HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ հատվել են այգու չոր և ծերացած ծառերը

Երևանի քաղաքապետարանից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնում են, որ մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր:

Քաղաքապետարանից չեն մանրամասնում՝ արդյոք այգին բարեկարգելու ծրագրի շրջանակներում ծառեր հատելու թույլտվություն եղել է, թե ոչ, եթե, այո, ապա քանի՞ ծառի հատման թույլտվություն է եղել և արդյո՞ք այդ ծառերը հատվել են այգու բարեկարգման ծրագրի շրջանակներում:

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ի երեկոյան, Կոնգրես հյուրանոցի դիմացի այգում ծառեր էին հատվել: Ծառեր հատվել են ոչ միայն այգու ներսում, այլև մայթեզրի հատվածում:

Երեկ Ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այգու տարածքում տասնյակ ծառեր են հատվել, իսկ ոստիկանությունը ծառահատման փաստով ստուգումներ է իրականացնում և բարեկարգող ընկերությունից ծառահատման իրականացման օրինականությունը պարզելու համար փաստաթղթեր է պահանջել:

Խաժակյանը նաև երեկ իր «Ֆեյսբուք»-յան էջում հրապարակել էր ապագա այգու էսքիզը, որը նրա փոխանցմամբ՝ առանց ուռենիների է:

Քաղաքապետարանից հավաստիացնում են, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն:

Հավելենք՝ Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգին բարեկարգվում է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից և այն նվիրվելու է Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին: Հիմնադրամը պարտավորվել է շինարարական և բարեկարգման աշխատանքներն ավարտել 2018 թվականի սեպտեմբերին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter