Չորեքշաբթի, 21 փետրվարի

«Տարոն-Ավիան» սպասման մեջ է



Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորվող «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը սպասման մեջ է: Այս տարի օպերատորը շատ քիչ թռիչքներ է կատարել. մինչեւ հունվարի 14-ը իրականացրել է Երեւան-Մոսկվա («Վնուկովո»)-Երեւան չվերթը, ապա կանգ առել: Հիշեցնենք, որ անցյալ տարի ընկերությունը Գյումրուց թռչում էր նաեւ Կրասնոդար, Սամարա, Մոսկվա («Դոմոդեդովո»):

Ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ իրավասու չէ պատասխանել, թե ինչու թռիչքներ չեն իրականացնում, փոխարենը, ի պատասխան հարցին, թե արդյոք պետք է առաջիկայում սպասել թռիչքների վերագործարկման, ասաց, որ հույսով սպասում են: Որպես հավանական ժամկետ նշեց ամառային աերոնավիգացիոն սեզոնի մեկնարկը, այսինքն՝ մարտի վերջը:

Այս ֆոնին տարօրինակ է ընկերության պաշտոնական կայքում եւ ֆեյսբուքյան էջում լռությունը: Առաջինում, մասնավորապես, մինչ այժմ նշված է, որ ձմեռային չվացուցակով (2017-ի հոկտեմբերի 29-ից մինչեւ 2018-ի մարտի 24) կատարվելու են Գյումրի-Կրասնոդար, Գյումրի-Սամարա եւ Երեւան-Մոսկվա չվերթներ:

Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարեվերջին տեղեկություններ տարածվեցին ընկերության գործունեության հնարավոր դադարեցման մասին, սակայն «Տարոն-Ավիան» պաշտոնապես հայտարարեց, որ շարունակում է իր բնականոն գործունեությունը. «Ավիաընկերությունը, հաշվի առնելով ձմեռային չվացուցակի առանձնահատկությունները, 2018 թվականի հունվարի 15-ից հետո կնվազեցնի իր չվերթների հաճախականությունը: Ցանկանում ենք նշել նաեւ, որ տարածված տեղեկատվությունը, որ ավիաընկերությունը դադարեցնում է գործունեությունը, չի համապատասխանում իրականությանը»: Այդուհանդերձ, փաստ է, որ ամսի 15-ից ներառյալ ավիափոխադրողը ոչ թե նվազեցրել է թռիչքները, այլ ուղղակի չի թռչում:

«Տարոն-Ավիան» երկարատեւ փորձերից հետո միայն անցյալ տարի բարձրացավ հայկական երկինք: Ընկերությունը ապրիլից սկսեց շահագործել Գյումրուց դեպի Կրասնոդար, Սամարա եւ Դոնի Ռոստով ուղղությունները: Հունիսից օպերատորը տվեց նաեւ Գյումրի-Մոսկվա թռիչքների մեկնարկը: Աշնանը դեպի Ռոստով թռիչքները դադարեցվեցին, փոխարենը նոյեմբերից «Տարոն-Ավիան» արդեն Երեւանից սկսեց թռչել Մոսկվա: 

Ընկերության մուտքը կարեւոր իրադարձություն էր հատկապես «Շիրակ» օդանավակայանի համար, որտեղ 2016-ի դեկտեմբերից գործում էր միայն «Աէրոֆլոտի» դուստր «Պոբեդան»: Վերջինս Մոսկվա («Վնուկովո»)-Գյումրի-Մոսկվա թռիչքները շարունակում է նաեւ այսօր՝ չունենալով մրցակից: Մյուս կողմից՝ ավելորդ չէ հիշեցնել, որ ներկայում Հայաստանում փոխադրումներ են կատարում միայն «Տարոն-Ավիան» ու «Արմենիա» ավիաընկերությունը, ինչը շատ քիչ է մի ամբողջ երկրի համար:

«Տարոն-Ավիայի» յուրահատկությունն այն է, որ դրա սեփականատեր Գառնիկ Պապիկյանն ամենամեծ թվով (4 հատ) մարդատար ինքնաթիռ ունեցողն է Հայաստանում, բայց օդանավերը հիմնականում արտերկրում են շահագործվում, քանի որ ավիատորը չի շտապում դրանք մտցնել հայկական շուկա: Այսպես՝ «Տարոն-Ավիայի» անունով գրանցված երկու «Boeing 737-500»-ները (EK-73775 եւ EK-73772) 2015-ից վարձակալման են տրվել սուդանական «Badr Airlines»-ին ու Աֆրիկայում թռչում են մինչեւ հիմա: Սրանք նախկինում շահագործում էր Միխայիլ Բաղդասարովի «Արմավիան»:

EK-73775-ը՝ Վաուի (Հրվ. Սուդան) օդանավակայանում (15.05.2017)

EK-73772-ը՝ Ամմանի (Հորդանան) օդանավակայանում (16.12.2017) 

Գյումրիից իր թռիչքներն ընկերությունը սկսեց մեկ այլ «Boeing 737-500»-ով՝ EK-73797-ով, որն անվանակոչվեց «Մհեր Մկրտչյան»: Նախկինում այն օգտագործում էր «Էյր Արմենիան», սակայն սեփականատերն էլի Գ. Պապիկյանն էր: Այս պահին «Մհեր Մկրտչյանը» կանգնած է «Շիրակում»:

Իսկ ահա չորրորդ օդանավը (նույնպես «Boeing 737-500», EK-73776), որը նախկինում շահագործում էր «Արմավիան», իսկ հետո երկար ժամանակ կանգնած էր Լեհաստանում, Պապիկյանը ձեռք էր բերել, ըստ էության, անցյալ տարի: Այն հայ հասարակությանը ներկայացվեց օգոստոսին իբրեւ «Արամ Խաչատրյան»: Օդանավը Հայաստան բերելը պայմանավորված էր թռիչքների ցանցի ընդլայնմամբ:

EK-73776-ը՝ «Զվարթնոցում» (17.11.2017)

Բայց հիմա, երբ այստեղ «Տարոն-Ավիան» ժամանակավոր պարապուրդի մեջ է, «Արամ Խաչատրյանը» նույնպես ուղարկվել է Աֆրիկա:

Կարճ ասած՝ հայկական ընկերության 4 օդանավերից մեկն անգործ է, իսկ մյուս 3-ը աֆրիկյան խոպանում են. լավ ժամանակների հույսով:      

Գլխավոր լուսանկարում՝ «Շիրակում» կայանված «Մհեր Մկրտչյանը» (ավիաընկերության ֆեյսբուքյան էջից)


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ