HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Համահարթեցում

Բասեն համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանը լրագրողների եւ ընթերցողների սիրված հերոսն է: Լրագրողների համակրանքին նա արժանացել էր Բասենում նորարական տեխնոլոգիաների ներդրման, գյուղացուն բնորոշ պարզության ու անմիջականության եւ, որ ամենակարեւորն է՝ բնակչության մտածողությունը վերափոխելու կարողության շնորհիվ: Նրա գործունեությանն անդրադարձել են գրեթե բոլոր լրատվամիջոցները, նրա մասին հրապարակումներն ամենաընթերցվածներից եւ ամենաշատ դիտվածներից են:

«Այս համայնքում ես կոտրեցի մի կարծրատիպ, որ մեծ ազգություն ունեցողը, եթե գործունյա չէ, համայնքի ղեկավար չի ընտրվի»,- ասել էր Համլետ Պետրոսյանը: Իր այդ հատկության շնորհիվ նա դարձավ իմ հրապարակման հերոսը:

Բասենի արդեն նախկին ղեկավարի իրագործած նորարարությունները բացառիկ էին մեր երկրում: «Բնության մեջ ոչինչ ավելորդ չէ» գաղափարն այստեղ կիրառում են լիովին, որի համար էլ Բասենը «Կանաչ համայնք» անվանումը ստացավ: Այստեղ առաջինն իրականացվեցին բնապահպանական մի շարք ծրագրեր՝ վերականգնվող էներգիայի, գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման, կենսաբանական թափոններից ստացվող վառելիքի՝ պելետի արտադրության, գոմաղբից կենսագազ ստանալու  եւ այլն: Ընթացքում էին բրիկետների եւ բիովառելիքի համար նախատեսված հատուկ վառարանների արտադրությունները, քամուց էներգիա ստանալու գաղափարը, որը նա մտմտացել է պատանեկան տարիներից:

«Նախկինում 1658 բնակիչ ունեցող Բասենի մասին չգիտեին կամ միայն բացասական իմաստով էին հիշում, իսկ հիմա միայն գովեստով են խոսում»,- սա իր ամենակարեւոր ձեռքբերումն է համարում Համլետ Պետրոսյանը:

«Բիոսոֆիա» ՀԿ-ն իր բնապահպանական ծրագրերը կյանքի կոչելու համար Բասենն էր ընտրել: «Երբ մենք ծրագիր ենք անում որեւէ համայնքում, անպայման հետեւողականորեն ստուգում ենք ոչ միայն ստացված արդյունքը, այլեւ այդ ներդրման հետագա ճակատագիրը: Ինչու՞ է Բասենն այս առումով համարվում օրինակելի: Նախ սկսենք համայնքապետից, ով ունի հանրային մտածողություն եւ շատ լավ է հասկանում, որ որքան զարգացած համայնք ունենա, այնքան բարեկեցիկ կյանքն ավելի շուտ կթակի իրենց դռները: Համլետ Պետրոսյանի համար ներդրումային ծրագիր իրակացնելը «ծրագիր կպցնել» չէ, արատավոր մի երեւույթ, որ բնորոշ է, ցավոք, համայնքապետերի մեծ մասին,- նկատում է «Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ Գեւորգ Պետրոսյանը, մյուս առավելությունը, որ ունեն այս համայնքն ու իր ղեկավարը, արած գործը տարածելու ցանկությունն է ոչ միայն սեփական գյուղում, այլեւ՝ հարեւան: Դրա համար էլ այս համայնքում արդեն զարգացման 4-5 ծրագիր է իրականացվել, եւ դեռ իրականացնելու հույսեր կան»:

2014 թ․ Բասենի համայնքապետ Համլետ Պետրոսյանին գյուղնախարարը պարգեւատրեց «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով: 2015թ․ Եվրոպայի խորհրդի համայնքների «Լավագույն գործելակերպ» մրցույթի հաղթողն էր: 2016 թ․ «Թվապատում» լրագրողական մրցույթի «Գործող անձ» անվանակարգի հաղթողը:

Բասենը նա ղեկավարեց 9 տարի՝ հարկերի հավաքագրումը 5%-ից հասցնելով 120%-ի, որի շնորհիվ տարեցտարի ավելացավ նաեւ համայնքին տրվող դոտացիան՝ 9 մլն դրամից հասնելով 28 մլն-ի: Բյուջեի ավելացումը հնարավորություն տվեց պահանջվածից ավելի շատ համաֆինանսավորում կատարել միջազգային դոնորների ֆինանսավորող ծրագրերում, որի շնորհիվ էլ համայնքում բազում ծրագրեր իրականացվեցին:

Այս բոլորը տեւեց մինչեւ 2017 թ.-ի նոյեմբերի 5-ը, մինչեւ Բասենը խոշորացվող Ախուրյան համայնքում ներառելը: Մեկ համայնքում միավորվող 8 գյուղերի ղեկավարներից համայնքի ղեկավարի թեկնածուներ առաջադրվեցին երկուսը՝ Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանը եւ Բասենի համայնքապետ Համլետ Պետրոսյանը: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցակցող 6 թեկնածուներից հաղթողը 10 000 բնակիչ ունեցող Ախուրյանի համայնքապետն էր: Հ. Պետրոսյանի օգտին քվեարկել էր 966 հոգի, եւ իր ստացած քվեների քանակով նա 3-րդ տեղում էր: Բասենը նրան էր ընտրել:

Չնայած դրան, հանրային մտածողությամբ եւ նորարական գաղափարներով լեցուն այս մարդուն քաղաքական այրերը չցանկացան անգամ համայնքի վարչական ղեկավար նշանակել: Պատճառն, իհարկե, աշխարհաքաղաքական չէր: Համլետ Պետրոսյանին մերժեցին ոչ թե նրա համար, որ Բասենը չի օգտագործում ռուսական գազը (համայնքը գազիֆիկացված չէ) եւ տները ջերմացնելու համար պելետ է արտադրում, կարողանում է էլեկտրաէներգիա արտադրել, եւ միայն իր համայնքում 80 ընտանիք տունը ջերմացնում է արեւային կայանով, էկոլոգիապես մաքուր բանջարեղեն է արտադրում սեփական ջերմոցներում եւ այլն: Այսինքն, պատճառն այն չէր, որ Բասենը տնտեսական անկախության էր ձգտում, եւ դրա վախից որոշեցին նրանից ազատվել:

Պատճառը նրա օրեցօր աճող հեղինակությունն էր, որը ստվերում էր համայնքների ղեկավարներից սկսած մինչեւ այս ոլորտով զբաղվող բարձրաստիճան այրերին: Ախուրյան համայնքի ղեկավարը հայտնել էր, որ իրենց թիմը (նկատի ուներ մյուս բնակավայրերի վարչական ղեկավարներին- Ս.Պ.) չի ցանկանում նրա հետ աշխատել:

Հասկանալի է, որ Համլետ Պետրոսյանի ոչ միայն գործունեությունը, այլեւ մտածողությունը լուրջ մարտահրավեր էր բոլոր համայնքների ղեկավարներին: Նա իր աշխատաոճով կոտրում էր հարյուրավոր համայնքապետերի մոտ ձեւավորված այն կարծրատիպը, որ հաջողություններ կարող են ունենալ մայրաքաղաքին մոտ գտնվող համայնքները, զարգանալ կարող են միայն բնական ռեսուրսներով հարուստ, բնակլիմայական բարենպաստ պայմաններ ունեցող համայնքները: Այն համայնքները, որոնց ղեկավարները բարիդրացիական հարաբերություններ ունեն մարզպետների ու պետական պաշտոնյաների հետ:

Հենց դա չներվեց նրան:

Այդուհանդերձ, իրավունք ունեի՞ն անտեսելու բասենցիների քվեները: Օրենքով` համայնքի ղեկավարը վարչական ներկայացուցիչ է նշանակում իր առաջադրած թեկնածուին՝ հիմնվելով տվյալ բնակավայրում իրականացված հանրային քննարկումների արդյունքների վրա: Այս դեպքում, բնակիչներն արդեն քվեարկել էին, եւ ստացվում է, որ Ախուրյան համայնքի ղեկավարն անտեսել է նրանց քվեները:

Համայնքների խոշորացման դեպքում, նախկին համայնքների ղեկավարները համաձայնության են գալիս համախմբվելու իշխանության նախընտրած թեկնածուի շուրջ՝ իրենց համայնքներում քվեներ ապահովելով նրա համար, փոխարենը երաշխավորվում է նրանց վարչական ղեկավար նշանակելը: Հ․ Պետրոսյանն, իր թեկնածությունն առաջադրելով, դեմ էր գնացել նաեւ այս «թիմային» մտածողությանը:

Համահարթեցում բառը տեղական ինքնակառավարման ոլորտում գործածվում է ֆինանսական նշանակությամբ, երբ պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող դոտացիաները բաշխվում են հավասարապես՝ բոլորին նույն սկզբունքով: Համայնքների ղեկավարները եւ ոլորտի փորձագետները դա համարում են անարդար մոտեցում, եւ գործող համակարգը կատարելագործելու պահանջ են դնում: Սակայն, այս դեպքը, թե ինչպես ժողովրդականություն վայելող համայնքի ղեկավարին հեռացրին համակարգից, մի օրինակ է` ցույց տալու համար, որ նրանք համահարթեցված մոտեցում ունեն բոլորին եւ ամեն ինչին: Տարբերվողներին չեն հանդուրժում:

առաջին լուսանկարը՝ tvapatum.mediainitiatives.am-ի

Մեկնաբանություններ (1)

Վիգէն
ես չեմ հասկանում ինչ տեսակ ժողովուրդ ենք․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter