվ տախտակ, տնայիններ հանձնարարելու, նախօրոք դասերը պատրաստելու, պարտիաներ եւ դիրքեր վերլուծելու հնարավորություններ եւ շատ այլ շախմատային գործիքներ։ Նման ամբողջական  համակարգ աշխարհում դեռ գոյություն չունի։

Coach2All-ը մարզումների դինամիկ ծրագիր է, որն օգնում է անհատներին և խմբերին ստանալ մասնագիտացված սպորտային մարզումներ։ Ի տարբերություն այլ մարզական ծրագրերի՝ Coach2All-ը շարունակաբար փոփոխում է մարզման ծրագիրը՝ այն հարմարեցնելով յուրաքանչյուր հաճախորդի կարիքներին, սպասումներին ու ֆիզիկական հնարավորություններին։ Այսինքն՝ ընտրում ես քեզ հարմար օրերն ու ժամերը, նշում քո հնարավորություններն ու ստանում մարզման  համապատասխան ծրագիր, հարկ եղած դեպքում` այն փոփոխելու որոշ խորհուրդներ, ու սկսում ես մարզվել։

PicPen-ը երեխաների համար նախատեսված ուսուցողական հավելված է, որի նպատակն է երեխաների ազատ ժամանակը դարձնել հետաքրքիր՝ տալով նրանց նկարչական հմտություններ ու ստեղծագործելու հնարավորություն։ Հավելվածը տրամադրում է տարբեր նկարչական գործիքներ պատրաստի պատկերներ ներկելու համար։ Ապագայում հնարավոր կլինի լուսանկարել թղթի կամ գրատախտակի վրա արդեն նկարված նկար կամ այլ պատկեր, ներբեռնել հավելվածի մեջ ու ներկել։

Հայկական ստարտափ ակադեմիան սկսում է ընդունելության երկրորդ շրջանը։ Հայտադիմումները կարելի է լրացնել մինչև փետրվարի 6-ը։

Լուսանկարները՝ Նարեկ Սուսանի


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. Կարպիս Եսայեան21:38 - 6 փետրվարի, 2018
Միայն, գլխագիր ԿԵՑՑԷ՛Ք բոլորդ:Աւելի փայլուն յաջողութիւններու լաւագոյն մաղթանքներ:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ