HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորցի կավագործները

Գայանե Սարգսյան

Կավագործ, 28-ամյա Վահե Ղևոնդյանին հանդիպեցինք «Օրրան»  ԲՀԿ-ի Վանաձորի մասնաճյուղում: Երիտասարդն այստեղ կազմակերպության շահառու երեխաների համար կավագործության խմբակ է վարում:

«Երեխեքի հետ աշխատելն ինձ դուր է գալիս: Որ տեսնում եմ, թե ոնց են ուրախանում կավի հետ շփվելիս, ես էլ իրենց հետ դառնում եմ երեխա ու իրենց հետ հավասար ուրախանում»,- ասում է Վահեն:

Կավագործության խմբակի սաները հիմնականում 9-13 տարիքային խմբից են: Վահեն հիշում է՝ ինքն էլ այդ տարիքին էր, երբ առաջին անգամ շփվեց կավի հետ:

«Չորրորդ դասարան էի, մի օր մեր դպրոց եկավ մի կավագործ՝ Մովսես անունով: Նա իր հետ կավ էր բերել ու էլեկտրական բրուտ: Աշխատանքի ուսուցման ժամին Մովսեսի հետ երեխաներով աշխատեցինք, կուժ սարքեցինք, բաժակ սարքեցինք: Հետո ինչքան ուզեցի իրեն գտնեմ, կապվեմ իր հետ, չկարողացա: Ում հարցնում էի, ասում էին՝ ինքը կավագործ Մովսեսն է, շրջում է տարբեր մարզերի դպրոցներով ու ներկայացնում կավագործությունը»,- պատմում է Վահեն:

Հանդիպած միակ կավագործին չգտնելով` Վահեն փորձել է գոնե կավ գտնել: Փոքրիկ տղային, սակայն, այդպես էլ չի հաջողվել Վանաձորում գտնել ցանկալի կավը:

«Քանի որ կավ չէր ճարվում, սկսեցինք պլաստիլինով աշխատել»,- ժպտում է Վահեն:

Աստիճանաբար սկսել է տարվել փայտարվեստով, նկարչությամբ: Կավագործությանը վերադառնալը, սակայն, շարունակել է մնալ երազանք հոգու խորքում: Կավի հետ շփման երկրորդ փորձը 20 տարեկանում էր:

«2009թ.-ին բանակից վերադարձա, ծանոթացա վարպետ Բոգդան Հովհաննիսյանի հետ: Առաջին օրը քար տվեց, ասեց՝ քար տաշի: Քարը տաշեցի, երկրորդ օրը կավ տվեց, ասեց՝ դե հիմա էլ կավի հետ աշխատի: Սկսեցի միաժամանակ և՛ քարի, և՛ կավի հետ աշխատել: Խաչքար էինք տաշում, քանդակներ ստեղծում կավից: 5-6 տարի իր մոտ աշակերտ եմ եղել»,- պատմում է Վահեն:

Ավելի ուշ իմանալով, որ «Օրրանում» կավագործի կարիք կա` դիմել է ու սկսել ինքն էլ իրենից փոքրերին ուսուցանել:

«Մենք ամենահին ազգերից ենք ու ամենավաղ ժամանակաշրջանից զբաղվել ենք կավագործությամբ, խեցեգործությամբ: Եթե ուզում ենք մեր արմատներին մոտ լինենք, պետք է շարունակենք զբաղվել այս արհեստներով»,- նշում է նա:

Վստահ է՝ կավն իր մեջ դրական էներգիա ունի, որն աշխատելու ընթացքում փոխանցվում է երեխաներին:

Ասում է՝ շատերն են ցանկանում մասնակցել կավագործության խմբակի պարապմունքներին: Վանաձորում, սակայն, մեծաքանակ պարապմունքների համար տարածք ունենալու հնարավորություն չկա: Նաև ուսուցանողների պակաս կա:

Վահեի կարծիքով՝ կավագործությունը զարգացնելու համար պետական մոտեցում է անհրաժեշտ:

«Մեզ մոտ՝ մանակավարժական համալսարանում, նույնիսկ նման բաժին չկա: Նկարչական բաժին ունենք, բայց քանդակ, խեցեգործություն՝ չէ: Սկսենք այդտեղից»,- ասում է Վահեն:

Վահեի հետ զրույցի ընթացքում իմանում ենք՝ Վանաձորում նա միակը չէ, ով ակտիվորեն զբաղվում է կավագործությամբ:

42-ամյա Գոռ Պարսամյանը կավագործությունը որպես երրորդ մասնագիտություն ընտրել է 30 տարեկանում:

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ու Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետն ավարտած երիտասարդն ուսումն ավարտելուց հետո ստիպված է եղել մի քանի տարով մեկնել արտերկիր՝ արտագնա աշխատանքի: Վերադառնալուց հետո ընկերներն առաջարկել են միավորվել ու զբաղվել կավագործությամբ: Կարճ ժամանակ անց ընկերները թողել են կավագործությունն, ու յուրաքանչյուրը գնացել է իր ճանապարհով: Գոռը, սակայն, կավագործությունից չի ցանկացել հրաժարվել:

«Քաղաքում կավագործ չկար, ում հետ կարողանայիր շփվել, բացատրեր քեզ պարզ պրոցեսները: Ու քանի որ սովորեցնող, հուշող մարդ չկար, սովորելու պրոցեսը շատ բարդ է եղել ինձ համար,- պատմում է Գոռը,- սովորելս եղել է գրականություն կարդալով ու անընդհատ փորձել-սխալվելով»:

Տարիներ առաջ լավագույնը համարած գործերը Գոռը մինչև հիմա պահում է արվեստանոցում: Դրանց մասին տեսակետը, սակայն, այսօր բոլորովին այլ է:

«Էն թվերի սարքած բաներ կան, որ այն ժամանակ սարքել ու մտածել ենք՝ այ, էս ինչ լավ բան ենք սարքել, բաց հիմա նայում ես, հասկանում ես, որ ոչ մի բան էլ չես արել»,- կես կատակ, կես լուրջ ասում է Գոռը:

Գոռի մոտ ուսանողներն ու երիտասարդները հաճախ են գալիս: Հարցնում են, ստանում հուզող հարցերի պատասխանները, ծանոթանում կավագործության նրբություններին:

Ինքնուսուցմամբ հաջողության հասած կավագործն ասում է. «Ինձ ժամանակին չեն օգնել, օգնող չի եղել, հենց դա է ինձ ստիպում այսօր օգնել երիտասարդներին, որ իմ պես այդքան երկար ժամանակ չկորցնեն այսքան պարզ բաների վրա: Այդ նույն ժամանակը նրանք կարող են ծախսել արվեստի գործեր ստեղծելու համար»:

Տարիների ընթացքում կավագործական աշխատանքների նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է: Այն շահութաբեր բիզնես, սակայն, փորձառու կավագործը չի համարում:

«Ես տարիներ շարունակ ներդրումներ եմ արել՝ հասկանալով, որ եթե լավ բան եմ սարքում, վաղ թե ուշ պետք է վաճառվի: Հույս ունեմ, որ այն մի օր կդառնա շահութաբեր»,- կարծում է Գոռը:

Տեխնիկական հնարավորությունների զարգացմանը զուգահեռ Գոռը նոր սարքավորումներ ձեռք բերելու անհրաժեշտության ու սեփական արվեստանոց ունենալու մասին է հիմա մտածում: Վարձակալած բնակարանի փոքրիկ սենյակն այլևս չի բավարարում մեծ սարքավորումներ տեղադրելու ու կավագործությամբ հետաքրքրվողներին հյուրընկալելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter