Շաբաթ, 22 սեպտեմբերի

Անդրիաս Ղուկասյանի գործով հարցաքննվեց լրագրող Ռոբերտ Անանյանը



Անդրիաս Ղուկասյանի գործով այսօրվա նիստին հարցաքննվեց գործով վկա, «Ա1+»-ի նախկին լրագրող Ռոբերտ Անանյանը, ով 2016թ․ հուլիսի 17-ից մինչեւ 29-ը լուսաբանել է Խորենացիում եւ Սարի թաղում տեղի ունեցող իրադարձությունները։ Վկան նշեց, որ Ազատության պողոտայից դեպի Խորենացի ընթացող երթը նկարահանել են, իսկ Սարի թաղում քաղաքացիների ու ոստիկանների բախումը ուղիղ եթերով լուսաբանել։

«Երթը եկավ եւ կանգնեց այն հատվածում, որտեղ ոստիկանների հետ բախում եղավ, բայց լրագրողները, հետաքրքրությունից դրդվելով, շարժվել են առաջ՝  նկատել ոլորաններում կուտակված ոստիկանական ուժերը»,- պատմեց վկան, հետո նշեց, որ նկատել է ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյաների՝ Լեւոն Երանոսյանին, Աշոտ Կարապետյանին, իսկ քաղաքացիների մեջ նկատել է Լեւոն Բարսեղյանին, Զարուհի Փոստանջյանին։

«Ոստիկանների կողմից բարձրախոսով այնպիսի կոչ, որը լսելի կլիներ բոլոր քաղաքացիների համար, չի եղել։ Աշոտ Կարապետյանը եւ ոստիկանական մյուս պաշտոնյաները ասում էին՝ ցրեք քաղաքացիներին, կոպիտ բառապաշարով։ Հորդոր եղել է մի քանի քաղաքացիների հետ, որոնց անունները ես տվեցի»,- նշեց լրագրողը։

«Ա1+»-ի լրագրողը ֆիքսել է նաեւ ոստիկանապետի տեղակալների հորդորը Լեւոն Բարսեղյանին, Արմեն Մարտիրոսյանին, որից հետո` հինգ րոպե անց, ոստիկանների կողմից հատուկ միջոցներ են կիրառվել։

Ռոբերտ Անանյանը հիշում է նաեւ՝ ինչպես են հրահրումներ եղել քաղաքացիական հագուստով մարդկանց եւ ոստիկանների միջեւ։ «Երբ քաղաքացիներն ու ոստիկանները հանդիպեցին, ինչ-որ քաղաքացիների կողմից հատուկ հանդերձավորված մի խումբ նետվեց դեպի ոստիկանները, հավաքի անձանցից մի քանիսը հայտարարեցին, որ չհետեւեն նրանց. սադրիչ խումբ է, հստակորեն տարբերվում է այլ քաղաքացիներից։ Արհեստական էր նրանց հարձակումը ոստիկանների վրա»,- հիշեց վկան, այնուհետեւ նշեց նաեւ, որ հետագայում նույն քաղաքացիներին տեսել է ոստիկանների հետ՝ քաղաքացիներին բերման ենթարկելու ժամանակ։

«Հատուկ ֆիզիկական պատրաստվածություն ուներ խումբը, մինչեւ քսան-երեսուն հոգի էին, մեր լրագրող գործընկերները նմանատիպ մարդկանց կողմից ծեծի են ենթարկվել», - հայտարարեց Անանյանը։

Անդրադառնալով Անդրիաս Ղուկասյանին՝ վկան նշեց, որ տեսել է նրան Ազատության պողոտայում, հետագայում տեսել քաղաքացիների մոտ «հանգիստ կանգնած», Ղուկասյանը լրագրողի համար որեւէ «հետաքրքիր գործողություն» չի կատարել։ Վկան ավելացրեց նաեւ, որ քաղաքացիների կողմից ոստիկանների ուղղությամբ նետվող քարեր չի տեսել, բայց տեսել է՝ ինչպես են առաջին անգամ հատուկ միջոցներ կիրառել հենց լրագրողների վրա։

«Ես էլ վնասվածք ստացա ձեռքերիս, ոտքերիս՝ բեկորների կտորներ, այրվածքներ, ամբողջ ընթացքում ոստիկանները, երբ քաղաքացիների կողմ էին գալիս, կիրառում էին հատուկ միջոցներ, կարծում եմ հատուկ միջոցների կիրառմամբ հասարակության անվտանգությունը վտանգված էր»,- հայտնեց վկան, իսկ փաստաբան Կարեն Մեժլումյանի այն հարցին, թե Անդրիաս Ղուկասյանը կոչեր արե՞լ է ոստիկանների վրա քարեր նետել, լրագրողն ասաց. «Եթե լիներ, ես կմոտենայի, որպես լրագրող կհարցնեի՝ ինչու՞ եք էդպես անում, մենք փորձել ենք ֆիքսել հետաքրքիր դրվագներ»։

Վկան նշեց նաեւ, որ երթի եւ բախումների ամբողջ ընթացքը փորձել են լուսաբանել, նույնիսկ երբ վիրավոր են եղել։ «Ժողովուրդը լեղաճաք փախչում էր, ես փորձում էի մասնագիտությանս հավատարիմ մնալ եւ լեղաճաք չլինել»,- հայտնեց վկան։

Այս գործով հաջորդ նիստը կկայանա փետրվարի 13-ին։

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ