HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետին ներկայացվել է մշակույթի նախարարության 2017 թ. գործունեության արդյունքներն ու 2018 թ. անելիքները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է մշակույթի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին, փոխանցում է կառավարության պաշտոնական կայքը:

Մշակույթի նախարարի խոսքով՝ 2017 թ. ոլորտում իրականացվել է 2 782 591 ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում. մասնավոր ներդրումը կազմել է 2 680012 ԱՄՆ դոլար, պետական համաֆինանսավորումը՝ 102 579 ԱՄՆ դոլար: Մասնավորապես, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներդրվել է ներկայացումների էլեկտրոնային տարբերակի ցուցադրման համակարգ, ստեղծվել են գինու պատմության թանգարան, ժամանակակից ձևաչափով գրախանութ և «CINEMA» կինոդերասանի կենտրոն-ստուդիա, իրականացվել են «Շրջիկ կինոթատրոն», Հ. Թումանյանի տուն-թանգարանի ենթակառուցվածքների արդիականացման, Տիկնիկների թանգարանի ստեղծման, «Աուդիոգիդ բջջային հավելված» ծրագրերը, տեխնիկապես վերազինվել է Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներդրվել է արևային ֆոտովոլտային համակարգ, իրականացվել են հուշարձանների վերականգնման, ամրակայման, պեղման աշխատանքներ: 
Արմեն Ամիրյանի խոսքով՝ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության 68 ՊՈԱԿ-ների համախառն եկամուտները 2017թ. գրանցել են աճի կայուն տեմպեր՝ կազմելով 1 748 537.8 հազ. դրամ՝ 2016 թ. 1 331 849.7 հազ. դրամի դիմաց: 

2018 թ. նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական միջոցառումները՝ նոր թանգարանների բացում, Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոնի բացում, Միասնական երգչախմբի և Համահայկական նվագախմբի համերգներ, Մայիսյան հերոսամարտի և Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի ցուցադրություն, «Գորիսը՝ 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք», Պարի համահայկական փառատոն, Կոմիտաս փառատոն, գիտաժողով, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում քաղաքակրթական ցուցահանդեսի բացում, գրավաճառ ցանցի ընդլայնում և այլն: 

Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է, թե գյուղական համայնքներում ազգային մշակույթի տարածման ուղղությամբ ինչ քայլեր են իրականացվում: Մշակույթի նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանը զեկուցել է, որ այդ նպատակով 2017 թ. մեկնարկել է «Արար» խորագիրը կրող «Ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը ՀՀ մարզերում» ծրագիրը: Սահմանամերձ 13 համայնքում արդեն ստեղծվել է 13 կենտրոն, որոնցում ընդգրկված են այդ համայնքներից ընտրված մասնագետներ և շուրջ 350 երեխա անվճար հիմունքներով ներգրավված է արվեստի տարբեր ճյուղերը ներկայացնող խմբակներում՝ քանդակագործություն, նկարչություն, թատերարվեստ, խաչքարագործություն, երգ, պար, ասեղնագործություն և այլն: 2018 թ. նախատեսվում է եռապատկել կենտրոնների թիվը: Վարչապետ Կարապետյանն առաջարկել է հնարավորություններ և մեխանիզմ ստեղծել նաև մասնավոր, այդ թվում՝ արտերկրի մեր հայրենակիցներին ծրագրի տարածման գործում ներգրավելու համար: 
Անդրադառնալով գերատեսչության 2018 թ. առաջնային անելիքներին՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է հստակ ձևակերպել Հայաստանի մշակութային քաղաքականության նպատակները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter