HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը պատմել է, թե ինչպես է Ղրիմը առանց դիմադրության հանձնվել Ռուսաստանին

Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Իգոր Տենյուխը, ով երկրի պաշտպանական գերատեսչությունը գլխավորել է 2014 թվականի փետրվարի 27-ից մինչև մարտի 25-ը, Վիկտոր Յանուկովիչի գործով դատական նիստին ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել: Տենյուխը նշել է, որ պատրաստ է եղել Ղրիմի համար պատերազմ մղել Ռուսաստանի դեմ, սակայն Ուկրանիայի ազգային անվտանգության և պաշտանության խորհուրդը որոշել է առանց դիմադրության զորքերը դուրս հանել թերակղզուց, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

2014 թվականի մարտ ամսին Ղրիմում միջազգային հանրության կողմից չճանաչված  հանրաքվե անցկացվեց, ինչից հետո թերակղզին հայտնվեց Ռուսաստանի կազմում: Ուկրանիայի իշխանությունների տվյալներով՝ այդ ժամանակ Ղրիմից դուրս բերվեց 4 000 զինծառայող, ևս 11 000 զինծառայող մնաց: 

Նախկին նախարար Տենյուխի խոսքերով՝ 2014 թվականի մարտի 23-ին՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստի ժամանակ, նա «Ղրիմում բեկում մտցնելու առաջարկով է հանդես եկել», ինչին ի պատասխան՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Պաշինսկին նշել է. «Նախարարի հետ ամեն ինչ պարզ է, նա պատերազմ է ցանկանում: Լսենք մյուսներին»:

Իգոր Տենյուխի ցուցմունքները ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փաստաբան Վիտալի Սերդյուկը: Ըստ ծովակալ Տենյուխի՝ այդ նիստին ներկա է եղել նաև Ուկրանիայի պաշտպանության ներկայիս նախարար Ստեփան Պոլտորակը, ով առաջարկել է դուրս բերել զորամասերը Ղրիմից:

Պոլտորակը արդեն իսկ արձագանքել է Տենյուխի խոսքերին՝ պաշտպանության նախկին նախարարի խոսքերը բնորոշելով որպես «անադեկվատ», ինչպես նաև հայտնելով, որ ինքն այդ ժամանակ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի անդամ չի եղել:

Իր ցուցմունքներում Իգոր Տենյուխը հիշատակել է նաև խորհդրի մեկ այլ նիստը, որի ժամանակ, ըստ նրա, Ուկրանիայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն և այդ ժամանակ երկրի գործող վարչապետ Արսենի Յացենյուկը դեմ են հանդես եկել Ղրիմի պաշտպանությանը ուկրաինական զորքերի կողմից: Մասնավորապես Տենյուխն ընդգծել է, որ Տիմոշենկոն մտավախություն է հայտնել, որ այդ զինված դիմադրությունը կարող է սադրել Ռուսաստանին, և պետք է հաշվի առնել ոչ միայն Ղրիմը, այլ նաև ամբողջ Ուկրաինան:

Ըստ Տենյուխի՝ Յուլիա Տիմոշենկոն հիշատակել է նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ շեշտելով, որ չէր կարելի կրկնել նրա սխալը.

«Պուտինը ցանկանում է աբխազական սցենարը կրկնել և սպասում է, որ մենք առիթ տանք: Դուք հիշում եք, թե Սաակաշվիլին ինչպես տրվեց նրա սադրանքին և պարտվեց: Ոչ մի ռազմական դրություն և մեր զորքերի ակտիվացում չի լինի»,- ասել է Տիմոշենկոն:

ԱՄՆ-ում բնակվող Յուլիա Տիմոշենկոն և Արսենի Յացենյոկը դեռ չեն արձագանքել Իգոր Տենյուխի խոսքերին: Վերջինս նշել է, որ պատերազմի մեջ մտնելու իր ծրագիրն աջակցություն չի ստացել, այդ պատճառով հրաժարական է տվել:

Հիշեցնենք, որ Ղրիմի իրադարձությունների ժամանակ ուկրաինական զորքերը գործնականում ոչ մի դիմադրություն ցույց չեն տվել ռուսական բանակին: Արդյունքում գործընթացը տեղի ունեցավ առանց զինված հակամարտության, քանի որ Ուկրանիայի այդ ժամանակվա իշխանությունները չէին ցանկանում էլ ավելի սրել իրավիճակը:

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter