Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Ալեքսանդր Վարպետյանի գործի քննությանը եկած քաղաքացիները չկարողացան մասնակցել դռնբաց դատական նիստին



Վարչական դատարանում այսօր նշանակված էր Ֆրանսիայի քաղաքացի, էաբան և ազգաբան Ալեքսանդր Վարպետյանի հայցի վերաբերյալ դատական նիստ, որին եկած քաղաքացիներից շատերը դատարանի միջացքում կանգնած մնացին:

Դահլիճը, որտեղ նշանակված էր Վարպետյանի հայցի քննությունը, փոքր է. այնտեղ տեղավորվում է միայն մի քանի անձ, և որևէ քայլ չձեռնարկվեց դրսում կանգնած քաղաքացիների՝ նիստին մասնակցելու իրավունքն ապահովելու ուղղությամբ:

Ալեքսանդր Վարպետյանը, հիշեցնենք, Վարչական դատարան է դիմել իրեն ՀՀ  տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում հաշվառելու մասին Ազգային անվտանգության ծառայության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, Ազգային անվտանգության ծառայությանն իր վերաբերյալ տվյալները ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից հանելուն պարտավորեցնելու, ինչպես նաև նույն խնդրի առնչությամբ իր վարչական բողոքն ԱԱԾ-ի կողմից մերժելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Ալեքսանդր Վարպետյանն «ԷՈՒԹՅՈՒՆ ազգային իմաստության տաճար» հասարակական կազմակերպության  նախագահն է:  Վերջինիս մուտքը  Հայաստան արգելելու կապակցությամբ տեղեկություն է եղել այն մասին, որ չեն թույլատրում, քանի որ աղանդավոր է:

«ԷՈՒԹՅՈՒՆԸ» պատրաստ է համագործակցել Հայ առաքելական եկեղեցու հետ»,- վստահեցնում է  Վարպետյանը, սակայն բոլոր նմանատիպ առաջարկները պատասխան չեն ստացել:

Վարպետյանը մի շարք կառույցների դիմումներ է ներկայացրել, փորձել հասկանալ, թե  ի՞նչն է խնդիրը, բայց խնդիրը որևէ կերպ լուծում չի ստացել:

Ավելին, 2008 թվականի հունվարին Վարպետյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է արդեն անժամկետ:

Ինչպես պարզվել է, Հայաստանի Հանրապետությունը Վարպետյանի մուտքն արգելում է՝ 2007-ից ուժի մեջ մտած  «Օտարերկրացիների մասին» օրենքի համաձայն, որը սահմանում է որոշակի հանգամանքներ, որոնց առկայության դեպքում արգելվում է օտարերկրացիների մուտքը:

2016 թվականին Ալեքսանդր Վարպետյանն իր իրավունքների պաշտպանության համար դիմել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ին, և գրասենյակի կողմից համապատասխան հարցում է կատարվել ԱԱԾ:

ԱԱԾ-ից պատասխանել են,  որ «Վարպետյանի մուտքը Հայաստան արգելվում է, քանի որ գոյություն ունեն հավաստի տվյալներ այն մասին, որ Վարպետյանը հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակը Հայաստանի Հանրապետության անվտանգությանը վնասելն է»: Իսկ այդ կազմակերպությունն «ԷՈՒԹՅՈՒՆ ազգային իմաստության տաճար»-ն է, որը 1990 թվականին հիմադրվել է Վարպետյանի կողմից, և,  ըստ ԱԱԾ-ի, ֆաշիստական, ազգային թշնամանք տարածող գաղափարախոսություն ունի»:

Այսօր նշանակված էր Վարպետյանի դիմումի գործով նախնական դատական նիստ: Դատավոր Լիանա Հակոբյանը հայցի և դրա պատասխանի վերաբերյալ որոշակի հարցեր ուղղեց դատավարության կողմերին:

Դատավորը փորձեց ճշտել, թե որ դեպքում  է անձի տվյալները հանվում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից, և ԱԱԾ ներկայացուցիչը նշեց, որ անձի տվյալները բանկից հանվում են, եթե վերանում  է այն հիմքը, որի համար անձի տվյալները ներառվել են դրանում:

Դատավորը փորձեց ճշտել, թե արդյոք այս պահի դրությամբ Վարպետյանի հիմնադրած կազմակերպությունը գործո՞ւմ է: Վարպետյանի ներկայացուցիչ Անի Չատինյանը նշեց, որ ինքը չունի որևէ տեղեկություն այն մասին, որ կազմակերպությունը լուծարված լինի: Փաստաբանը նշեց, որ իր տեղեկություներով՝ կազմակերպությունն այս պահին ակտիվ գործունեություն չի ծավալում:

Դատարանը որոշեց դիմել Արդարադատության նախարարություն ՝ ստույգ տեղեկություն ստանալու համար՝ կազմակերպությունն այս պահին լուծարված է, թե՞ ոչ:

 Դատարանը սա  էական հանգամանք է գնահատում, քանի որ, փաստորեն, հենց այս կազմակերպության հիմնադիր անդամ լինելու փաստն է դրված Վարպետյանին անցանկալի օտարերկրացիների բանկում ներառելու հիմքում:

Հայցվորի ներկայացուցիչ Անի Չատինյանը դատարանին ներկայացրեց նաև «ԷՈՒԹՅՈՒՆ» հասարակական կազմակերպության գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները:

Փաստաբանի հավաստմամբ՝ երբ դատարանը դրանց ծանոթանա, պարզ կլինի, որ կազմակերպությունը ֆաշիստական գաղափարախոսություն չունի:

Այսօր նախնական դատական նիստն ավարտվեց, և գործի դատաքննությունը նշանակվեց մարտի 26-ին:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Հայկ 04:30 - 6 փետրվարի, 2018
Ալեքսանդր Վարպետյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ունի հավաստի տեղեկություններ հոկտեմբերի 27- ոճրագործության պատվիրատուի և կազմակերպիչի վերաբերյալ, սակայն անիմաստ է համարում այդ մասին հայտարարել արտասահմանում։ Սա է այն հիմնական պատճառը որով արգելվում Վարպետյանի մուտքը Հայաստան։ Հայաստանում աղանդավորներին ընդունում են մեծ հաճույքով և ըստ ամենայնի աջակցում են նրանց։
2. Ալեքսանդր Վարպետյան04:18 - 1 մարտի, 2018
Ավելի ու ավելի հավանական է դառնում Հայկի վերոնշյալ պատճառը...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ