HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայրենադարձ հայերին «քցելու» եւս մեկ բանաձեւ. դատարաններն աջակից են

Ամուսիններ Միքայել Սարդարյանը եւ Մարինա Մխիթարյանը, 20 տարի բնակվելով Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում, 2008-ին որոշել են վերադառնալ Հայաստան եւ մշտական բնակություն հաստատել հայրենիքում: Այնտեղ կուտակած որոշակի խնայողությունները որոշել են ներդնել Հայաստանում` Երեւանում փոքր խանութ գնելով, որպեսզի կարողանան նաեւ ապրուստի միջոց ունենալ հայրենիքում:

Անշարժ գույքի գործակալ Սամվել Ղազարյանի միջոցով 2008-ի գարնանը ծանոթացել են Կարեն Բեգլարյանի հետ, ով վաճառում էր Շիրազի փողոցի 52/6 հասցեում գտնվող խանութը, որը սակարկելով պայմանավորվել են գնել 48 հազար դոլարով: Որպես կանխավճար Կ. Բեգլարյանին տվել են 5 հազար եվրո, իսկ այնուհետեւ` ապրիլ-հունիս ամիսներին, վճարել են ամբողջ գումարը: Ընդ որում` քանի որ Միքայել Սարդարյանը չի ունեցել ամբողջ գումարը, Կարեն Բեգլարյանի հորդորով Սարդարյանը վարկ է վերցրել բանկից` գրավ դնելով իր երեւանյան բնակարանը, բայց Սարդարյանի վարկից օգտվել է նաեւ Կ. Բեգլարյանը` օգտագործելով նրանց վստահությունը եւ պահանջվածից ավելի գումար հանելով գրավադրած տան դիմաց:

«Կարեն Բեգլարյանը մեզ հավաստիացրեց, որ խանութի փաստաթղթերը նորմալ վիճակում են, եւ խանութի ամբողջ գումարը ստանալուց հետո խանութը առքուվաճառքի պայմանագրով կձեւակերպվի ամուսնուս անունով: Բայց Բեգլարյանը մեզ խաբեց, գումարներս ստանալուց հետո անընդհատ մեզ համոզում էր, որ ամեն ինչ նորմալ կլինի, իսկ հետագայում արդեն ընդհանրապես սկսեց խուսափել մեզնից»,- պատմում է Մարինա Մխիթարյանը: Կարենն այդպես էլ չի ձեւակերպել խանութը Սարդարյանի անվամբ: Ավելի ուշ պարզվել է, որ խանութը բնավ էլ Կարեն Բեգլարյանինը չէ, այլ դեռեւս 2007-ին 30 հազար դոլար պարտքի դիմաց սեփականության իրավունքով Բեգլարյանը տվել է Կրասնոսելսկի բնակիչ Սերյոժա Դալլաքյանին:

Կարեն Բեգլարյանի բազմաթիվ խոստումները, թե կվերադարձնի գումարը, երբ ունենա, այդպես էլ չեն իրականացել: Նա սկսել է տրտնջալ, թե խնդիրներ ունի, փող չունի, սպասում է գումար ուղարկեն Ֆրանսիայից, ուզում է երիկամը վաճառի եւ նմանատիպ այլ պատճառաբանություններ է ներկայացրել: Սարդարյան եւ Մխիթարյան ամուսինները, այլեւս հույս չունենալով, որ Կարենը կվերադարձնի իրենց գումարը, քաղհայցով դիմել են դատարան` նրանից գումարը բռնագանձելու պահանջով: Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 2009-ի հոկտեմբերի 16-ի վճռով բավարարել է նրանց հայցը: Սակայն Կարեն Բեգլարյանից այդ գումարը բռնագանձել չեն կարողացել նույնիսկ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարողների միջոցով, եւ ԴԱՀԿ-ն որոշել է կատարողական վարույթը ավարտել, քանի որ Կ. Բեգլարյանի անվամբ գույք կամ դրամական միջոցներ չեն եղել:

Սարդարյան եւ Մխիթարյան ամուսինները 2010-ի աշնանը դիմել են ոստիկանություն: Մաշտոցի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով` մեղադրելով նրան խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումարի տիրանալու մեջ: Կարեն Բեգլարյանին ձերբակալել են: Սակայն նրա համար 1.5 մլն դրամ է մուծվել որպես գրավ, որի դիմաց էլ նրան ազատ են արձակել: Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դ. Բադալյանի, անպարտ է ճանաչել Կարեն Բեգլարյանին եւ արդարացման դատավճիռ կայացրել: «Ապացույցների գնահատման արդյունքում դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է հաստատված համարի, որ անձն ի սկզբանե նպատակ է ունեցել խարդախության միջոցով հափշտակել ուրիշի գույքը, եւ եթե ապացուցվի, որ ունեցել է, ապա խարդախության հանցակազմն առկա է: Ընդ որում, եթե ապացույցների բավարար համակցությամբ եւ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով չի հիմնավորվում, որ շահադիտական նպատակը ծագել է համապատասխան գործարքի կնքումից առաջ, ապա նման դեպքերում խարդախության հանցակազմ առկա չէ»,- այսպիսի եզրահանգումներ է արել դատավոր Բադալյանը: Հետաքրքիր է, թե դատավոր Բադալյանն ինչպես է գնահատել այն փաստը, որ եթե Կարեն Բեգլարյանը խարդախություն անելու նպատակ չունենար, ապա ինչու է թաքցրել այն կարեւոր հանգամանքը, որ խանութն իր անունով չէ եւ դեռեւս 2007-ին պարտքի դիմաց տվել է ոմն Դալլաքյանի: Նույնիսկ անշարժ գույքի գործակալն է խոստովանել, որ այդ մասին չի իմացել: Դատարանը, փաստորեն, անտեսել է նույն գործով քաղաքացիական դատարանի` գումարը Կարեն Բեգլարյանից բռնագանձելու վճիռը, որով բավարարվել էր ամուսիններ Սարդարյանի եւ Մխիթարյանի հայցն ընդդեմ Բեգլարյանի:

«Արարքը խարդախություն որակելու համար բավարար չէ, որ անձն իր արարքներով կամ որոշակի հանգամանքների բերումով տուժողի մոտ վստահություն վայելի, այլ անհրաժեշտ է, որպեսզի վերջինս համոզի տուժողին իրեն փոխանցել գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները»,- արձանագրել է դատարանը եւ հանգել հետեւության, որ Կ. Բեգլարյանին մեղսագրվող արարքն ընդհանրապես տեղի չի ունեցել, չի եղել դեպքը, որը կարող էր դիտվել որպես հանցագործություն, այսինքն` հանցավոր արարքի փաստ չի հայտնաբերվել, ուստի Կարեն Բեգլարյանի արարքում հանցակազմ չկա: Վերաքննիչ դատարանն էլ նույնն է թողել առաջին ատյանի դատավճիռը: Կարեն Բեգլարյանի արարքում հանցակազմ չկա, բայց չգիտես ինչու` հիմա նրան Հայաստանում շատերն են փնտրում եւ չեն կարողանում գտնել:

Ինչպես պարզեցինք, նա աշխատացնում էր Պարոնյան 1 հասեցում գտնվող ավիատոմսերի վաճառքով զբաղվող սրահը, որը, հարեւան գրասենյակների աշխատակիցների խոսքով, շուրջ 1 տարի է՝ չի գործում. գրասենյակը փակ է, տերն էլ` «թռած»: Կողքի բիլիարդի խաղասրահին Կարեն Բեգլարյանը նույնպես պարտք է մոտ 1000 դոլար: Շիրազի 52/6 հասցեի խանութը, որը Դալլաքյանի անվամբ է ձեւակերպված, այս օրերին նույնպես չի գործում: Հարեւան խանութպաններն ասացին, որ ապարանցի ամուսիններ են աշխատացնում այն, բայց մի քանի օր է` չեն երեւում, գնացել են գյուղ: Նրանց հետ զրուցել չհաջողվեց:

Կարեն Բեգլարյանի անունով ՀՀ պետական ռեգիստրում 2003 թվականից գրանցված է «Ալկանար» ՍՊԸ-ն, նրա հոր` Վլադիմիր Բեգլարյանի անունով, որն արդեն մահացել է, գրանցված է «Իչ Ջի Քեյ» ՍՊԸ-ն: Այս ՍՊԸ-ների լուծարման մասին տվյալներ չկան, ինչը նշանակում է, որ դրանք դեռ գործում են: Ավելին, Մարինա Մխիթարյանը վստահեցնում է, որ իրենցից վերցրած փողը Կարեն Բեգլարյանը չի օգտագործել պարտքերը մարելու, ասենք` Դալլաքյանին վճարելու համար, որպեսզի նրան չտար խանութը, այլ իր անձնական կարիքների համար է օգտագործել: Մինչդեռ, դատարանում տարբեր անձանց տված վկայություններից պարզվել է, որ Բեգլարյանն այնքան էլ աղքատ չէ, ինչպես ներկայանում է. հացի փուռ է աշխատեցնում, արտասահմանյան մակնիշի թանկարժեք մեքենա է վարում, զարմանալիորեն կարողացել է 1.5 մլն դրամ գրավ մուծել` ազատ արձակվելու դիմաց, վարձել է երկու փաստաբան: Մինչդեռ Սարդարյան եւ Մխիթարյան ամուսիններն այժմ ծայրահեղ ծանր դրության մեջ են, նույնիսկ փաստաբան վարձելու հնարավորություն չունեն: Միքայել Սարդարյանը Երեւանի բնակարանի վարկը մարելու համար ստիպված է եղել կրկին Եկատերինբուրգ վերադառնալ եւ այնտեղ աշխատել:  

Մարինա Մխիթարյանը պատրաստվում է Վճռաբեկ բողոք ներկայացնել, սակայն արդեն հիասթափված է հայաստանյան դատական համակարգից: Մարինան ասում է, որ Հայաստանում իրեն պահող ոչինչ չկա, մնացել է միայն ամուսնուն կորցրած դստեր ու թոռնիկի համար, այլապես ամուսնու հետ կվերադառնար Եկատերինբուրգ:                                       

Մեկնաբանություններ (3)

Robert Kanli
This is such an unfornuate story and a prime example of injustice on the part of the judicial system of Armenia. Mortgage or real estate fraud is a crime that is always committed by the seller. So buyers beware! Make sure that you always buy a house through a bank. If you have the money to buy the house with cash, still buy the house through the bank by taking out a loan for one month! Make sure the title passes through a bank, so you won't be scammed!
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանը ինչ մեղք ունի,որ դուք ԱՅՆՔԱՆ ՄԻԱՄԻՏ եք եղել,որ ՄԻՆՉԵՎ գործարքը ԱՄԵՆ ԻՆՉ մինչև հատակը չեք փորփրել:...................... ԲՈԼՈՐՆ էլ գիտեն, որ Հայաստանում (հատկապես «քաղաքամայր» Երիվանում) ԴՐՍԻ Հայերին դիտում են որպես ԿԹՈՒ ԿՈՎԵՐԻ ու ՔՑԵԼՈՒ օբյեկտների: ԻՆՉԻ էք թողնում որ էդ անազգ ոչնչությունները կողոպտեն ձեր տարիներով կոպեկ-կոպեկ հավաքած փողը?....................... Իսկ ԴԱՏԱՐԱՆԸ ՍԽԱԼ է այս հարցում-շատ երկրներում (այդ թվում Հոլանդիայում) օրենքը այսպես է. եթե ՄԻՆՉԵՎ գործարքը վաճառողը ԼՌՈՒՄ է մի բանի մասին,որը,եթե գնորդը իմանար,ապա գործարքից կհրաժարվեր,ապա գործարքը ուժի մեջ ՉԻ մտել (the contract is voidable):...................... Փողը կամ համարժեքը պիտի հետ տան ամուսիններին ..........................ՀԳ. Հայաստանը միայն Երիվանը չէ:
Peter
Yes, scammers are present in every country and every nation on the world, unfortunately... Armenians have to learn to be far more careful, check everything, and put everything on paper and look at the register etc. I think Armenians still have to get used to the new system and the fraud possibilities surrounding it.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter