ՈՒրբաթ, 23 փետրվարի

Սկիզբը


Լուսինե Հովհաննիսյան

1988-ի փետրվարի քսանին տնից դուրս եմ եկել ու վերադարձել եմ երկու տարի անց:

Փետրվարի քսանին, մոտավորապես ժամը տասներկուսին մտել եմ Օպերայի հրապարակ: Մարդիկ արդեն հավաքվում էին: Մի քանի րոպե անց մեր խմբին մոտեցավ Մյասնիկյան Շրջանի ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղարը, որին ճանաչում էինք դեմքով, քանի որ Ն. Կ. Կրուպսկայայի անվան դպրոցը այդ շրջանի կազմում էր, և քաղաքական ու պետական վերնախավը հաճախ էր լինում մեր դպրոցում: Քարտուղարը պահանջեց իմ ուսանողական կամ կոմերիտական տոմսը: Տոմս այդ պահին չունեի, բայց, հավաքվող մարդկանց թվից ոգևորված, մանրամասն հայտնեցի բուհի, ֆակուլտետի, կուրսի տվյալներն, ու ինքը գրի առավ՝  խոստանալով, որ երկուշաբթի օրը կզբաղվի այդ հարցով:

Երկուշաբթի օրն ամբողջ Հայաստանը Օպերայի հրապարակ էր հասնում երկրի տարբեր շրջաններից, ու հին պետությունն ակնհայտ փլուզվում էր: Այլապես, գուցե չավարտեինք մեր բուհերը և զրկվեինք կոմերիտականի բարձր կոչումից, որի շարքերն անցնելու համար դժվարությամբ ու առանց հասկանալու  անգիր էինք արել «դեմոկրատական ցենտրալիզմի» մասին դրույթը, քանի որ մեզ զգուշացրել էին, որ բարձր առաջադիմություն ունեցողներին հենց այդ հարցն են տալու:

Փետրվարի քսանի երեկոյան, շատ ուշ, երբ արդեն փաստացի փետրվարի քսանմեկն էր, այդ օրը տանը մնացած մորս ու տատիս փորձում էի պատմել` ինչ է կատարվում քաղաքում ու… կեսից լաց եղա. զգացածս չէր տեղավորվում տասնյոթ տարեկան ուղեղիս մեջ:

Մինչև փետրվարի քսանութը ինձ՝ տասնյոթ տարեկան ուսանողիս համար, նախքան բոլոր քաղաքական որոշումների էությունն ըմբռնելը, ամենից առաջ շշմելու, գժվելու ուրախություն էր պատճառում երկու բան. առաջին՝ մենք բոլորս միասին արդարություն ենք պահանջում, և երկրորդ՝ մենք մի օրում բոլորս իրար սկսեցինք շատ սիրել:

Առաջին օրը հայտնվել էի Օպերայի ուղիղ կենտրոնում, իրար շատ խիտ կանգնած մարդկանց մեջ: Երբ հասկացա, որ այդտեղից ուղղակի հնարավոր չէ դուրս գալ, զգացի, որ խեղդվում եմ: Կողքիս կանգնած անծանոթ մարդը  սկսեց մարդկանց խնդրել, որ տեղ բացեն, մի փոքր շառավղով ազատ տարածք թողնեն: Մեր միշտ դժգոհ ու նման դեպքերում փնթփնթացող հայրենակիցները ծնողի հոգատարությամբ տեղ էին բացում ու ճշտում. «Սենց լավ ա՞»։

Մենք՝ անծանոթներս, իրար տաք շոր էինք փոխանցում եթե որևէ մեկը մրսում էր, առանց այդ շորը հետ ստանալու մասին մտածելու: Ու այդ շորերը հետ էին գալիս:

Հարակից շենքերի բնակիչները ուտելիք ու թերմոսով տաք թեյ էին բերում հրապարակ եւ բաժանում անծանոթ մարդկանց:

Գիշերը ցուրտ էր լինում ու խարույկներ էին վառում, հետո որոշեցին չանել, որովհետև Օպերայի հրապարակը կեղտոտվում էր:

Մենք անսահման նաիվ էինք՝ անկախ տարիքից: Դա հզոր, նաիվ շարժում էր, բայց մենք պատրաստ էինք ամեն ինչի: Բացի… պատերազմից:

Մենք լավ չէինք պատկերացնում, որ հողային պահանջները լուծվում են պատերազմով: Ո՛չ մենք, ո՛չ մեզ առաջնորդողները պատերազմի պատրաստ չէին:

Մենք նամակներ էինք գրում Մոսկվայի պետական մարմիններին ու մտավորականներին, Գորբաչովին, Սախարովին, Աղամբեկյանին,  գրողները Մոսկվայի Գրողների միությանն էին գրում, նկարիչները՝ նկարիչների, կոմպոզիտորները՝ կոմպոզիտորների ու …սպասում էինք պատասխանի:

Մեր նաիվությունը հրաշալի էր ու հզոր: Որովհետև թեև նաիվ, բայց մենք շատ էինք ու շատ էինք ուզում պայքարել արդարության համար:

Մենք սկզբում գոռում էինք «Լենին, պարտիա, Գորբաչով»: Այդպիսով մենք «խորամանկում էինք»՝ շահում էինք Գորբաչովի սիրտը: Հետո, մենք գոռում էինք «սեսիա»՝ պահանջելով  արտահերթ նիստ, ապա պահանջում էինք վերադարձնել Աշոտ Մանուչարյանի կոմկուսի անդամության տոմսը, որը խլել էին իբրև պատիժ: Հարթակից ժողովրդին ոգևորող Վաչե Սարուխանյանը ինչ-որ հեռագրեր էր կարդում Կաբարդինո-Բալկարիայից` իբր մեզ հասցեագրված ու մեզ ոգևորող, ու մենք ոգևորվում էինք: Շեփորի ձայնով էին սկսվում ու ավարտվում հանրահավաքները, ու մենք շեփորի ձայնից էլ էինք հուզվում:

Հետո այս խառնիճաղանջ կարգախոսներն ու վանկարկումները սրբագրվեցին: Մենք մի աստիճան կորցրինք մեր նաիվությունը, երբ փետրվարի քսանութին տեսանք Սումգայիթի պատկերը:

Մեր շարժումը ստացավ առաջին սթափեցնող հարվածը ու ուրախության արբունքն ավարտվեց:

Մենք վիրավոր էինք ու վրեժխնդիր ու էլի պատրաստ էինք ամեն ինչի: Բացի… պատերազմից:

Փետրվարից մենք քաղաքական կուռքեր էինք ստեղծել ու տարբեր տևողությամբ նրանց անվերապահորեն հավատացել ենք, քննադատելով` վստահել ենք, ընտրել ենք ու հիասթափվել ենք:

«Զվարթնոց» օդանավակայանում ռուսական զորքի հետ բախումից հետո մենք ունեցել ենք առաջին զոհը Երևանում՝ լուսանկարիչ Խաչիկ Զաքարյանը: Մենք տեսել ենք Օպերան` շրջապատված ռուսական տանկերով ու զինվորներով:

Դա մեզ ավելի համարձակ է դարձրել, վախ չկար:

Սկզբում բուհերում ի պաշտոնե խոչընդոտում էին մեր դասից դուրս գալուն ու  ցույցերի մասնակցելուն, բայց իրականում բոլորը հետո մեզ հետ էին: Ցույցերին մասնակցելու համար որևէ մեկը չէր կարող հեռացվել բուհից: Շարժումը համաժողովրդական էր:

Երբ Գերագույն խորհրդում ունեցանք մեր պատգամավորները, զգացինք, որ մենք հաղթում ենք:

Մեր ցույցերը տեղափոխվեցին Մատենադարան ու մենք նորից դիրքավորվեցինք, բարձրանում էինք ոչ թե աստիճաններով, ինչպես բոլորը, այլ՝ պոլիտեխնիկի մասնաշենքերից մեկի կողքով՝ հաղթահարելով թեք սարալանջը: Սա էլ էր սկզբունքի հարց, որովհետև այդպես հայտնվում էինք էպիկոնտրոնում՝ հարթակի վրա:

Հետո` 88-ի նոյեմբերի քսանչորսին, Օպերայի դահլիճում արտահերթ նիստ պիտի գումարվեր: Պատգամավորներին հատ-հատ բերում էին, որ նիստը կայանա: Բավարար թիվը հավաքվեց, նիստը գումարվեց, որոշում ընդունվեց չենթարկվել կենտրոնի որոշումներին: Մինչև Օպերայի բակից հասա տուն, քաղաքում պարետային ժամ հայտարարվեց: Գեներալ-մայոր Սամսոնովը հեռուստացույցով հայտնեց, որ ինքը Երևան քաղաքի պարետն է:

Դեկտեմբերի յոթին երկրաշարժ էր:

Հետո ձերբակալվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները: Տևական ժամանակ ամեն ինչ լռեց: Երկիրը կիսամեռ էր: Բոլոր կարգին մարդիկ մոլորված էին:

Մեր լավ  ռեժիսորներից մեկի կինը, որը մեր ընտանիքի մտերիմներից էր, զանգել էր մեր տուն ու ասել, որ լսել է, թե աղետի գոտու մեր որբերին  որդեգրում–տանում են, ու ասաց, որ մայրիկիս հետ արագ հասնենք Գրողների միություն՝ երեխա վերցնենք, որ մեր որբերը աշխարհով մեկ չլինեն: Ինձ թվում է` մենք մի քիչ խախտվում էինք: Այդ ջերմ ու ուժեղ կինը ամբողջ խոսակցությունը արտասվելով էր անում, ու ես հեռախոսով հազիվ էի հասկանում` ինչ է ասում: Գնացինք Գրողների միություն, չգնացինք՝ լույսի արագությամբ հասանք: էդպիսի բան չկար: Ցրվեցինք տներով:

Մայիսի երեսունմեկին Մատենադարանի մոտ քաղաքը դիմավորում էր ազատված «Ղարաբաղ» կոմիտեին: Քաղաքը ցնծում էր:

Ութսունինը անցավ հանրահավաքներով: Իննսունի հունվարին Բաքվից ու Ադրբեջանի մյուս քաղաքներից Հայաստան հասան նրանք, ովքեր չէին սպանվել:

Քաղաքը լցվեց դժբախտ ու ամեն ինչ կորցրած մարդկանց նոր խմբերով, որոնք մեղադրում էին մեզ շարժումը սկսելու համար, ավելի ստույգ՝ իրենց մասին չմտածելը համարում էին հանցագործություն: Մենք չէինք ընդունում իրենց դիրքորոշումը:

Հունվարի տասնիննին Երասխավանում զոհվեց Մովսես Գորգիսյանը:

Ընկերներիցս մեկը ցույցերի մասին իր օրագրում գրել էր. «Մովսեսը խփվեց, իմ շարժումն ավարտվեց …»:

Ամեն մեկն ուներ շարժման ավարտի իր տարեթիվը:

Շարունակելի

Լուսանկարները` Ռուբեն Մանգասարյանի 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանություններ (1)
1. Karen12:11 - 8 փետրվարի, 2018
Լուսինե ջան, էս ինչ լավ ես գրել....իմ տեղը ոնց որ գրեիր, ես էլ որպես դպրոցական 114 Անգլիականից փախնում գնում էի Օպերա, Մգրոն Արդյոք ովքեր են... երգն եր երգում, կրկներգի Հեյ ին կոկորդ էինք ճղում, իսկ նկարներից մեկում ինձ տեսա,,,,երնեկ էտ օրերը, Շատ շնորհակալ եմ Լուսինե ջան
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։