Շաբաթ, 26 մայիսի

Ախուրյանում քննարկում են բրիկետի արտադրություն սկսելու առաջարկը



Շիրակի մարզի Բասեն գյուղում պելետի՝ կենսավառելիքի արտադրության հիմնումը, դրական առումով, բավական մեծ իրարանցում առաջացրեց: Վառելիքի այլընտրանքային տարբերակի կիրառման եւ զարգացման եվրոպական փորձի տեղայնացումը հատկապես չգազիֆիկացված, անտառազուրկ բնակավայրում լուծելու էր նաեւ շրջակա միջավայրի պահպանության, կենսոլորտ արտանետվող թունավոր նյութերի նվազեցման, վարելահողերի բերքատվության բարձրացման հարցը:

Բասենում, բավական մեծ հաջողությամբ սկսած ծրագիրն առավել ցուցադրական էր, տեղադրված սարքավորումները մեծ հզորություն չունեին եւ արտադրողականությունն էլ մեծ չէր: Չնայած դրան, Բասենի պելետի նորաստեղծ արտադրամասը 2016թ-ին բավական պատվերներ ունեցավ: Ծրագիրը հայտնվեց նաեւ կառավարության եւ վարչապետի ուշադրության կենտրոնում: Խոսակցություններ եղան այն ընդլայնելու վերաբերյալ, սակայն այս առումով դեռեւս որեւէ տեղաշարժ չկա:

Եվ մինչ բասենցիներն աջակիցների փնտրտուքի մեջ են պելետի արտադրության զարգացման համար՝ մարզում գործող «Վանանդ» համայնքային զարգացման ՀԿ-ն հանդես եկավ կոշտ կենսավառելիքի արտադրության եւ էներգաարդյունավետ վառարանների կիրառության ընդլայնման ծրագրի ներդրման առաջարկով՝ որպես իրականացման թիրախային տարածք ընտրելով Ախուրյան խոշորացված համայնքը: Ծրագրի ղեկավար Գեւորգ Պետրոսյանն ասում է, որ հաշվի են առել նաեւ խոշորացված համայնքի կազմում գտնվող Բասեն գյուղի հանգամանքը, որտեղ ժամանակին նպաստել են պելետի ծրագրի իրականացմանը:

Գևորգ Պետրոսյան

«Թե´ պելետի դեպքում եւ թե´ հիմա արդեն բրիկետի պարագայում ծրագրի նպատակն է գյուղական համայնքներում խթանել կենսաբանական թափոնների կիրառումը որպես վերականգնվող էներգիայի կենսունակ աղբյուր՝ էներգետիկ անվտանգության, բնապահպանական կայունության եւ աղքատության նվազեցման համար` ընդլայնելով կենսավառելիքի եւ էներգաարդյունավետ վառարանների արտադրությունն ու կիրառումը»,- նկատում է Գեւորգ Պետրոսյանը:

Ախուրյան համայնքում բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկային, կերային եւ բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ: Համայնքն ունի բավարար գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողեր, որոնց մեծ մասը ջրովի վարելահող է: Այս հողերում զգալի են դեգրադացիայի խնդիրները, որի առավել տարածված գործոններից մեկն էլ ծղոտի եւ խոզանի այրումն է դաշտերում, ինչը բերում է հողի վերին շերտերի էրոզիայի եւ կենսաբազմազանության ոչնչացման: Միեւնույն ժամանակ Ախուրյան խոշորացված համայնքի բնակչության 75-80 տոկոսը ջեռուցման նպատակով օգտագործում է աթար եւ փայտ: Հողերի որակը բարելավելու եւ բերքատվությունը բարձրացնելու նպատակով գյուղացին դադարել է օգտագործել գոմաղբը, քանի որ այն վերածում է աթարի:

2017 թ.-ին միայն հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններն Ախուրյան բնակավայրում կազմել են 6644 հա, իսկ կենսավառելիքի արտադրության համար կիրառելի թափոնների ներուժը կազմում է շուրջ 29507,1 տոննա: Ներկայումս կենսաթափոնների մեծ մասն աննպատակ այրվում է` օդային ավազան արտազատելով հսկայական քանակությամբ ծխագազ, ոչնչացվում է հողի վերին շերտի կենսաբազմազանությունը՝ խորացնելով դեգրադացիոն պրոցեսները վարելահողերում: Ախուրյանում շատ տարածված վնասակար մի երեւույթ էլ աշնանը չորացած տերեւների այրումն է, որի հետեւանքով վնասվում են նաեւ ծառերի բները: Բոլոր թվարկված բացասական գործոններն ապագայում հնարավոր կլինի իսպառ բացառել՝ կենսավառելիքի այլընտրանքային ծրագրերի ներդրմամբ:

Օրերս «Վանանդ» ՀԿ-ն բրիկետի արտադրության ներդրման ծրագիրը ներկայացրեց Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարին, ավագանու անդամներին եւ բնակավայրերի վարչական ղեկավարներին: 139 հազար դոլար արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհային ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից: Իրականացնելու համար հարկ է, որ համայնքը եւս կատարի ներդրում 21 հազար ԱՄՆ դոլարի չափով: Կզբաղվե՞ն ախուրյանցիները բրիկետի արտադրությամբ, թե ծրագիրը կառաջարկվի մարզի մեկ այլ համայնքի, ցույց կտան առաջիկա ուսումնասիրություններն ու բնակավայրերում բնակիչների հետ հանդիպում-քննարկումները:

Համայնքապետարանում կայացած նախնական քննարկման ժամանակ ներկաների մի մասը հակված էր եղածը, այսինքն՝ պելետի արտադրությունը զարգացնելու, հզորացնելու ուղղությամբ քայլեր անելուն եւ ֆինանսներն այդ ուղղությամբ ծախսելուն, քան թե նոր արտադրություն սկսելուն՝ հատկապես, որ բրիկետի պարագայում էլ օգտագործվող հումքը նույնն է: Մտավախություն հնչեց նաեւ, որ բրիկետի արտադրությունը սկսելու դեպքում պելետի արտադրությունն ընդհանրապես կարող է կանգ առնել:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Lusine Ayvazyan02:02 - 21 մայիսի, 2018
Իսկ ինչ է արտադրամասի անունը, կամ կոնտակտներ կա՞ն , ինչպես կարող ենք կապնվել արտդրամասի կոմերցիեն բաժնի հետ՞
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ