HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների կաշառքի վերաբերյալ գործով դատական նիստը սկսվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր սկսվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 12 պաշտոնատար անձանց և նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանի վերաբերյալ քրեական գործը:

Այս գործով տևական ժամանակ դատական նիստեր էին նշանակվում, սակայն դրանք անցկացնել չէր ստացվում: Գործով ներգրավված է 13 ամբաստանյալ, և վերջիններիս պաշտպաններին «մեկ տեղ հավաքել» չէր ստացվում:

Խոսքը, հիշեցնենք, կաշառքի վերաբերյալ քրեական գործի մասին է:

Մասնավորապես, ըստ գործի նյութերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննությունների տարածքային մի շարք հանձնաժողովների անդամներ, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել համապատասխան փորձաքննություններ, օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց քաղաքացիներից վերցրել են 20-ից 40 հազար դրամի չափով գումարներ: Այնուհետև, ապօրինի և համակարգային բնույթ կրող եղանակով գոյացած գումարները հանձնաժողովների նախագահները բաժանել են անդամների միջև, իսկ մի մասն էլ պարբերաբար հանձնել բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետին:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը):

Գործի շրջանակներում «Արմեն Սողոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի պաշտոնը, մշտապես իրականացնելով կազմակերպա-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և հանդիսանալով պաշտոնատար անձ՝ աշխատասենյակներում ընդունել է գործով ամբաստանյալի կարգավիճակ ունեցող իրեն ենթակա բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովների նախագահներին ու մեկ միասնական դիտավորությամբ նրանցից ստացել առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր առմամբ 1,528,600 դրամին համարժեք կաշառք:

Երևանի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Ժաննա Հովհաննիսյանը մեղադրում է  Արմեն Սողոյանին որպես կաշառք 200,000 ՀՀ դրամ տալու մեջ:

Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Արամ Պողոսյանն, ըստ մեղադրանքի, Արմեն Սողոյանին 2016թ. դեկտեմբերի 23-ին տվել է 150,000 ՀՀ դրամ կաշառք:

Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Արոնա Սիմոնյանը մեղադրվում է Արմեն Սողոյանին  600 ԱՄՆ դոլար կաշառք տալու մեջ: Արարատի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Զորիկ Մկրտչյանը մեղադրվում է  2016թ. նոյեմբերի 24-ին և 2016թ. դեկտեմբերի 23-ին  Սողոսյանի աշխատասենյակում վերջինիս  որպես կաշառք համապատասխանաբար 40,000 և 100,000 ՀՀ դրամ տալու մեջ:

Շիրակի մարզի թիվ 3 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Երեմ Մարգարյանը, Սյունիքի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Լիլիա Մանուցյանը, Երևանի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Արմեն Ավետյանը, Կոտայքի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Ժիրայր Պետրոսյանը,  Արմավիրի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Արշավիր Հմայակյանը, Արարատի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Ալլա Թովմասյանը մեղադրվում են Սողոյանին  100,000-ական դրամ կաշառք տալու մեջ:

Երևան քաղաքի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի բժիշկ-փորձագետ Շողիկ Ավետիսյանը մեղադրվում է Սողոյանին 265,000 դրամ կաշառք տալու մեջ:

Այսօրվա դատական նիստին դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունները, ապա Արմեն Սողոյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց կալանքի տակ գտնվող իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխել՝ նշելով, որ արդեն իսկ հարցաքննվել են անձինք, որոնք կարող էին գործի համար կարևոր տեղեկություններ հայտնել:

Ալումյանի խոսքով՝ մտավախությունը, որ իր պաշտպանյալը, ազատության մեջ հայտնվելով, կարող է խոչընդոտել գործի քննությանը, անհիմն է: Մեղադրողը, սակայն, դիրքորոշում հայտնեց, որ կալանավորման հիմքերը պահպանվում են՝ նշելով նաև, որ բարձր է հավանականությունը, որ Արմեն Սողոյանն, ով նախկինում այս գործով մյուս ամբաստանյալների ղեկավարն է եղել, ազատության մեջ կխոչընդոտի քննությանը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, և վերադառնալով՝ մերժեց պաշտպան Ալումյանի միջնորդությունը:

Դատական նիստն այսքանով ավարտվեց:

Նշենք, որ գործով ամբաստանյալներն առարկեցին տեսանկարահանման դեմ: Նրանց պաշտպաններից մեկը պատճառաբանեց, որ բոլոր ամբաստանյալները մեծ վաստակ ունեցող անձինք են:

Գլխավոր լուսանկարում դատավոր Արմեն Բեկթաշյանն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter