HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբանների անկախությանը սպառնացող վտանգ. գործադուլները կշարունակվեն

6 ամսականից սկսվող հղիության ու 1 օրում օրենքներ ընդունելու մասին

Հարյուրավոր փաստաբանների երկօրյա գործադուլը կշարունակվի նաև հաջորդ շաբաթ՝ փետրվարի 14-ին, 15-ին, 16-ին՝ ի նշան փաստաբաններին տուգանելու մասին օրենսդրական փոփոխությունների: Փաստաբաններն այդ օրերին նույնպես չեն մտնի դատարաններ: Ծայրահեղ միջոց գործադուլը նրանք համարում են անմիջական ազդման և օրինական այլ մեթոդի բացակայության հետևանք:  

Ռեկորդային արագությամբ ընդունված օրենքների փոփոխություններ

Ընդամենը մեկ օրում, այն էլ՝ միայն երկրորդ ընթերցմամբ, երեք դատավարական օրենսգրքերում ընդունվեցին փաստաբաններին ու դատախազներին մինչև 100.000 դրամի չափով տուգանելու մասին դրույթները:  

Ազգային ժողովի պատմության մեջ դատական տուգանքի մասին փոփոխությունները, թերևս, ռեկորդակիր են՝ ամենաարագ ընդունման առումով: Սա այն դեպքում, երբ ԱԺ դարակներում դեռևս փոշոտվում են 5 տարեկան նախագծեր, որոնք այդպես էլ անգամ նիստերի օրակարգ չեն հասնում:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խորհրդական Գևորգ Մկրտչյանը պատմեց, որ գործընկեր փաստաբաններից մեկն անգամ կես կատակ, կես՝ լուրջ առանց առաջին ընթերցման օրենսդրական փոփոխությունները երկրորդ ընթերցման ներկայացնելը համեմատել է հղիությունը միանգամից 6 ամսականից սկսելու հետ:

Ազգային ժողովի կայքում՝ նիստերի օրակարգ բաժնում տեղադրված են քրեական ու վարչական դատավարության օրենսգրքերի փոփոխության նախագծերը, որոնցում որպես ամսաթիվ նշված է այս տարվա փետրվարի 8-ը: Հետաքրքիր է նաև այդ նախագծերի՝ ընդամենը 1-օրյա պատմությունը:

Լուսանկարները՝ ԱԺ կայքից

Դատական տուգանքի մասին դրույթները չկային քաղաքացիական դատավարության օրենսգրքում առաջին ընթերցման ժամանակ: Ստացվում է Կառավարությունը 1 օրում առաջին ընթերցումից հետո փոփոխություն է կատարում, նախագծեր ներկայացնում, 1 օրում քննարկվում է, 1 օրում միանգամից 2-րդ ընթերցում կատարվում: «Նույնիսկ չգիտենք, թե այդ նախագծի փոփոխությունը ինչ տեսք ունի, նույնիսկ նիստերի օրակարգում չկար դա»,-տարակուսում է փաստաբան Գևորգ Մկրտչյանը:

Նման հապճեպությամբ, առանց հիմնավորումների, առանց հանրային քննարկումների օրենսդրական փոփոխություններ կատարելը Գևորգ Մկրտչյանը համարում է արդարադատության նախարարության կողմից սկզբունքի հարց. չստացվեց Դատական օրենսգրքով անցկացնել, անցկացրեցին դատավարական օրենսգրքերով:

Դատախազները բողոքի ակցիա չեն իրականացնի

Այս փոփոխություններով դատարանը կարող է մինչև 100.000 դրամով տուգանել ոչ միայն փաստաբաններին, այլև՝ դատախազներին: Սակայն, ինչպես այսօր հաղորդել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, դատախազները բողոքի ակցիա չեն իրականացնի, թեպետ հիշյալ փոփոխության մասին բացասական կարծիք են տվել:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խորհրդական Գևորգ Մկրտչյանը «Հետքի» հետ զրույցում նշեց. «Մեզ համար պարզ է, թե ում նկատմամբ է կիրառվելու դատական տուգանքը»:

Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Արմինե Ֆանյանի կարծիքով, «թե ինչու դատախազները չեն աղմկում, հասկանալի է: Գործադիր մարմնի մաս են, գիտակցում են, որ այդ լծակը իրենց հետապնդելու համար չէ, որ փորձում են ընդունել: Գիտակցում են նաև, որ դա առաջինը ազդելու է հենց փաստաբանների վրա, այդ իսկ պատճառով դատախազները շատ հանգիստ են, գիտեն, որ սա մեզ լռեցնելու, զսպելու միջոց է, ոչ թե իրենց»:

Ըստ փաստաբանների նման օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն առհասարակ չկար: Վկա այն, որ քաղաքացիական դատավարությունում տարեկան ավելի քան հարյուր հազարից ավելի գործեր են քննվում, սակայն 2-3 կարգապահական վարույթ է լինում: Հետևաբար, փաստաբան Ֆանյանի խոսքով, փաստաբաններին տուգանելու դրույթը իրավաչափ նպատակ հետապնդել դա չի կարող:

Այս փոփոխությունը, ըստ հանրային պաշտպան Արմինե Ֆանյանի, վտանգում է մի ամբողջ ինստիտուտի անկախություն, «ինստիտուտ, որը իրավական պետության հիմքն է, չեմ վախենա այդպես կարևորել փաստաբանական ինստիտուտի գոյությունը: Մեր ժամանակագրությունն էլ է ցույց տալիս, թե փաստաբանությունը որքան է աճել, որքան նաև աճելու տեղ ունի և իր անկախությունը, որ քայլ առ քայլ քրտինքի շնորհիվ է ձեռք բերվել, այժմ մեզանից փորձում են խլել»:

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի դիտարկմամբ, սա այն դեպքն է, երբ օրենքի ընդունմամբ հերքում ենք հասարակական հարաբերությունների ու իրավունքի զարգացման ողջ ձեռքբերումներն, արդի հայ հասարակությանը ետ շպրտում նախնադարյան համայանական կարգեր, երբ որոշման ընդունումը ցեղապետի լիազորությունն էր:

«Այլ երկրների դատարանների հետ համեմատելու եզրեր չկան»

Դատական տուգանքի կիրառման կողմնակիցները վկայակոչում են այլ երկրների փորձը, անգամ նշում՝ կան պետություններ, որտեղ դատավորը կարող է անգամ նիստերի դահլիճից կալանավորման սանկցա տալ փաստաբանին՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Նման համեմատություններին արձագանքելով՝ փաստաբան Վահան Հովhաննիսյանը կարծիք հայտնեց՝ «համեմատելու եզրեր անգամ չկան»: Ըստ նրա, նախ եթե ուզում ենք համեմատել, պետք է սկսենք տվյալ երկրների դատարանների ու մեր դատարանների միջև տարբերություններից: Խոսքը նրա կարծիքով, դատարանների նկատմամբ ունեցած հանրային վստահության մասին է: «Եթե հանրային վստահություն բավարար մակարդակ լիներ մեր դատարանների նկատմամբ, միգուցե մենք այսպես չարձագանքեինք, համոզված կլինեինք, որ սանկցիա կիրառելու մասին որշումները օբյեկտիվ կլինեին: Բայց մեր դատարանների պայմաններում այդ որոշումները լինելու են սուբյեկտիվ»,-ասում է փաստաբան Հովհաննիսյանը:

Փաստաբանը նշեց, որ դեռևս իրավունքի զարգացման ակունքներում է անհատը սկսել գիտակցել, որ տարաձայնության ու վեճի ժամանակ բավարար չի կարող լինել կողմերից մեկի որոշումը, քանզի այն միշտ կլինի սուբյեկտիվ ու կողմնակալ: «Առաջացավ վեճի երրորդ անկյունը: Սա այն անկախ դիտորդն էր, որն ընտրվում էր երկու վիճողների կողմից՝ փոխադարձ համաձայնությամբ ու կամքի ազատ արտահայտմամբ, անկախ և անկողմնակալ, անաչառ ու օբյեկտիվ որոշում կայացնելու համար: Հետզհետե վեճի երրորդ անկյունը ամրագրվեց օրենքով, կայացավ որպես պետական կառույց՝ դատարան»:

Դատավորին սանկցիայի կիրառման լիազորությամբ օժտելով՝ Վահան Հովհաննիսյանը գտնում է, որ ժխտվում է վեճի երրորդ անկյան հասկացությունն ու նշանակությունը: Որոշման կայացմամբ օժտվում է վեճի ելքով շահագրգիռ կողմը, որի պայմաններում սանկցիայի կիրառմամբ վեճի լուծումը միշտ պարունակելու է կողմնակալության եթե ոչ որոշիչ, ապա գրեթե միշտ՝ զգալի տարրեր:

Իրավական խախտումներ

Փաստաբանների նախաձեռնող խումբը վկայակոչել էր «Իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ըստ որի՝ նորմատիվ իրավական ակտի նախագիծն իրավաստեղծ մարմին քննարկման ներկայացնելիս նախագիծ մշակող մարմինը դրան կցում է`

1) իրավական ակտի ընդունման հիմնավորումը …

2) տեղեկանք` oրենքի ընդունման առնչությամբ այլ oրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին.

3) տեղեկանք` իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Վերը նշվածներից որևէ կետ չի ապահովվել

Դատական տուգանքի էությունը

Ըստ օրենսդրական արդեն ընդունված փոփոխությունների, դատական տուգանք կիրառելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և դրա հիման վրա կազմված կատարողական թերթը ուղարկվում է հարկադիր կատարման, եթե ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամովին չի կատարվում: Որոշումը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի կամ վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել համապատասխանաբար վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում: Բողոքարկումը կասեցնում է դատարանի որոշման կատարումը:

Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2019-ի հունվարի 1-ից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter