Շաբաթ, 22 սեպտեմբերի

Արմեն Սարգսյանի ավագ որդին Հայաստանում հաշվառում չունի, բայց ՀՀ քաղաքացի է. պարզաբանում



Ուղղում. Հոդվածի վերնագրում և տեքստում փոփոխություն է կատարվել. նախապես գրել էինք, որ Նունե Սարգսյանը գրանցված չէ Հայաստանի ընտրողների ռեգիստրում և Հայաստանում հաշվառում չունի, քանի որ ընտրողների ռեգիստրում որոնումը կատարել էինք պաշտոնական աղբյուրներում (այդ թվում՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերում) և մամուլի հրապարակումներում հայտնի Նունե Սարգսյան անունով: Հոդվածը հրապարակելուց հետո պարզվեց, որ Արմեն Սարգսյանի կինը գրանցված է Նունուֆար Սարգսյան անունով, որը հանդիպում է միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած՝ էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակում, որտեղ ներառված են արտասահմանում ապրող և ընտրելու իրավունք ունեցող դիվանագետներն ու զինվորականները և նրանց ընտանիքի անդամները:

«Իմ երկու զավակներն էլ և՛ բրիտանացի են, այսինքն՝ Բրիտանիայի քաղաքացիություն ունեն, և՛ հայկական քաղաքացիություն»,- «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ (հեռարձակվել է հունվարի 30-ին) ասել է Հանրապետական կուսակցության կողմից Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը: Նույն միտքը Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանը պնդել է Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ, լրագրողների հետ զրույցում:

Նշենք, սակայն, որ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում Արմեն Սարգսյանի ավագ որդին՝ 37-ամյա Վարդանը, գրանցված չէ: Ռեգիստրում առկա է միայն կրտսեր որդու՝ 34-ամյա Հայկի անունը, որը հոր հետ միասին գրանցված է նույն հասցեում:

Արդյո՞ք սա նշանակում է, որ Վարդան Սարգսյանը Հայաստանի քաղաքացի չէ: Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն ասում է, որ ընտրողների ռեգիստրում այն քաղաքացիների տվյալներն են, որոնք Հայաստանում ունեն հաշվառում: Մինչդեռ կան այս ռեգիստրում չգրանցված մարդիկ, որոնք նույնպես Հայաստանի քաղաքացի են համարվում. օրինակ՝ ծնվել են այլ երկրում, բայց ծնողները եղել են Հայաստանի քաղաքացի:

Բացի դրանից, Հայաստանի անձնագիր կարող են ունենալ մարդիկ, որոնք մեկ այլ երկրում են հաշվառված: Վերջիններս գրանցված են ոչ թե ընտրողների, այլ բնակչության պետական ռեգիստրում: Այն, սակայն, առաջինի պես հանրային չէ, և այստեղից տեղեկություն կարելի է ստանալ միայն տվյալ մարդու համաձայնությամբ:

Արմեն Սարգսյանի գրասենյակը պարզաբանում է, որ հենց այս ռեգիստրում է ընդգրկված դեսպան Սարգսյանի ավագ որդին: «Վարդան Արմենի Սարգսյանը ընդգրկված չէ ՀՀ ընտրողների ռեգիստրում, քանի որ բնակչության պետական ռեգիստրում, որի հիման վրա ձեւավորվում է ընտրողների ռեգիստրը, ՀՀ քաղաքացի Վարդան Սարգսյանը հաշվառված է օտարերկրյա պետության բնակության հասցեով։ ՀՀ քաղաքացիությունից զատ, նա ունի Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն»,- գրված է գրասենյակի պարզաբանման մեջ։

Սարգսյան եղբայրների անունները հանրությանը հայտնի դարձան բրիտանական Daily Mail պարբերականի հրապարակումից, որը հիմնված էր նրանց մոր՝ Նունե Սարգսյանի հետ զրույցի վրա: «Նրա տղաները բրիտանացի են զգում, չնայած, [մայրը] ասում է, նրանք հպարտ են իրենց արմատներով»,- գրում է պարբերականը: Բրիտանացի զգալու մասին այս միտքն էլ հիմք հանդիսացավ լրագրողների հարցերի համար:

«Կարծում եմ՝ իմ կինը ճիշտ է պատասխանել՝ ասելով, որ այո, տղաները իրենց գիտակից տարիքի շատ մեծ մասը՝ փոքր տարիքից, Բրիտանիայում են անցկացրել և քանի որ բրիտանացի են, պատասխանը ճշգրիտ է, որ իրենք իրենց բրիտանացի զգում են, բայց թարգմանությունը կարծեմ մի փոքր սխալ է, կարծեմ կինս ասել է, որ իրենք հպարտ հայեր են»,- հարցազրույցում ասում է Արմեն Սարգսյանը:

Նունե Սարգսյանը նույնպես երկքաղաքացի է՝ ունի Հայաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն:

Լուսանկարը՝ Dailymail.co.uk-ից


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (4)
1. Սեբուհ08:48 - 6 փետրվարի, 2018
Բաբամ ինչ պարապ տեղ ժամանակ կվատնիք - «Է», կամ «էն», կամ «չեն», որու զնկլին են աս ճստիկ հարցեր: Առաջները սա տեսակի հարց մը եւս դրուեցավ՝ արդյոք Ղարաբաղ Հայաստան է, չե նե մեկ այլ բան? Ոստիկանության կնիկ պետերեն մեկ ըսավ՝ «է» եւ Ռոպերտ Քոչարյան նախագահի աթոռը հեծավ .. հոս խնտիր չեմ տեսնիր:
2. Հրանտ14:12 - 6 փետրվարի, 2018
Բարև Սեբուհ: Նյութով ոչ թե որևէ խնդիր ենք ձևակերպել, այլ փորձել ստուգել Արմեն Սարգսյանի հայտարարության հավաստիությունը: Շնորհակալ եմ արձագանքի համար:
3. Վարազ Սյունի (Ամստերդամ)20:04 - 7 փետրվարի, 2018
Հայաստանում իրականությու՛նը չեն ցանկանում (կամ կարողանում) տեսնել: 2016 թ. «Սասնա ծռերի» հուլիսյան ապստամբությունից հետո ռուսահպատակ հհկ-ն Կարեն Կարապետյանին մեյդան բերեց («ոսկե սարեր» խոստանալով),որպեսզի մարդկանց լիցքաթափի: Փաստորեն մարդկանց աչքերին թոզ փչեցին: Հիմա էլ,նույն ձևով, Արմեն Սարգսյանին են մեյդան բերում,որպեսզի վերջինիս «քաղաքակիրթ» ֆոնին Սերժը անցնցում վարչապետ դառնա ( հավերժ աթոռին մնա):
4. Սեբուհ09:19 - 8 փետրվարի, 2018
3 -ին: Անանկ չէ պ-ն Վարազ: Կկարծեմ ճիշտ հակառակն է հոս՝ ամենը հստակ կտեսնին զամենայն ինչ սակայն ձայն մը չէն հանէր: Անցյալներ դաշնակ պատանու մը մեռցուցին Երեվանին կենտրոն, Շառլ Ազնաուրին քով, վիզն ոլորելով - քիչ մը գինովցած ըլլալուն համար: Ձայն մը չելավ, թե ժողուրդեն, թե իր զորաուր կուսակիցներու կողմեն, որոնք սա տեսակ գործերու վարպետն են: Եգիպտոսին ժողոուրդ հազարաոր զոհեր տուավ, սակայն յուր բռնակալ տապալեացաուվ՝ խղճուկ մի մանրավաճառ ինքն զինքը հրկիզելուն առիթուվ: Ասիկա մենք ենք - պատիուվ ու արդարամտութիուն իսպառ մոռցած, կարծեմ աս է հիմնական պատճառ որ մեզի կտիրէն ...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ