HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատախազությունը ստուգման լիազորություն չունի, բայց հանցակազմ չի տեսել

«Լուծարում՝ տեղեկատվության հոսքը կանխելու համար. «Արարատ 2001» ԲՀԿ-ի հետ ինչ կապ ունեն Արարատի մարզպետները» հոդվածի հրապարակումից հետո Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրություն է իրականացրել և Արարատի մարզպետարանի կամ համայնքների պաշտոնատար անձանց գործողություններում հանցակազմ չի գտել: Դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ Արարատի մարզի համայնքները «Արարատ 2001» բարեգործական հասարակական կազմակերպությանը գումարների փոխանցման գործընթացը կատարել են բյուջետային և տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան՝ համայնքների ավագանիների որոշումների հիման վրա:  

Ըստ դատախազության՝ գումարային փոխանցումները կատարվել են որպես ֆինանսական աջակցություն կամ նվիրատվություն, որը ՀԿ-ն ուղղել է իր կանոնադրական խնդիրների իրագործմանը: Իսկ ինչ վերաբերում է ծախսած գումարների և կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ չներկայացնելուն, ապա, դատախազության պարզաբանման համաձայն, հասարակական կազմակերպության փաստացի գործունեությունը ստուգելու իրավասություն դատախազությանը վերապահված չէ: Հակառակ դեպքում այն կդիտվի քաղաքացիական հասարակության հիմնարար ինստիտուտներից մեկի՝ հասարակական կազմակերպության գործունեության նկատմամբ ապօրինի միջամտություն, ինչն ուղղակիորեն արգելված է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով: 

Դատախազությունը մի կողմից արձանագրում է, թե փոխանցված գումարները ՀԿ-ն ուղղել է իր կանոնադրական խնդիրների իրագործմանը, մյուս կողմից` նշում, թե ՀԿ-ի փաստացի գործունեությունը ստուգելու իրավասություն իրեն վերապահված չէ: Եթե դատախազությունը ՀԿ-ի գործունեությունը ստուգելու իրավասություն չունի, ինչպե՞ս կարող է համոզված ասել, որ փոխանցված գումարները ՀԿ-ն ուղղել է իր կանոնադրական խնդիրների իրագործմանը: 

Դատախազությունը նաև անտեսել է հրապարակված նյութում Ղուկասավանի համայնքապետ Արա Վարդանյանի այն պարզաբանումը, թե՝ «Ոնց որ մարզպետարանի ֆոնդ ա: Մարզպետարանին ենք փոխանցում, բոլոր համայնքապետարանները փոխանցում են պարտադիր»

Բացի այդ, գրել էինք, որ «Արարատ 2001» բարեգործական ՀԿ-ի նկատմամբ 2017-ին ավելի առատաձեռն է եղել Ավշարի համայնքապետարանը: Համայնքի ավագանին 2017թ. հունիսի 22-ին որոշել է ընթացիկ տարվա համար ՀԿ-ին հատկացնել մինչև 1 մլն դրամ գումար: Ուշագրավ էր այս որոշման պատճառաբանությունը. «Համայնքի բնակիչներին Արարատի մարզպետարանի կողմից ցուցաբերվող ֆինանսական աջակցությունն ավելի արդյունավետ դարձնելու մասին»:

Նշենք, որ Ավշարի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանը Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի և ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի եղբայրն է: Այստեղ ավագանու որոշումով ավելի կոնկրետ է սահմանվել մարզպետարանի կապը «Արարատ 2001» բարեգործական ՀԿ-ի հետ:

Այս ամենից պարզ է դառնում, որ թղթով «նվիրատվություն» կոչվածը պարտադիր բնույթ է ունեցել: Տարիներ շարունակ գրեթե բոլոր համայնքապետարաններն են համայնքի բյուջեի միջոցներից գումարներ փոխանցել և հստակ նշել են մարզպետարանի կապը: 

Դատախազությունը նաև հիշատակում է Սահմանադրության 180-րդ հոդվածի 2-րդ և 184-րդ 3-րդ մասերը, ըստ որոնց՝ համայնքը հանրային իրավունքի իրավաբանական անձ է, որի սեփականությունը օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի ավագանին, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` տեղական ինքնակառավարումն իրականացնելիս տեղական ինքնակառավարման սկզբունքներից են ինքնուրույնությունը և սեփական պատասխանատվությունը: Հետևաբար, դատախազությունն իրավասու չէ ստուգելու հանրային իրավունքի իրավաբանական անձի կողմից մեկ այլ իրավաբանական անձի՝ կազմակերպությանը նվիրատվություն կամ ֆինանսական աջակցություն տալու նպատակահարմարության հարցը: 

Իրականում Դատախազությունը շրջանցել է նյութի բուն էությունը, այն է, թե ինչ կապ ունեն Արարատի մարզպետարանն ու մարզի ներկա և նախկին մարզպետները ՀԿ-ի հետ ու սոսկ եզրակացրել է. «Ուսումնասիրությամբ ՀՀ Արարատի մարզպետարանի կամ համայնքների պաշտոնատար անձանց գործողություններում քրեաիրավական գնահատման օրենքի խախտումներ չեն հայտնաբերվել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter