HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանն ընդունեց փաստաբաններին տուգանելու օրենսդրական փաթեթը

Խորհրդարանն արտահերթ նիստով իրականացրեց երեկ քննարկված մի շարք հարցերի քվեարկությունը։ Կառավարության կողմից ներկայացված «Ներման մասին» օրենսդրական նախաձեռնության առաջին ընթերցմամբ քվեարկությունից առաջ վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ երեկվա իր ելույթով ցանկացել է ընդգծել, որ Սերժ Սարգսյանը դե ֆակտո պատրաստվում է վարչապետ դառնալ, իսկ ՀՀԿ-ականները չհերքեցին։

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց, որ այս նախագծում սահմանադրականության հետ կապված խնդիր կա, ուստի իրենք ազատ են քվեարկելու։ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ դեմ են քվեարկելու, քանի որ հանրապետության նախագահին զրկում են ներում շնորհելու իրավունքից՝ այդ կերպ իմաստազրկելով ինստիտուտը։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 67 կողմ, 18 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Առաջին ընթերցմամբ քվեարկության ներկայացվեց «Հանրային խորհրդի մասին» օրենսդրական նախաձեռնությունը։ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու հավանականությանը՝ նկատելով, որ եթե վերջինս, ի հեճուկս խոստման, առաջադրվի  որպես վարչապետի թեկնածու, դա կարող է կտրուկ սրել ներքաղաքական իրավիճակը։

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 61 կողմ, 34 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Հաջորդ նախագիծը «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» հարցն էր։ «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը վարման կարգով հայտարարեց, որ դեմ են քվեարկելու, քանի որ այս նախագծով ևս երկիրը «գնում է սուպերվարչապետության»։ «Ծառուկյան» խմբակցության տեսակետը հայտնեց ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը՝ հայտարարելով, որ կողմ են քվեարկելու։

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 89 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ․ դեմ քվեարկեց միայն «Ելքը»։

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Քաղաքացիական դատավարության» օրենսգիրքը և կից ներկայացված օրենսդրական փաթեթը։

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ փաստաբաններին տուգանքի ենթարկելու ինստիտուտը հակասում է արդար դատաքննության իրավունքին և կոչ արեց փաստաբաններին արդեն իսկ դիմել ՄԻԵԴ՝ նման օրենքի գոյության համար։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ այս օրենքը լրացուցիչ մկրատ է լինելու փաստաբաններին պատժի ենթարկելու համար, ուստի իրենք ազատ են քվեարկելու։

Նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն ասաց, որ դեռ երեկվանից քննարկվում է այն հարցը, որ փաստաբաններին տուգանքի ենթարկելը հակասում է եվրոպական կոնվեցիաներին, ինչը, սակայն, այդպես չէ։ Նախագիծն ընդունվեց 59 կողմ, 25 դեմ և 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Առաջին ընթերցմամբ քվեարկության ներկայացվեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենսդրական փաթեթը, ըստ որի առանց թույլտվության հրավառություն իրականացնողները կտուգանվեն մեկից երկու միլիոն դրամով։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշակի վերապահումներ ունեն նախագծի տեքստի նկատմամբ, կարծում են, որ այն խնդիրներ ունի, սակայն կողմ են քվեարկելու՝ ակնկակելով, որ առաջինից երկրորդ ընթերցում դրանք կշտկվեն։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 97 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Առաջին ընթերցմամբ քվեարկության ներկայացվեց նաև «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես դադարեցնել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ մեքենաների ներմուծումը Հայաստան։

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 63 կողմ, 34 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Մեկնաբանություններ (1)

Robert Davidian
This is a horrific step to strengthen the corrupt regime's dictatorial grip on power! When a corrupt NON-independent judicial system is now given the power to extort money from a legal professional in a country without much money, that's devastating to lawyers specifically and justice in general!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter