HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին ավագ քննիչը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար

Քննչական կոմիտեի ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի վերաբերյալ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Դ. Հ.-ն, 23.11.2016թ.-ից մինչև 26.10.2017թ.-ը աշխատելով Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում, իր վարույթում քննված քրեական գործով տևական ժամանակ քննչական և դատավարական գործողություններ չկատարելու հանգամանքները քողարկելու, իր ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու պատրանք ստեղծելու անձնական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիքներ:

Այսպես, Դ. Հ.-ն իր վարույթում քննվող՝ Արարատի մարզի Նորաբաց գյուղում գտնվող առանձնատնից 28.12.2016թ.-ին կատարված առանձնապես խոշոր չափերով գողության վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում սեփականատեր Ռ. Մ.-ին և վերջինիս կնոջը ժամանակին չհարցաքննելու, դատահետքաբանական փորձաքննություն չնշանակելու և մի շարք այլ հանգամանքներ քողարկելու նպատակով 30.01.2017թ.-ին կազմել է արձանագրություններ, որոնցում ակնհայտ կեղծ գրառումներ է մտցրել, թե, իբր, դրանք կազմվել են 29.12.2016թ.-ին` առանձնատնից կատարված գողության դեպքի հաջորդ օրը:

Այնուհետև 31.01.2017թ. քննիչը կազմել է տուժողի կնոջ հարցաքննության և առանձնատան մուտքի դռան փականն ու բանալիները առգրավելու մասին արձանագրություններ, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել դրանց կատարման օրվա, ժամի և վայրի վերաբերյալ: Ընդ որում, առգրավման վերաբերյալ կազմված արձանագրությունում որպես ընթերակա նշել է մտացածին անձանց տվյալներ և դրել կեղծ ստորագրություններ:

Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ Դ. Հ.-ն կազմել է նաև դատահետքաբանական փորձաքննություն նշանակելու մասին որոշում, որում ևս մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ: Իր կողմից կատարված կեղծիքները, ինչպես նաև նշված որոշումը դեպքից հետո տևական ժամանակ անց` 31.01.2017թ.-ին կազմած լինելու հանգամանքը քողարկելու նպատակով Դ. Հ.-ն Մասիսի քննչական բաժնի` ելքի փաստաթղթերի գրանցման գրքում նշել է, թե իբր, դատահետքաբանական փորձաքննություն նշանակելու մասին հիշյալ որոշումը ելքագրվել է 09.01.2017թ.-ին: Այնուհետև 2017 թվականի փետրվարին այցելել է Արարատի մարզի Նորաբաց գյուղ, որտեղ կազմել է վկաների հարցաքննության արձանագրություններ, որոնցում ակնհայտ կեղծ գրառումներ է մտցրել, թե, իբր, դրանք կազմվել են 30.12.2016թ.-ին` գողության դեպքից երկու օր հետո:

Բացի այդ, Դ. Հ.-ն մատնադրոշմային փորձաքննություն նշանակելու մասին որոշումը տուժողին օրենքով սահմանված ժամկետում չծանոթացնելու հանգամանքը քողարկելու համար 30.01.2017թ.-ին կազմել է արձանագրություն, որում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել, թե, իբր, հենց փորձաքննության նշանակման օրը` 19.01.2017թ.-ին, որոշումը ծանոթացրել է տուժողին:

Իսկ 2017թ. փետրվարին` քրեական գործով վկայի հարցաքննության ընթացքում տեղեկանալով, որ վերջինս տուժողի տան դիմաց նկատել է կասկածելի ավտոմեքենա, Դ. Հ.-ն նրան դեպքից տևական ժամանակ անց հարցաքննելու և մատնանշված ավտոմեքենայի` գողության դեպքի հետ առնչությունը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ անհետաձգելի միջոցառումներ չիրականացնելու հանգամանքները թաքցնելու նպատակով` վկայի հարցաքննության արձանագրությունում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, թե իբր, վերջինս գողության դեպքի օրը գտնվել է տանը և տուժողի տան մոտ կասկածելի ավտոմեքենաներ չի նկատել:

Դ. Հ.-ն ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել նաև  գողության կատարման մեջ կասկածվող անձանց հեռախոսահամարների վերծանումների զննության արձանագրությունում` նշելով, թե, իբր, գործողության կատարմանը ներկա են գտնվել երկու ընթերականեր, ինչպես նաև դրել է կեղծ ստորագրություններ:  

Բացի այդ, Դ. Հ.-ն, ստանալով գողության կատարման մեջ կասկածվող անձանց բնակարաններում խուզարկություններ կատարելու թույլտվության մասին դատարանի որոշումները, կազմել է խուզարկությունների կատարման վերաբերյալ 3 կեղծ արձանագրություններ, թե, իբր, նշված անձանց բնակարաններում խուզարկություններ է կատարել, սակայն դրանցում ոչինչ չի հայտնաբերել: Միաժամանակ, նշված արձանագրություններում որպես ընթերակա նշել է մտացածին անձանց տվյալներ և դրել կեղծ ստորագրություններ:

Այսպիսով, Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի նախկին ավագ քննիչ Դ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել 5 տարբեր դրվագներով պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ (1)

Արամ
Այն որ քննիչը կեղծիք է կատարել զարմանալի չէ:Օրինակ ինձ հետ առնչված բոլոր քննիչներն էլ առանց վարանելու կեղծել են փաստերը և մնացել անպատիժ: Իմ բազմամյա փորձը ցույց է տվել որ քննիչը կեղծում է միայն հսկող դատախազի անմիջական ցուցումով...հավատացեք որ այդ վախկոտ շնիկները երբեք չեն կեղծի իմանալով որ իրենց հսկում է դատախազը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter