ՈՒրբաթ, 23 փետրվարի

Ուսուցիչները դիմանում եւ սպասում են, որ իրենց դպրոցում էլ փոփոխություններ կլինեն



Շամլուղի միջնակարգ դպրոցը իր 125 աշակերտով այժմ գործում է 39 տարի առաջ կառուցված եռհարկ շենքի 2-րդ մասնաշենքում, որը տնօրեն Ս. Սոսինյանի ասելով` վերջին անգամ մասնակի վերանորոգման է ենթարկվել 1990թ.-ին: Դպրոցը միակ կրթական հաստատությունն է: Շամլուղը նույնիսկ մանկապարտեզ չունի, թեև հաշվառված 60-ից ավելի մանկապարտեզահասակ երեխա ունի:

Ախթալա խոշորացված համայնքի մեջ մտնող Շամլուղ բնակավայրը նախկինում ունեցել է բազմազգ բնակչություն: Այստեղ ապրել են հայեր, վրացիներ, ադրբեջանցիներ, հույներ, ռուսներ, օսեր, իտալացիներ, ուկրաինացիներ և բելառուսներ: Հանքարդյունաբերական Շամլուղը նախկինում ունեցել է զարգացած կրթամշակութային համակարգ: Դեռ 1908թ.-ից այստեղ բացվել է միջնակարգ դպրոց, մանկապարտեզներ՝ հայերեն-ռուսերեն հոսքերով, կինոթատրոն, մշակույթի պալատ, դիսկոտեկ, գրադարան և այլ հաստատություններ: Միջնակարգ դպրոցում 1970-ական թվականներին 800-ից ավելի աշակերտ է սովորել: Դպրոցի 1-ին մասնաշենքը Շամլուղում կառուցվել է 1959թ.-ին, 1979թ.-ին կառուցվել է 2-րդ մասնաշենքը: Արդեն 59 տարվա վաղեմություն ունեցող 1-ին մասնաշենքը կիսաքանդ վիճակում է: Շենքի նկուղային հարկում գտնվող մարզադահլիճից միայն ավերակներ են մնացել:

Ձախից՝ գործող մասնաշենքը, աջից՝ 1-ին մասնաշենքը

Երբ դասամիջոցներին աշակերտները տեղաշարժվում են եռհարկ դպրոցի դասասենյակներում ու միջանցքներում, թանձր փոշին կախվում է օդում: Տնօրենը բացատրում է, որ դա փայտե վառարանների փոշին է: Իրականում քամիների օգնությամբ ինչպես ողջ Շամլուղի, այնպես էլ դպրոցի վրա ամեն օր նստում է Շամլուղի հանքերից Ախթալայի ԼՀԿ-ի բաց բեռնատարներով լեռնահարստացման ֆաբրիկա տեղափոխվող հանքաքարի փոշին:

ԼՀԿ-ի տնօրինությունը հանքաքարի տեղափոխման անվտանգության որևէ միջոց չի ձեռնարկում: Շամլուղ մտնող ճանապարհին հանքաքարի նստած փոշու հսկա շերտն անձրևներին ցեխ է դառնում և ավտոմեքենաների ու ոտքի հետ տեղափոխվում է բնակելի տների, այդ թվում նաև դպրոցի տարածք: Դպրոցում դասարանները մաքրում են 2-3 օրը մեկ: Տնօրեն Սերինե Սոսինյանի խոսքով՝ դպրոցի բյուջեի 36 մլն դրամի 33 մլն դրամը վճարվում է որպես աշխատավարձ: Մնացած 3 մլն դրամը ծախսվում է վառելիքի և հոսանքի համար: Մաքրման նյութեր գնելու համար փող չի մնում։ Նկատեցինք, որ աշակերտները և ուսուցիչները վերարկուներով են նստած դասարաններում:


Տնօրեն Սերինե Սոսինյանը

«Մոտավորապես 750 հազար դրամի վառելափայտ ենք գնել, ամենաքիչը 35 խմ փայտ է մեզ անհրաժեշտ լինում: Առանց խնայելու դասարաններին փայտ է տրամադրվում, վառարանները նորմալ վառվում են։ Լուսամուտները մենք մեր միջոցներով փորձել ենք ջերմամեկուսացնել, բայց դասարանների դռները անցքեր ունեն: Դրա համար ջերմության կորուստներ են լինում, և դասասենյակները չեն տաքանում»,- բացատրեց տնօրենը:

Դպրոցում ինձ հանդիպած աշակերտներից մեկը 8-րդ դասարանում սովորող Ջոն Մալաքյանն էր:  

«Դե, ոնց ասեմ, դպրոցը քանդված է: Զուգարանները, չնայած անցած, թե նախանցած տարի վերանորոգել էին, երեխաները քանդում են ու այդպես էլի դպրոցի վիճակը վատ է մնում: Փոշին շատ է դպրոցում: Սպորտային դահլիճ էլ չունենք: Բոլոր դասարաններն իրար նման չեն: Օրինակ՝ մեր 8-րդ դասարանի ամբողջ մանրահատակը դասարանը տաքացնելու համար վառել են»,- պատմեց Ջոնը:

«Արևոտ դասասենյակ եմ երազումհատակը գեղեցիկ լինի, վառարանը կարգին վառվի: Մինչև 4-րդ դասարանն արևոտ դասարանում եմ սովորել: Բոլորն էլ կուզեն առանց վերարկուի նստել դասերին, բայց ցուրտ է, մրում ենք»,- բացատրեց 8-րդ դասարանից մյուս աշակերտը՝ Սիլվիկ Ներսիսյանը:

«Ես կասեի ընդհանուր դպրոցի վիճակը նորմալ չի, վերանորոգված չի: Ցանկալի կլինի, որ մեր դպրոցը գազաֆիկացվի և նորմալ ջեռուցում լինի»,- ասում է 11-րդ դասարանցի Օվսաննա Առաքելյանը:

«Սա մեր հնարավորությունների սահմանում կահավորված դասարաններից է: Ես՝ որպես ուսուցիչ, իհարկե, վատ եմ գնահատում դասարանների վիճակը: Երեխաները, փառք Աստծո, վատ չեն սովորում, գերազանցիկ սովորող աշակերտներ չունենք, բայց լավ սովորող աշակերտներ ունենք: Սկսած տանիքից, վերանորոգման կարիք կա»,- հայտնեց ֆիզիկայի ուսուցիչ Արթուր Հովակիմյանը:

Ծայրահեղ վատ վիճակում են մաթեմատիկայի և համակարգչային կաբինետները: Մաթեմատիկայի կաբինետի մանրահատակը գոյություն չուներ: Համակարգչային կաբինետում երեք համակարգիչ կար.

«Էսպես, թե էնպես մեր ոչ բոլոր համակարգիչներն են աշխատում, որն էլ աշխատում է, լավ չի աշխատում: Չորս համակարգիչ ունենք: Ժամկետանց են, ամենահին մոդելի, երևի 2000 թ.-ի համակարգիչներ են»,- բացատրեց տնօրեն Սոսինյանը:

Հակասանիտարական վիճակում էին աշակերտների զուգարանները, ուսուցիչների զուգարանը կիսաքանդ էր: Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը համալրված է երիտասարդ մանկավարժներով: «Ուսուցիչների սերնդափոխությունը կատարվել է վերջին երեք տարիներին»,- ասաց տնօրենը:

Երիտասարդ ուսուցիչները նույնպես դժգոհեցին  քանդված դասասենյակներից, փոշուց և դպրոցի անհրապույր վիճակից:

«Մեր աշակերտներն էլ են արժանի մայրաքաղաքի երեխաների նման բարեկարգ և մաքուր դպրոցում սովորելու: Վերանորոգման հարցում մենք կառավարությունից ձեռքներս լվացել ենք: Երևի մեր դպրոցի նման ծանր վիճակում գտնվող դպրոցներ Հայաստանում շատ կան: Ես՝ որպես զինվորական, գտնում եմ, որ ավելի լավ է դպրոցը այս վիճակում լինի, բայց առաջնագծում զինվորի մոտ զենքը չպակասի: Բայց մեր երկրի ապագան սկսվում է նաև դպրոցից, եթե մեր երկրի մեծահարուստներին ժողովրդի վիճակն ու երկրի ապագան հետաքրքրում է, թող ամենքը մի երկու կոպեկ դնեն, դպրոցը վերանորոգեն»,- ասաց զինղեկ Արամ Սահակյանը:


Զինղեկ Արամ Սահակյանը

Հայոց լեզվի ուսուցչուհի Աղավնի Բոշյանի խոսքով՝ դպրոցի պայմաններն անբարենպաստ են երեխաներին նորմալ ուսուցանելու համար: «Դպրոցի թափթփված վիճակը բնականաբար կազդի դասապրոցեսի վրա, բայց ուսուցիչներն ամեն ինչ անում են, որ չազդի: Ես հույս ունեմ, որ մեր դպրոցում փոփոխությունները հնարավոր են, դիմանում և սպասում ենք փոփոխություններին»,- ասաց ուսուցչուհին:

Տնօրեն Սոսինյանը նշեց, որ դպրոցում աշխատում է 17 մանկավարժ, դպրոցն ունի 13 դասասենյակ, որոնցից օգտագործվում է 11-ը:

«Մարզպետարանում բոլորն էլ գիտեն մեր դպրոցի վիճակի մասին: Սպորտդահլիճի վիճակի մասին նույնպես տեղեկացրել եմ: Խոստումներ չեն տվել, որովհետև բոլորս էլ գիտենք մեր երկրի վիճակը»,-ասաց տնօրենը:

Վերջինս հայտնեց նաևոր վերջին 2 տարիներին Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության և սպորտի վարչության պետ Մ. Սայադյանը  Շամլուղի միջնակարգ դպրոց չի այցելել:

Գլխավոր լուսանկարում՝ դպրոցի մարզադահլիճը


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ