Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Ֆինանսների նախարարությունն առարկել է զինծառայողներին արտոնություն տալու նախագծին



Կառավարությունը վաղը կքննարկի ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արտակ Զեյնալյանի, Էդմոն Մարուքյանի, Լենա Նազարյանի եւ Գեւորգ Գորգիսյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ պայմանագրային զինծառայողներին գույքահարկից ազատելու վերաբերյալ:

«Գույքահարկի մասին» գործող օրենքով՝ ծառայության ողջ ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի զինված ուժերում կամ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների զինված ուժերում պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվող անձինք, եթե իհարկե հարկվող օբյեկտ համարվող գույքն այդ ընթացքում չի տրվել վարձակալության: Արտոնություն ստանում են նաեւ այն անձինք, ովքեր ժամկետային զինծառայությունից հետո Հայաստանի զինված ուժերում կամ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների զինված ուժերում անցնում են ծառայության՝ ավարտելով ռազմական ուսումնական հաստատությունները:

«Ելք»-ի նախագիծը գործադիր մարմինը կքննարկի վաղը՝ փետրվարի 8-ին:

Ֆինանսների նախարարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել, ինչը փոքր շանս է թողնում խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության եւ, ինչու ոչ, պարտադիր զինծառայողների համար:

Նախարարությունը մասնավորապես պատճառաբանում է, որ գույքահարկը տեղական ինքնակառավարման մարմնի բյուջե վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից, հետեւաբար, գույքահարկի գծով ցանկացած արտոնության սահմանում անխուսափելիորեն հանգեցնելու է տեղական ինքնակառավարման մարմինների սեփական եկամուտների կրճատման: Նախարարությունն անընդունելի է համարում, որ զինծառայողների սոցիալական խնդիրների լուծման համար վճարեն տեղական ինքնակառավարման մարմինները:

Միայն պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց գույքահարկից ազատելու տրամաբանությունն այն է, որ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում անձն, իր կամքից անկախ, զրկվում է ինչպես այդ գույքն օգտագործելու կամ դրանից օգտվելու հնարավորությունից, այնպես էլ առհասարակ եկամուտներ ստանալու հնարավորությունից: Եվ երբ նշված գույքից շարունակում են օգտվել, արտոնությունը դադարում է գործել: Իսկ միայն ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձանց նկատմամբ արտոնություն պետությունը կիրառում է զինված ուժերը որակավորված սպայական կազմով համալրելուն խթանելու համար:

Ֆինանսների նախարարությունը «Ելք»-ի առաջարկին դեմ է, քանի որ նախ՝ զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք, ըստ էության, զրկված չեն այդ գույքն օգտագործելու կամ դրանից օգտվելու հնարավորությունից, միաժամանակ, զինվորական ծառայության դիմաց վարձատրվում են եւ ունեն գույքահարկը վճարելու միջոցներ:

Բացի դրանից, ըստ նախարարության, պայմանագրային զինծառայողների զգալի մասը սահմանամերձ համայնքների բնակիչներն են, որոնց ընտանիքները կառավարության որոշմամբ մասնակի փոխհատուցում են ստանում բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի վարձավճարների համար, եւ ամբողջությամբ՝ գույքահարկի ու հողի հարկի համար: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ