HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՍԱՊԾ-ն թթվասերի փորձաքննության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա

ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն ընթերցեց վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքերը թթվասերի որակի մասին («Պարտավոր ենք մեր քաղաքացիներին ձեր աշխատանքով երաշխավորել, որ եթե իրենք, օրինակ, թթվասեր են գնում կամ մեկ այլ բան, հավատացած լինեն, որ ծառայություն կա, որ իրենց շահերը պաշտպանում է»), ապա անդրադարձավ «Հետք»-ի կատարած փորձաքննությանը, ըստ որի` ներկայացված 10 թթվասերից 7-ում խախտումներ են հայտնաբերվել։

«Հարցս ուղղում եմ Գյուղատնտեսության նախարարին: Պարոն Առաքելյան, ինչպե՞ս է պատահում, որ կաթնամթերքի ոլորտում սննդի անվտանգության նորմերի խախտում հայտնաբերում է ոչ թե ՍԱՊԾ-ն, այլ ԶԼՄ-ն, արդյոք չեք գտնում, որ պետական ծառայությունն իր տեղում չէ»,- հարցրեց պատգամավորը։

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն արձագանքեց, որ բոլորն էլ իրենց տեղում են գտնվում և կատարում են իրենց աշխատանքը։

«Սա առաջին դեպքը չէ, երբ մամուլը հայտնաբերում է թերություններ սննդի որակում, դրա հետ կապված ՍԱՊԾ-ն շատ ակտիվ համագործակցում է մամուլի բոլոր ներկայացուցիչների հետ։ Կոնկրետ թթվասերի հետ կապված` հիմա դիտարկում է արվում և մինչև շաբաթվա վերջ ՍԱՊԾ-ի կողմից հայտարարություն կարվի»,- ասաց նախարարը։

Առաքելյանի խոսքով՝ ֆիզիկապես անհնար է սննդի ամբողջ շուկայում ամենօրյա հսկողություն իրականացնել․ «Բայց Ձեր կամ մամուլի կողմից սննդի որակի մեջ գտած ցանկացած թերություն մեծ աջակցություն է ՍԱՊԾ-ին, որպեսզի արագ արձագանքի»,- ասաց Իգնատի Առաքելյանը։

Պատգամավորը հետաքրքրվեց, թե «Հետք»-ի փորձաքննությունից հետո ի՞նչ է արել պետական ծառայությունը, արդյոք իրականացրե՞լ է սեփական փորձաքննություն, թե՞ ոչ։ Նախարարը վստահեցրեց, թե ՍԱՊԾ-ն դիտարկում է իրականացնում, և մինչև շաբաթվա վերջ կներկայացվեն արդյունքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter