HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նուբարաշենի խճուղում սպանված Եղիշե Խաչատրյանի գործով տուժողի ցուցմունքներում էական հակասություններ կան

Նուբարաշենի խճուղում Եղիշե Խաչատրյանի սպանության գործով տուժող Սանասար Բադալյանի ցուցմունքներում էական հակասություններ կան: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության ընթացքում Սանասար Բադալյանը ցուցմունք տվեց, և, նկատի ունենալով նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա հակասությունները, մեղադրող Վարդգես Սարգսյանը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները:

Եղիշե Խաչատրյանը սպանվել է 2016թ. հուլիսի 4-ին: Գործով մեղադրվում է 5 անձ՝ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Արթուր Զաքարյանն ու Յուրի Հակոբյանը: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով (սպանություն մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով) և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով):

Ըստ մեղադրանքի` սպանված Եղիշե Խաչատրյանը երթևեկության կանոնները խախտելու համար նկատողություն է արել ամբաստանյալներ Յուրի Հակոբյանին, Արտաշես Չիչոյանին ու Արարատ Նիկողոսյանին, որից հետո վերջիններս նրան հայհոյել են, ծեծել, ապա դեպքի վայր են եկել Արթուր Զաքարյանը, Խաչիկ Կոսյանը և ինքնությունը չպարզված ևս մեկ անձ, ու ծեծկռտուքը շարունակվել է այնքան, մինչև Եղիշե Խաչատրյանը սպանվել է: Ըստ գործի նյութերի՝  դեպքի ժամանակ Եղիշե Խաչատրյանի հետ մեքենայում է եղել նաև նրա մայրը՝ Էմմա Աբրահամյանը, և միջադեպը տեղի է ունեցել մոր աչքի առաջ:

Այսօր դատարանում հարցաքննված Սանասար Բադալյանը տաքսու վարորդ է, ըստ գործի նյութերի՝ Եղիշե Խաչատրյանի սպանության օրը մեքենայով անցնելիս է եղել դեպքի վայրով, մեքենայի ապակին իջեցրել ու միջադեպի մասնակիցներին նախատել է, և, ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանն ու Արթուր Զաքարյանը ցավագին են ընդունել դա, հետապնդել են նրան, քաշքշել ու հայհոյանքներ հասցրել: Վերը նշված հանգամանքները նկատի ունենալով՝ քննություն իրականացնող մարմինը Բադալյանին տուժողի կարգավիճակ է տվել:

Այս գործով առաջին դատական նիստերից մեկի ժամանակ Բադալյանը ներկայացրել էր դատարան ու հայտնել, որ ինքն իրեն տուժող չի համարում, քանի որ չի տուժել: Դրանից հետո Բադալյանը որևէ նիստի չէր ներկայացել առ այսօր, և դատավոր Աննա Դանիբեկյանը նախորդ դատական նիստին նրան բերման ենթարկելու որոշում էր կայացրել:

Դատարանում Սանասար Գաբրիելյանը հայտնեց, որ դեպքի օրն ինքը մեքենայով անցնելիս է եղել, երբ նկատել է միմյանց հետ վիճաբանող երեք տղամարդկանց, որոնց կողքին կանգնած են եղել մի տարեց կին ու մի աղջիկ: Դեպքի վայրում նկատել է մեկ մեքենա՝«Ֆորդ», և կարծել է, թե վթար է եղել: Ըստ տուժողի՝ ինքը լսել է, որ տարեց կինը գոռում է, բայց թե ինչ է ասել, չգիտի:

Բադալյանի խոսքով` ինքը մեքենայի ապակին իջեցրել է, ասել` «թարգը տվե՛ք, արա, ամոթ ա», որից հետո վիճաբանության մասնակիցներից մեկը եկել է իր ուղղությամբ: Դրանից հետո ինքը մեքենան վարել ու գնացել է մոտակայքում գտնվող ավտոտեխսպասարկման կետ, որտեղ գտնվելիս է եղել իր տղան:

Ըստ Սանասար Բադալյանի՝ տղան ավտոտեխսպասարկման կետում է գտնվել, քանի որ գնացել է դրա տիրոջն օգնելու, ինքն էլ դեպքի օրը գնում էր տղային այնտեղից վերցնելու:

Երբ Բադալյանը տեսել է վիճաբանողներին, անմիջապես մտածել է, որ միջադեպը կարող է որդու հետ կապ ունենալ, ու թեև տեսել է, որ որդին վիճաբանողների մեջ չէ, այնուամենայնիվ, շտապել է ավտոտեխսպասարկան կետ՝ համոզվելու համար, որ որդու հետ ամեն ինչ կարգին է:

Երբ հասել է դեպքի վայր, նկատել է այն նույն տղային, ով դեպի իր մեքենան էր գալիս: Վերջինս, ըստ Սանասար Գաբրիելյանի, ասել է՝ «էդ ո՞ւմ ասիր արա», շարժվել է դեպի իրեն, բայց մեկ այլ երիտասարդ՝ ծաղկավոր վերնաշապիկով, բռնել է այդ տղայի ձեռքից: Ըստ Բադալյանի՝ իր ետևից եկած տղան իրեն չի հարվածել:

Դեպի իրեն եկած երիտասարդը, վկայի հիշելով, եղել է ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանը, ինչ վերաբերում է ծաղկավոր վերնաշապիկով տղային, Սանասար Բադալյանի խոսքով՝ վերջինիս վիճաբանության ժամանակ չի նկատել:

Բադալյանը դեպքի վայրում ընկած տղամարդու չի տեսել: Վերջինս նշեց նաև, թե չգիտի՝ դեպքից հետո միջադեպի մասնակիցներն ի՞նչ ուղղությամբ են գնացել: Դատարանին հայտնեց, որ դեպքի վայրում տեսել է միայն «Ֆորդ» մեքենան:

Մինչդեռ նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքներից մեկում Սանասար Բադալյանը հստակ նշել է, թե ինչ մեքենայով և որ ուղղությամբ են հեռացել միջադեպի մասնակիցները: Մասնավորապես, տղաները մուգ գույնի մեքենայով են գնացել` մեծ արագությամբ: Բադալյանը հայտնել է նաև, որ տղաները եղել են ոչ սթափ վիճակում, հնարավոր է՝  իրեն հարվածած լինեն:

Նախաքննական  առաջին ցուցմունքում Բադալյանը հայտնել է, որ դեպքի վայրում տեսել է 3-4 տղայի, իսկ մեկ այլ ցուցմունքում գրել, որ դեպքի վայրում եղել է 4-5 տղա: Դատարանում էլ, փաստորեն, հայտնեց, որ տեսել է երեք տղամարդու: Մեղադրողին այդպես էլ չհաջողվեց հարցերի միջոցով պարզել, թե տուժողն ինչո՞ւ է դեպքի վայրում եղած անձանց թվի վերաբերյալ տարբեր տեղեկություններ տվել:

Թեև տուժողը դատարանում հայտնեց, որ տարեց  կնոջ խոսքերից ոչինչ չի հասկացել՝ նախաքննական ցուցմունքում  հստակ նշել է, որ տարեց կինը ձեռքերը մեկնած՝ բղավել է «այլանդակներ, անասուններ»:

Ինչ վերաբերում է իրեն հետապնդելուն, Սանասար Բադալյանը հայտնել է, որ իրեն հետապնդողը եղել է ծաղկավոր հագուստով: Նկատենք, որ դատարանում վկան հայտնեց, որ ծաղկավոր հագուստով անձը բռնել է իրեն հետապնդող տղայի ձեռքից, իսկ նախաքննության ընթացքում, փաստորեն, հայտնում է, որ ծաղկավոր հագուստով տղան է իրեն հետապնդել:

«Այդ տղաները ագրեսիվ էին տրամադրված, հարբած էին և տարօրինակ վարքագիծ ունեին»,- ասել է Բադալյանը, ինչպես նաև նշել, որ ամենաագրեսիվը ծաղկավոր հագուստովն է եղել:

Բադալյանը նախաքննության ընթացքում հայտնել է, որ ինքը սպանության ականատես չի եղել, տեսել է միայն վիճաբանությունը:

Այսօր դատարանը Բադալյանին զգուշացրեց, որ դատարանի կանչով պարտավոր է ներկայանալ դատական նիստերին, և եթե չանի, ապա  դատարանն իրավասու է դատական սանկցիա կիրառել նրա  նկատմամբ: Ի պատասխան դատավոր Աննա Դանիբեկյանի զգուշացման` Բադալյանը հարցրեց, թե ո՞վ է պահելու իր ընտանիքը, եթե ինքն ամեն անգամ դատարան ներկայանա:

Դատական նիստն ավարտվեց: Նշենք, որ այս գործով դատական նիստերն այսուհետ լինելու են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, քանի որ դատավոր Աննա Դանիբեկյանը տեղափոխվել է այս դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter