HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Փետրվարի 8-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցելության շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։

ԱԳՆ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ համանախագահները տեղեկացրին Բաքվում իրենց ունեցած հանդիպումների մասին։

Հայաստանի արտգործնախարարն ու համանախագահները քննարկեցին հունվարին Կրակովում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ ձեռք բերված սկզբունքային համաձայնության հետ կապված հարցեր։

Էդվարդ Նալբանդյանը եռանախագահների ուշադրությունը հրավիրեց, որ ի տարբերություն համանախագահների ու Հայաստանի, Բաքուն այդպես էլ մինչ օրս որևէ հայտարարություն չի արել այդ համաձայնության վերաբերյալ և թե երբ է պատրաստ այն իրականացնել։

«Տարօրինակ հիշողություն ունեն Բաքվում. խճճվելով իրենց իսկ հորինած կեղծիքների սարդոստայնում՝ մոռացության են տալիս մեկ ամիս և դրանից առաջ ձեռք բերված համաձայնությունները, որոնց մասին բազմիցս հայտարարել են համանախագահները, բայց միևնույն ժամանակ գլխիվայր մեկնաբանություններով վերհիշում են քսանհինգ տարվա վաղեմության այն փաստաթղթերը, որոնց եռանախագահները հայտնի պատճառներով նույնիսկ հղում չեն անում»,- նշեց Հայաստանի արտգործնախարարը։

Էդվարդ Նալբանդյանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ներկայացնելով երեկ շփման գծում ադրբեջական կողմից զինադադարի կոպտագույն խախտման հետևանքով հայ զինվորի սպանությունը, ընդգծեց, որ Բաքվին՝ իրեն բնորոշ սադրիչ գործողություններից հետ չի պահում նույնիսկ եռանախագահների ներկայությունը տարածաշրջանում. դրանով իսկ Ադրբեջանն ի ցույց է դնում իր արհամարհանքը համանախագահ երկրների նկատմամբ։

Անդրադառնալով Բաքվից հնչող մեկնաբանություններին, թե իբր Ադրբեջանը հետաքրքրված է ղարաբաղյան հիմնահարցի շուտափույթ կարգավորմամբ՝ Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ խոսքերը հարկավոր է ամրապնդել գործերով, իրականացնել Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, ընդունել որպես բանակցությունների հիմք՝ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ համանախագահների առաջարկությունները և առաջ շարժվել դրա հիման վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter