HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ոստիկանությունը Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու ծառահատման փաստով ստուգումներ է կատարում

Փետրվարի 3-ին` երեկոյան, Կոնգրես հյուրանոցի դիմացի այգում ծառեր են հատվել:

«Հետք»-ին ոստիկանության լրատվական վարչությունից հայտնեցին, որ այդ օրը երեկոյան ծառահատման վերաբերյալ ահազանգ են ստացել և ահազանգի կանչով դեպքի վայր մեկնել: Ոստիկանները պարզել են, որ տարածքում շինաշխատանքներ են տարվում, սակայն ծառահատման իրականացման օրինականությունը պարզելու համար ոստիկանությունը փաստաթղթեր է պահանջել և այս պահին կատարվում են ստուգումներ:

Ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը առավոտյան է եղել այգու տարածքում, ասում է՝ տասնյակ ծառեր են հատվել, և հնարավոր է, որ մնացածն էլ հատվեն. «Քաղաքապետարանը պաշտոնապես չի արձագանքում, սակայն մեր հարցադրումներին տարբեր աշխատակիցներ պատասխանում են, որ հատումները տեղի են ունենում ըստ բարեկարգման նախագծի»,-«Հետք»-ի հետ զրույցում նշեց Խաժակյանը: 

Հավելենք, որ քաղաքապետարանից հրաժարվեցին ծառահատումների փաստով որևէ պարզաբանում տալ՝ հորդորելով գրավոր կերպով դիմել: Գրավոր հարցմանը դեռեւս չեն պատասխանել:

Ինչպես ասվում է Երևանի քաղաքապետարանի կայքում՝ Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստում ավագանին հավանություն է տվել Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգին «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգելու առաջարկին, որը նվիրվելու է Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին: «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել նաև հետագա տարիներին իր միջոցների հաշվին իրականացնել այգու շատրվանների ինժեներական և տեխնիկական սպասարկումը, սարք-սարքավորումների խոտանման դեպքում՝ դրանց վերականգնումը, փոխարինումը նորով, վնասված սալերի փոխարինումը և վերանորոգումը, ինչպես նաև կանաչ գոտիների խնամքն ու սպասարկումը: Հիմնադրամը պարտավորվել է շինարարական և բարեկարգման աշխատանքներն ավարտել 2018 թվականի սեպտեմբերին:

Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.

«Տեղեկացնում ենք, որ մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter