HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Դպրոցի տնօրենի և աշխատանքից ազատված տնտեսվարի միջև լարվածությունը հասել է դատարան

Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում բնակվող 53-ամյա Կարո Մանուկյանը 1990 թվականից աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես տնտեսվար: Դրան զուգահեռ տարիներ շարունակ մշակել է դպրոցին կից 6500 քառակուսի մետր կազմող հողամասը՝ յուրաքանչյուր տարի դպրոցի բյուջե վճարելով 65 հազար դրամ: Սակայն երբ 2015 թվականի մայիսին դպրոցի նոր տնօրեն է նշանակվել Արմինե Պետրոսյանը, իրադարձությունները այլ ընթացք են ունեցել:

Ըստ Կարո Մանուկյանի՝ Արմինե Պետրոսյանը նշանակվելուց հետո՝ սեպտեմբեր ամսին, առաջարկել է իրեն տարեկան վճարելիք 65 հազար դրամի փոխարեն պահել նրան պատկանող մեկ խոշոր եղջերավոր անասուն և մյուս տարի վերադարձնել նրան: Կարո Մանուկյանը ընդունել է տնօրենի առաջարկը և ամեն ինչ արվել է պայմանավորվածության համաձայն: Հաջորդ տարվա մարտ ամսին, երբ անասունը հետ են վերադարձրել տնօրենին, վերջինս նոր առաջարկություն է արել.

«Դպրոցին կից տարածքում մենք առվույտ ենք մշակում: Երբ հորթին վերադարձրինք նրան, եկավ մեզ ասեց, թե էս տարի էլ պետք ա առվույտի առաջին բերանը հնձենք ու տանք իրան: Բնականաբար չհամաձայնվեցինք, ամբողջ տարին ջրում ենք, մշակում ենք, չարչարվում ենք, որ վերջում տանք իրա՞ն: Այդ ժամանակվանից լարվածություն սկսվեց մեր մեջ»,- պատմում է Կարո Մանուկյանի կինը՝ Ռուզաննա Գրիգորյանը:

Կարո Մանուկյանի խոսքով՝ տնօրեն Արմինե Պետրոսյանը սկսել է կոնֆլիկտային իրավիճակներ փնտրել, շարունակաբար բանավոր նկատողություններ է արել՝ մեղադրելով տնտեսվարին աշխատանքային պարտականությունները չկատարելու մեջ, իսկ 2017 թվականի դեկտեմբերի 5-ին Կարո Մանուկյանը տնօրենի թիվ 92-Ա հրամանով՝ գրավոր նկատողություն է ստացել:

2017 թվականի հոկտեմբերի 26-ին Արմավիրի մարզպետարանից Լուկաշինի միջնակարգ դպրոց գրություն է ուղարկվել, որում մասնավորապես նշվել է՝ «101-ից ավել աշակերտ ունեցող դպրոցներում կրճատում՝ 2,5 հաստիքի չափով»: Լուկաշինի դպրոցն ունի 253 աշակերտ: Գրության մեջ նշվել է նաև, որ «հաստիքների կրճատում իրականացնելիս նախապատվությունը տալ կազմակերպության բնականոն գործունեության համար անհրաժեշտ հաստիքներին»:

Արդյունքում, այս տարվա հունվարի 8-ին դպրոցի տնօրենի թիվ 2 հրամանով՝ Կարո Մանուկյանը ազատվել է աշխատանքից: Նախկին տնտեսվարը պնդում է, որ դպրոցում աշխատելու տարիներին ինքը բարեխղճորեն է կատարել իր աշխատանքային պարտականությունները և ենթակա չի եղել աշխատանքից ազատման: Հատկանշական է, որ սահմանված 2,5 հատիքի կրճատման պարագայում աշխատանքից ազատվել է միայն Կարո Մանուկյանը:

«Իր քրոջը Վանաձորից բերել հասցրել է ստեղ, աշխատանքի է ընդունել, ժամանակին էլ ամուսնուն որպես հնոցապան էր գրանցել: Չեմ հասկանում՝ իրա քույրը կարա Վանաձորից գա հասնի ստեղ աշխատի, իսկ ես իմ հայրենի գյուղում աշխատելու իրավունք չունե՞մ»,- վրդովված ասում է Կարո Մանուկյանը:

Վերջինս այս ամենի մեջ միտումնավորություն է տեսնում և կարծում է, որ այդ ամենը դպրոցին կից տարածքի շուրջ առաջացած լարվածության հետևանքն է: Աշխատանքից ազատվելու հարցով Կարո Մանուկյանը դիմումներ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Գլխավոր դատախազությունից դիմումն ուսումնասիրելու համար այս տարվա հունվարի 12-ին ուղարկվել է Արմավիրի մարզի դատախազություն, որտեղից էլ հունվարի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչությանը հանձնարարվել է ստուգել քրեական գործ հարուցելու առիթի օրինականության և հիմքերի բավարարության հարցը:

Հունվարի 26-ին հայտնի է դարձել, որ Կարո Մանուկյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) նախատեսված հանցագործության հանցակազմի բացակայության հիմքով: Իսկ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեգրված դիմումը ՄԻՊ-ի գրասնեյակից ուղարկվել է Արմավիրի մարզպետարան, որտեղից Կարո Մանուկյանը առայժմ որևէ պատասխան չի ստացել:

Այս ամենից հետո Կարո Մանուկյանը հունվարի 29-ին աշխատանքի վերականգնման և հարկադիր պարապուրդի համար վճարելու պահանջով հայց է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան «Լուկաշինի Հունան Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դեմ: Այս գործով նախնական դատական նիստը նշանակվել է մարտի 13-ին:  

Մեզ հետ զրույցում Լուկաշինի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմինե Պետրոսյանը հերքեց Կարո Մանուկյանի այն պնդումները, թե ինքն է առաջարկել տնտեսվարին դպրոցին կից հողատարածքում պահել իրեն պատկանող խոշոր եղջերավոր անասունը:

«Կարոն է առաջարկել, որ ես ցուլիկ բերեմ, ինքը պահի: Եկավ ասաց՝ մեկ ա, ես իմ անասուններին այդտեղ պահում եմ, մի հատ էլ դու բեր, քոնն էլ կպահեմ: Իսկ 65 հազարը չվճարելու մասին ընդհանրապես խոսակցություն չի եղել»,- նշեց Արմինե Պետրոսյանը:

Մեր այն դիտարկմանը, թե որքանով է տրամաբանական առանց որևիցե շահի պահել ուրիշին պատկանող խոշոր եղջերավոր անասունը, տնօրենը պնդեց, որ այդ քայլը ընդամենը իրենից բարյացակամ վերաբերմունք ստանալու միջոց էր։

«Դա արված էր այն ամենի համար, որպեսզի ես աչք փակեմ նրա՝ աշխատանքից հաճախակի բացակայելու վրա, աչք փակեմ աշխատանքային պարտականությունները չկատարելու վրա»,- ասաց Պետրոսյանը:

Տարածքի շուրջ առաջացած վեճի մասին Արիմնե Պետրոսյանը նշեց, որ այդ հողամասը պատկանում է դպրոցին.

«Երբ 2015 թվականին եկա դպրոց, գաղափար չունեի, որ այդքան տարածք ունի դպրոցը: Ուղղակի ինձնից առաջ վկայականը կորել է անհետևողական աշխատանքի պատճառով, սակայն դա չի նշանակում, որ տարածքը դպրոցին չի պատկանում, դրան հակասող ոչ մի փաստաթուղթ չկա: Պարզապես հիմա ժամանակ չեմ գտնում սեփականությունը կրկին գրանցելու համար»,- ասում է Արմինե Պետրոսյանը:

Սակայն 2017 թվականի ապրիլի 25-ին Կարո Մանուկյանը դիմել էր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ խնդրելով տրամադրել տեղեկանք գույքային իրավունքների առկայության և կազմի վերաբերյալ: Երկու օր անց կոմիտեից պատասխանել են, որ հիշյալ հողամասը հանդիսանում է բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս: Կոմիտեն հայտնել էր նաև, որ այդ անշարժ գույքի նկատմամբ որևէ իրավունքի պետական գրանցում կատարված չէ: Այս փաստը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Լուկաշինի համայնքապետ Կարեն Մկրտչյանը:

Խոսելով Կարո Մանուկյանին աշխատանքից ազատելու մասին՝ Լուկաշինի միջնակարգ դպրոցի տնօրենը հաստատեց, որ իր քույրը այժմ աշխատում է դպրոցում, իսկ ամուսինը աշխատել է՝ որպես հնոցապան:

«Իմ քույրը Վանաձորից տեղափոխվել է Արգավանդ և հիմա ապրում է ծնողներիս հետ: Մեր դպրոցի ներառական հատվածում դաստիարակի հաստիք հայտնվեց, նա էլ բարձրագույն կրթություն ունի, ինչու՞ չհրավիրեի նրան: Հիմա էլ ամեն օր պարտաճանաչ աշխատանքի է գալիս: Իսկ ինչ վերաբերում է ամուսնուս, ապա նա 20 տարի աշխատել է ներքին զորքերում, թոշակը լրանալուց հետո աշխատանք չուներ: Իրան 4 ամիս՝ 2015-ից դեկտեմբերից մինչև 2016-ի մարտ պայմանական վերցրել եմ աշխատանքի, որից հետո ազատվել է աշխատանքից և հիմա կրկին աշխատում է ներքին զորքերում»,- պատմեց Արմինե Պետրոսյանը:

Մեր այն հարցին, թե ինչու է սահմանված 2,5 հաստիքի կրճատման պարագայում աշխատանքից ազատվել միայն Կարո Մանուկյանը, Արմինե Պետրոսյանը ասաց հետևյալը.

«Մտադիր էի Կարոյին կես դրույքով պահել աշխատանքի, սակայն աշխատանքի հանդեպ նրա ցուցաբերած վերաբերմունքը ինձ այլ ելք չթողեց: Դպրոցում ոչ մի գործ չէր անում, պարտականությունները չէր կատարում: Իսկ մյուս աշխատողներին պահելու համար դասղեկական դասարաններ ունեցող ուսուցիչների աշխատավարձերը կրճատել եմ 10%-ով: Ամեն ինչ եղել է համաձայնեցված, որպեսզի մյուսները չկորցնեն աշխատանքը,- ասաց Արմինե Պետրոսյանը և եզրափակեց,- տեղյակ եմ որ, գործը դատարան է տվել: Նա չի կարող վերականգնվել, ոչ թե նրա համար, որ ես չեմ ուզում, այլ նրա համար, որ նա չի համապատասխանում տնտեսվարի պաշտոնին»:

գլխավոր լուսանկարը՝ Lուկաշինի դպրոցի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter